Խորհրդաժողովին մասնակցում են Հայաստանի եւ սփյուռքի շատ ու շատ ճանաչված դեմքեր։ Մեր թղթակից Սերգեյ Գալոյանը խնդրեց մասնակիցներից մի քանիսին գնահատել խորհրդաժողովի ընթացքը։
Հայազգի ճանաչված նկարիչ Ռիշար Ժերանյանը, որը եղել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հիմնադիրներից մեկը, ափսոսանքով հայտեց, որ համահայկական առաջին խորհրդաժողովը որեւէ արդյունք չտվեց։ «Այս մեր հանդիպումից մեկ բան կպահանջեմ, որ խնդիր դրվի կոմիտե կազմակերպելու։ Կամ կոմիտե պիտի ստեղծվի, կամ մեկ այլ կազմակերպություն, որովհետեւ արտաքին գործոց նախարարությունն այլ խնդիրներ է իրականացնում, ավելի շատՙ պետական խնդիրներ»։
Բեյրութից ժամանած ճարտարապետ Մկրտիչ Պուլտուքյանը հաղորդեց. «Երկրորդ անգամ է, որ կմասնակցիմ հայկական խորհրդաժողովին։ Ես կուզենամ հստակ ճշտել, թե 10 տարի, 20 տարի եւ ավելի տարիներ անց մենք ինչ զարգացումներ պիտի ունենանք։ Ընդհանուր արտահայտություններեն, ընդհանուր դատողություններեն մենք պիտի կարողանայինք անցած երկուքուկես ավելի տարվա ընթացքին կոնկրետ աշխատանքներ ընել, մանրամասնություններով պիտի մշակվեր եւ համադրվեր ամեն ինչ»։
Վրաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միության վարչության նախագահ Գեւորգ Սնխչյանը համոզված է, որ այսպիսի ամեն մի համաժողով հսկա ազդակ է սփյուռքում, թեկուզ ամենամոտ սփյուռքում ապրող հայության համար, որովհետեւ համազգային աջակցության ամեն մի դրսեւորում ավելի է ամրացնում դրսում ապրող հայերի ոգին։ «Անշուշտ, շատ կարեւոր է ամեն մի սփյուռքահայ գաղթօջախի կյանքի նրբությունները հաշվի առնելը, որովհետեւ պետք է ընդունենք, որ մենք ապրում ենք ուրիշ, ոչ հայկական պետության մեջ, ուրիշ երկրների օրենքներով»։
Հայ-կանադական համատեղ ձեռնարկությանՙ «Գրանդ տոբակոյի» նախագահ, ճանաչված գործարար Հրանտ Վարդանյանը լավատեսորեն էր հետեւում խորհրդաժողովի աշխատանքներին։ «Ես կցանկանայի, որ այս խորհրդաժողովի ժամանակ կարողանանք աշխատանքային բոլոր մեխանիզմներն ու ենթակառուցվածքները հստակեցնել, եւ խորհրդաժողովից խորհրդաժողով ընկած ժամանակում իրական, ռեալ աշխատանք կատարել։ Մենք պարտավոր ենք ստեղծել տնտեսապես հզոր Հայաստան, որով պիտի հպարտանա ե՛ւ տեղացին, ե՛ւ Արցախի մեր հայը, ե՛ւ սփյուռքահայը։ Սա է մեր միակ ճանապարհը։ Այլապես մենք կարող ենք ոտնատակ գնալ։ Սփյուռքահայ մեր բարեկամները, գործարարները ներդրումներ անելու համար երաշխիքներ են ուզում ունենալ։ Դա բնական է։ Եվ բնական պետք է լինի մեր իշխանությունների կոնկերտ գործունեությունն այդպիսի երաշխիքներ ստեղծելու համար»։
Սիրիայում եւ Հորդանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Լեւոն Սարգսյանը կարծում է, որ աշխատանքային խմբերում կոնկրետ ծրագրեր կմշակվեն եւ կորոշվեն դրանց իրականացման ուղիներըՙ հաշվի առնելով, իհարկե, մեր հնարավորությունների սահմանները։ «Նախկինում, ասում է դեսպանը, խորհրդային ժամանակներում հայրենիքը շատ էր օգնում սփյուռքինՙ հատկապես կրթության եւ մշակույթի բնագավառներում։ Այսօր մենք սփյուռքից անչափ շատ բան չպիտի պահանջենք, որովհետեւ սփյուռքն էլ դեռեւս չլուծված խնդիրներ ունի»։ Արդեն 9 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող դեսպան Լեւոն Սարգսյանը բարձր է գնահատում սիրիահայ համայնքի դերը։ Սակայն սփյուռքը շատ բազմաբնույթ եւ բարդ ասպարեզ է, եւ ամեն մի գաղութ պետք է գնահատվի նրա առանձնահատկությունները հաշվի առնելով... Լեւոն Սարգսյանն այս խորհրդաժողովի նպատակներից մեկն է համարում ոչ միայն հայրենիք-սփյուռք կապերի հաստատումը, այլեւ լուրջ աշխատանքային ծրագիր պետք է մշակվի սփյուռքի առանձին գաղութները միմյանց մերձեցնելու համար։
Այս խորհրդաժողովն, անշուշտ, ելակետային շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ ԼՂՀ-ի համար։ Այս իմաստով խորհրդանշական էր ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, որ ԼՂՀ-ում ներդրված ամեն մի լումա աշխատելու է խաղաղության օգտին։
Քննարկումներին ակտիվորեն մասնակցում էր նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որը սիրով համաձայնեց զրույցի։
¬ Մեծ գործ է կատարվել,¬ ասաց ԼՂՀ վարչապետը,¬ աշխարհի 50-ից ավելի երկրներից հայերին միասնաբար նստեցնելը հեշտ գործ չէ։ Անչափ շահագրգիռ քննարկումներ եղան այն բոլոր հարցերի շուրջ, որոնք համազգային նշանակություն ունեն։ Իհարկե, դժվար է մի փոքր լսարանում 300 մարդու միջոցով բոլոր տեսակի հարցերը լուծել։
ԼՂՀ վարչապետը նշեց, որ այս մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայրենի եւ սփյուռքահայ գործարարների հետ, քննարկել բարեգործական մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են Արցախի սոցիալ-տնտեսական եւ կրթական, մշակութային ոլորտներին։ Նա կարծում է, որ ներդրումների արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա։
Ուրիշ շատ հանդիպումներ եւ հարցազրույցներ եղան երկրորդ խորհրդաժողովի ժամանակ, հետաքրքրական հանդիպումներ, որոնք ժամանակ անց կներկայացնենք։