Երեւանյան երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում, որն անցկացվում է մայիսի 5-ից մինչեւ հունիսի 14-ը, տեղի ունեցավ հանրապետության վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը։
1961 թվականից ցայսօր երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանը։ Նրա ղեկավարության օրոք առաջնակարգ այդ կոլեկտիվն, ի փառս հայրենյաց մշակույթի, աշխարհի բազում ծագերում ներկայացրեց կոմիտասյան անզուգական երգը, հայ, ռուս, արեւմտաեվրոպական խմբերգային արվեստի գանձարանի մեծ ու փոքր կտավի նմուշներ։ Երգչախմբի պատկառելի արխիվում ամփոփված են ԽՍՀՄ հանրապետությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունաստանի մամուլում տեղ գտած հիացական կարծիք-բնութագրեր կոլեկտիվի հյուրախաղերի մասին։ Նրա կենսագրության մեջ նշանակալի տեղ ունեն նաեւ իր կատարողական բարձր արվեստը վավերագրած բազմաքանակ ձայնասկավառակները (հռչակված «Մելոդիա» ֆիրմա, Մոսկվա), որոնցից մեկը ժամանակին Փարիզում արժանացել է Գրան Պրիի։
«Զարմանահրաշ խմբավար է Հովհաննես Չեքիջյանը. լսելով նրա ղեկավարած երգչախումբը, հոգու այնպիսի մի աննկարագրելի խրախճանք եմ զգում, որ չեմ կամենում երգն ավարտվի։ Դա մեծ, բացառիկ տաղանդի արդյունք է», կապելլայի լենինգրադյան հյուրախաղերից մեկի ժամանակ գրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհաճանաչ դիրիժոր Եվգենի Մռավինսկին։ Խոսելով Հ. Չեքիջյանի մասին, շատերն են նշել նրաՙ խմբավարի անզուգական տաղանդը, բեմական վառ, երբեմն մոգական ձգողականության արտիստական հմայքը։ «Մարդ, որը բեմում փայլատակում է կայծակի նմանՙ անվերապահորեն իրեն ենթարկելով երգչախումբը։ Խմբավար, որի երգչախումբն առանձնանում է եւ ապշեցնում տեխնիկական փայլուն կատարմամբ, բարձր գեղարվեստականությամբ»,- 1974 թ. փարիզյան համերգներից հետո գրել է «Ֆիգարո» թերթը։ Իսկ Ջուլիարդի հանրահայտ լարային քառյակը 1965-ինՙ երեւանյան իր հյուրախաղերի ժամանակ ունկնդրելով կապելլայի համերգը, «Երեկոյան Երեւան» թերթին է հանձնել իր տպավորությունը. «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը միջազգային ամենաբարձր մակարդակին համապատասխանող կոլեկտիվ է, որ պատիվ կբերի աշխարհի մշակութային ամենազարգացած երկրին»։
Հովհաննես Չեքիջյանիՙ հայ խմբերգային արվեստին ի նպաստ բերած անմնացորդ բարձր ծառայության մասին կարելի է խոսել երկար եւ փաստագրական իրազեկությամբ։ Նրա կյանքըՙ 40 տարիներ ի վեր XX դարի երկրորդ կեսի աշխարհի լավագույն երգչախմբերից մեկին նվիրաբերած ստեղծագործական սխրանք է։
Այդպիսին է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի եւ նրա ղեկավարի անցած ստեղծագործական բովանդակ ճանապարհի վավերապատկեր նկարագիրը։
... Երգչախումբն իր էությամբ կայուն կազմ ունեցող կոլեկտիվ չէ եւ ենթարկված է պարբերաբար փոփոխվող կադրերի հոսքին։ Հանգամանք, որն, անշուշտ, մեծապես դժվարացնում է խմբավարի ստեղծագործական գործունեությունը։ Սակայն երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգն հավաստեց, որ մաեստրո Չեքիջյանը հնարավորինս զորու է պահպանել երգչախմբի փայլուն ավանդույթներն անգամ երգիչների կազմի փոփոխման պարագայում։ Սոպրանոների զրինգ, տենորների թավշյա, ալտերի մուգ-հագեցած, բասերի խրոխտ եւ անսամբլի առումով միաձույլ հնչողությունը, բառի ու երաժշտության իմաստային-պատկերային հույժ արտահայտիչ մատուցումը, նրբինից մինչեւ զորեղ երաժշտական մարմնավորումըՙ այսպիսի մեկնաբանմամբ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հնչեցին ծրագրում ներկայացված բոլոր ստեղծագործությունները։
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարողացանկը հարստացավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի եւս մի երկով։ «Ռեքվիեմ»-ի եւ «Ave Verum»-ի շարքում տեղ գտավ նաեւ կոմպոզիտորի B-bur Messa-ն։ Հիշատակած համերգում այն Հայաստանում հնչեց առաջին անգամ։ Մենակատարներն էին Սեդա Օդաբաշյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Սուրեն Զուրաբյանը, Սամվել Գրիգորյանը։
Կապելլայի հոգեւոր երգացանկում առանձնանում է Այտինյան-Բեոմի «Հանդիսավոր պատարագը»։ Ուշագրավ է երկի ստեղծման պատմությունը։ Հեղինակըՙ նշանավոր հայագետ հայր Արսեն Այտինյանը եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայրը։ Երաժշտական փայլուն կրթությունը հնարավորություն է ընձեռել նրան գրելու քառաձայն երգչախմբի համար հիշյալ Պատարագը։ Սակայն նվագախմբային գործիքավորումը ու պարտիտուրը ստեղծել է կոմպոզիտոր Հ. Բեոմը։ «Հանդիսավոր պատարագի» պրեմիերան մեծ հանդիսությամբ կայացել է Վիեննայում 1887 թվականին։ Երեկ համերգում ստեղծագործության հատվածները երգչախմբի կատարմամբ հնչեցին պատեհ զուսպ քնարականությամբ, գեղեցիկ հնչերանգի մեղեդային ձայնատարությամբ։ Մեներգեց Թամարա Դադոյանը։
Հոգեւոր հատուկ տրամադրությամբ էր օծված նաեւ «Միայն Սուրբ, միայն Տեր...» հատվածը Արա Պարթեւյանի «Օրատորիայից»ՙ երգչախմբի եւ մենակատար Կարինե Ավետիսյանի կատարմամբ։
Համերգի ներքին դրամատուրգիկ եւ իմաստային զարգացման վերընթացի մեկնակետը հանդիսացավ Գրիգոր Հախինյանի «Սայաթ-Նովա» կանտատի փայլուն կատարումը։ Մենակատարՙ Զեմֆիրա Դանիելյան։ Հայ երաժշտության բնագավառում տվյալ ժանրի երեւելի նմուշներից մեկն է Հախինյանի կանտատը, որը կապելլայի վառ ու առինքնող հնչեցմամբ մշտապես գրավում է հանդիսականին։ Եռամաս վոկալ-սիմֆոնիկ այս կտավը (առաջին մասը ներշնչված է Եղիշե Չարենցի, երկրորդըՙ Հովհաննես Շիրազի, երրորդըՙ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով) հայրենաշունչ անկեղծ պաթոսով համակված երկ է, որ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչել է աշխարհի տարբեր ծեգերումՙ ԽՍՀՄ հանրապետություններով ներառյալ։ Քիչ է ասել, որ հայ երաժշտական եւ պոետիկ տաղանդավոր դրսեւորման այս սքանչելի ստեղծագործությանը ունկնդիր են եղել Ռուսաստանում եւ Ադրբեջանում, Միջին Ասիայում եւ Մերձբալթիկայում, Ֆրանսիայում եւ Լեհաստանում, Չեխոսլովակիայում (թվարկումը կարելի է երկար շարունակել)։ Հովհաննես Չեքիջյանի նաեւ այս ստեղծագործության կատարման շնորհիվ, փաստորեն, աշխարհի տարբեր երկրների հազարավոր այլազգիներ շատ եւ շատ դեպքերում առաջին անգամ են լսել հայ երգն ու բառը, առաջին անգամ են հաղորդակցվել հայ խմբերգային արվեստ հասկացությանը։ Եվ աշխարհի տարբեր ծեգերում ականատես ենք եղելՙ հարյուրավոր աշխարհասփյուռ հայեր, դահլիճում նստած, ծածուկ սրբել են կարոտաբաղձ արցունքները... Հովհաննես Չեքիջյանիՙ հայ արվեստագետի արժանապատվորեն կատարած բարձրարվեստ առաքելությունն է դա։
«Տաղով եկավ, տաղով մնաց, երգով եկավ, երգով մնաց Սայաթ-Նովան», հնչում են կանտատում Հովհաննես Թումանյանի խոսքերը։ Այո, տարբեր մարդիկ տարբեր ձեւով ու նպատակներով են «գալիս» եւ «մնում»... նաեւ նրանք, ովքեր ճգնում են պղտորել իրենց իսկ խմած աղբյուրը։ Հայ երաժշտարվեստը միջազգային համայն երաժշտասեր հանրության առջեւ չորս տասնամյակ ներկայացնող Հովհաննես Չեքիջյանը աներկբայորեն երգով եկավ ու երգով մնաց։ Ի փառս հայրենյաց մշակույթի եւ իր ժողովրդի։
... Իսկ խնդրո առարկա համերգի ապոթեոզը հանդիսացավ Արամ Խաչատրյանի «Ձոն խնդության» կանտատըՙ գրված երգչախմբի, նվագախմբի, չորս տավիղների ու մենակատարի համար։ Տոկուն ու լուսավոր կենսոլորտով ողողված այս կտավը Հովհաննես Չեքիջյանի մեկնաբանմամբ հնչեց որպես միաձույլ երաժշտական կառույց իր հարուստ գունային ներկապնակով։ Մենակատարը Լիլիթ Գրիգորյանն էր։
Հարկ է նշել, որ իր բարձրության վրա էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նուրբ նվագակցող լինելով հանդերձ, պատեհ նվագամասերում հնչեց որպես առաջատար solist։
Այսպես, երեւանյան երաժշտական միջազգային չորրորդ փառատոնը շարունակում է իր ներկայանալի ընթացքը։ Եվ այդ ճանապարհին իր անզուգականությամբ կրկին փայլեց Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու