Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» խաղարկության 11-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գավաթակիրների թվում հայտնվեցին նաեւ լեգեոներներ։ Մինչ գավաթի ընթացիկ խաղարկությունը լեգեոներներից միայն Դեդե Թամբուրան էր հանդես եկել եզրափակիչում։ 1998 թ. նա «Երեւանի» կազմում մասնակցեց «Ցեմենտի» հետ եզրափակիչ հանդիպմանը, որում երեւանցիները պարտվեցին (1¬3)։ Իսկ ահա, «Փյունիկի» լեգեոներների համար գավաթի եզրափակիչ հանդիպումը երջանկաբեր էր։ «Փյունիկի» 8 լեգեոներներՙ դարպասապահներ Անդրանիկ Ղարագյոզյանը, Ռուսլան Լյաշչուկը (նա հեռացել է «Փյունիկից»), պաշտպաններ Ալու Տրաորեն, Խոսե Բիլիբիոն, կիսապաշտպաններ Ալեքսանդր Ստեւանովիչը, Միգել Սիստերան, Սանդրո Ալբերտո Սանչեսը եւ հարձակվող Մամադու Դիավարան դարձան ՀՀ գավաթակիրներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով նպաստեց թիմի ընդհանուր հաջողությանը։ Հատկապես աչքի ընկավ Մամադու Դիավարանՙ խփելով 6 գնդակ։ Սա լեգեոներների շրջանում լավագույն ցուցանիշն է։ Մինչ այդ, լեգեոներներից գավաթային խաղերում բոլորից շատ գնդակ էր խփել Դեդե Թամբուրան (5 գոլ)։ 3 գոլի հեղինակ է Անդրեյ Բուլանովը։ Իրենց հաշվին մեկական գնդակ են գրանցել Ռամոն Մենդեզը, Մարսելո Դելանին, Սանդրո Սանչեսը, Էմանուել Էյզուկամը, Ալեքսանդր Անտիպենկոն եւ Ռոման Սերենկովը։
Եվ իհարկե, ուշադրության է արժանի այն փաստը, որ առաջին անգամ Հայաստանի գավաթակրի «ղեկին» օտարերկրացի մասնագետ էրՙ արգենտինացի Օսկար Լոպեսը։