Մայիսի 29¬30-ը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական նիստը։
Երկօրյա նիստերի ընթացքում ԳՀԽ-ը քննարկեց մի շարք եկեղեցական ներքին հարցեր։
Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, որի օծումը կատարվել է 303 թվականին, եկող տարի բոլորում է իր 1700-ամյակը։ Այս առիթով ԳՀԽ-ն առաջարկեց պատշաճ կերպով նախապատրաստվել Մայր տաճարի նավակատիկի հոբելյանին։
Անդրադառնալով Հայ եկեղեցու կանոնադրության խնդրին, ԳՀԽ-ը անհրաժեշտ գտավ շարունակել կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքները։
Կարեւոր նկատվեց միաբանների պատրաստվածության եւ նրանց ուսումնառության հարցը։ Տեղեկացվեց, որ ներկայումս 11 երիտասարդ միաբաններ շարունակում են հոգեւոր կրթություն ստանալ արտերկրի տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում։ Առաջիկայում նրանց կմիանան եւս 8 միաբաններ։
Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամներն իրենց տպավորությունները կիսեցին նաեւ մայիսի 27¬28-ը տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» համահայկական երկրորդ համաժողովի վերաբերյալՙ բարձր գնահատելով համայն հայությանը միավորող ու մայր հայրենիքի զորացմանն ուղղված համաժողովի աշխատանքները։
Վեհափառ հայրապետին նախապես տեղեկացրած լինելով, նիստի աշխատանքներին չէին կարողացել իրենց մասնակցությունը բերել ԳՀԽ-ի ատենապետերըՙ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի հայոց պատրիարքները։ Նիստը ատենապետեցին ժողովին ներկա ԳՀԽ ավագագույն անդամներըՙ Տ. Զավեն արք. Չինչինյանը եւ Տ. Վաչե արք. Հովսեփյանը։