Հրեաների դեմ անզոր ռուս նացիոնալիստները հալածում են կովկասցիներին
Երեկ մեկօրյա այցով Կրասնոդար մեկնեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունըՙ հանդիպելու երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի, տեղական դումայի նախագահի եւ այլ պատասխանատուների հետ։ Ավելի շուտ, նախանցյալ շաբաթ, Մոսկվայում Տկաչովի հետ հանդիպում ունեցավ (ասում ենՙ նախագահ Վլ. Պուտինի հանձնարարությամբ) Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Հարցը ծանոթ է բոլորինՙ ապրիլ ամսին Կրասնոդարում հայերի եւ նրանց գերեզմանների դեմ կատարված վանդալիզմի դեպքերը, նույնինքն նահանգապետի հրձիգ հայտարարությունները, անօրինականորեն եւ նույնիսկ օրինական գրանցումով Կրասնոդարի երկրամասում բնակվող հայերի արտաքսման սպառնալիքները։ Հարցը, բացի իր հակահայկական բնույթից, լուրջ մտահոգություն է պատճառում Հայաստանի իշխանություններին նաեւ մեկ այլ առումովՙ իսկ ինչ կպատահի, երբ չքավորության հետեւանքով վերջին տարիներին այնտեղ մեկնած հարյուր հազարավոր հայերին արտաքսեն արդեն գործազրկության չարիքներից տառապող Հայաստան։
Ստեղծված տագնապի ներքին ծալքերին փոքր-ինչ այլ հայացք է գցում ստորեւ «Ազգի» Մոսկվայի թղթակից Ռուբեն Հայրապետյանը։
Կրասնոդարի իրադարձություններն անտարակույս նոր «էջ» են բացում ՌԴ ներգաղթի քաղաքականության մեջ։ Կարդալով Ռուսաստանի լիբերալ մամուլը, կարելի է ենթադրել, թե ռուս հասարակայնությունը ցասումնալից դատապարտում է հակակովկասյան «ֆաշիստամետ», «շովինիստական», «ռասիստական» եւ մյուս «ծայրահեղական» գործողությունները։ Բայց այդպե՞ս է իրականում։
Հայաստանում ամենայն հավանականությամբ հնարավորություն չունեն ծանոթանալու ռուս նացիոնալիստական մամուլին։ Ճիշտ է, Ռուսաստանում էլ լայն տարածում չունի, բայց այդուհանդերձ արտահայտում է ռուս (ոչ ռուսաստանյան, դրանք տարբեր հասկացություններ են) հասարակայնության բնավ էլ ոչ փոքր խավի մտայնությունը։
Եվ այսպես, ինչպիսին է տվյալ հանրության վերաբերմունքը ներգաղթողների եւ մասնավորապես մեզ հուզող Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի անձնավորության ու ձեռնարկած խտրական գործողությունների նկատմամբ։ Իհարկե, «դատապարտումների» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Տկաչովը համարվում է ռուսների ազգային շահերի աննկուն պաշտպան, ազգայնորեն մտածող ու ազգայնորեն գործող սկզբունքային քաղաքագետ, նոր տիպի ղեկավար եւ այլն։ Խնդիրը ներկայացվում է այսպես. անդրկովկասյան հանրապետություններն իրենց ագրեսիվ, ռազմատենչ նացիոնալիզմով, հակառուսական գործողություններով հսկայական դեր խաղացին խորհրդային միացյալ պետության քայքայման մեջ։ Ձեռք բերելով «բաղձալի» անկախություն, այդ երկրների նորաթուխ ղեկավարներն այն աստիճան հրապուրվեցին իշխանությամբ եւ ազգային հարստությամբ, որ կարճ ժամանակում ժողովուրդների համար խնդիր դարձավ ոչ թե ապրելը, այլ պարզապես գոյություն քարշ տալը։ Աղքատության եզրին հասած միլիոնավոր անդրկովկասցիների համար սեփական ինքնիշխան պետությունները դարձան անհրապույր ու անհեռանկար, ու նրանք նորեն ուղղվեցին դեպի... Ռուսաստանՙ իրենց նզոված ու փնոված երկիրը, ընդսմին այս անգամ արդեն որպես անկոչ հյուրեր։
Այնուհետեւ ռուս նացիոնալիստական միտքը հետեւյալ հարցն է առաջադրում. ներգաղթողները չարի՞ք են Ռուսաստանի համար, թե՞ բարիք։ Կովկասցիները պնդում են, որ բարիք են նույնիսկ ժողովրդագրական առումով, քանի որ ռուսներն աճ չունեցողՙ մեռնող ժողովուրդ են։ Եթե ընդունենք, որ ձեր ասածի մեջ ռացիոնալ տարր կա, պատասխանում են ռուսները, ապա մեր երկրում ձեր գոյության հարցը պիտի բխի առաջին հերթին մեր շահերից, եւ ոչ թե ձեր։ Այսինքն, Ռուսաստանի լայնարձակ տարածաշրջանները, օրինակՙ Ուրալը, Սիբիրը, Հեռավոր Արեւելքը, Հյուսիսը եւ այլն, իրոք աշխատուժի կարիք ունեն։ Բայց դուք գերադասում եք Մոսկվան, Ս. Պետերբուրգը, բարեկեցիկ ու հարուստ մյուս քաղաքներն ու նահանգները։ Դուք լցվում եք առանց այն էլ խտաբնակ ու բնավ էլ ձեր կարիքը չզգացող հարավային տաք շրջանները...
Եվ հենց այստեղ, այս ֆոնի վրա վեհորեն բարձրանում է կրակոտ հայրենասեր Ալեքսանդր Տկաչովի բոցավառ կերպարը։ Նա «միակն» է ռեալ իշխանություն ունեցող պաշտոնավորների մեջ, որը ոչնչից չվախենալով, բացահայտորեն պայքարում է ներգաղթի դեմ։ Նա «հասկանում է», որ ներհոսքը չսահմանափակելու դեպքում Կրասնոդարին կվիճակվի Կոսովոյի բախտը։ Բազմանալովՙ եկվորները սկզբից կպահանջեն մշակութային ինքնավարություն, որը հետո կվերաճի վարչական ինքնավարության եւ կմնա միայն մի քայլ դեպի քաղաքական անկախությունը։ Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ մեկ-երկու սերունդ հետո Ղրիմը կլինի մուսուլմանական (կարդաՙ թուրքական)։
«Կոսմոպոլիտիզմը ներգաղթի քաղաքականության մեջ, կարդում ենք նացիոնալիստական թերթերից մեկում, կհանգեցնի պատերազմի։ Տկաչովն ու նրա զինակիցները լուսավորյալ օրենսդրական նացիոնալիզմ են դավանում։ Հարկ չկա ռուսական երկրամասերում վերաբնակեցնելու ուրիշ ժողովուրդների. նրանք այնտեղ ապրելու իրավունք չունեն։ Երջանկություն փնտրե՛ք, պարոնայ՛ք, Ռուսաստանի միայն այն վայրերում, որտեղ ձեր կարիքն զգում են»։ Ինչո՞ւ ներգաղթողների արտաքսումը Անգլիայից կամ Լեհաստանից դիտվում է որպես իրավական նորմ, իսկ նույնը Կուբանիցՙ ֆաշիզմ, պաթետիկորեն հարցնում է թերթը։
Բավականին յուրահատուկ է ազգայնական մոտեցումը նաեւ բիզնեսի հարցում։ Կովկասցիները մեղադրվում են, որ տեղացիներին հակադրում են իրենց ազգային, կլանային, ընտանեկան համերաշխությունը եւ չխորշելով ոչ մի անօրինական միջոցից (կաշառք, քրեական ճնշում եւ այլն), գերիշխող դիրքեր են գրավում բիզնեսի առավել եկամտաբեր ճյուղերումՙ առեւտուր, սպասարկում եւ այլն, դրանցից դուրս մղելով բնիկներին։ Ահա եւ այս կապակցությամբ այն միտքն է սրսկվում, որ բիզնեսում կովկասցիների մրցակցային պայքարի «անազնիվ» մեթոդները հակված են խթանելու հակակրանքը նրանց նկատմամբ։ Այսինքնՙ միտումի ուղղագիծը վերընթաց է։ Իսկ ռուսների անբավականության վրա ճնշում գործադրելը միայն կհանգեցնի ողբերգական հետեւանքների եւ չի սահմանափակվի սոսկ սկինհեդների շուկայական ջարդերով։ Այնպես որ բոլոր դեպքերումՙ կեցցե՜ Տկաչովը։
Հետաքրքրական է, որ ռուս նացիոնալիստները, այնուամենայնիվ, ռեալ պայքար ծավալելով կովկասցիների դեմ, ընդունում են իրենց բացարձակ անզորությունը հրեաների հանդեպ գոնե այս հարցումՙ կապված բիզնեսի հետ։ Նրանց քաջ հայտնի են վերջերս հրապարակված տվյալները Ռուսաստանի մեծահարուստների մասին. 7 միլիարդատերերից 5-ը հրեա է (ասում ենՙ վեցերորդիՙ ԼՈՒԿՕՅԼ-ի տիրակալ Վագիտ Ալեքպերովի կինն էլ է հրեա), ընդ որում հինգն էլ պարարտացել են ոչ թե ստեղծարար աշխատանքով (ասենքՙ կառուցել են որեւէ գործարան, կազմակերպել որեւէ արտադրություն), այլ պարզապես վաճառքի են հանել ռուսների ազգային բնական հարստություններըՙ նավթն ու գունավոր մետաղները։ Ի՞նչ է փոխվում, երբ նրանց «ջհուդի մռութ» կամ «սիոնիստ» են անվանում։ Ոչինչ։ Ինչի՞ համար ասվեց այս ամենը։ Բանն այն է, որ, որոշ տվյալներով, նահանգապետ Տկաչովի մայրն էլ հրեա է։ Ես բավարար հիմքեր չունեմ պնդելու այդ փաստը։ Բայց եթե այդպես է, ապա նրա շատ քայլեր դյուրությամբ կարելի է բացատրել։ Առհասարակ ոչ ռուսների ցուցադրական «ռուսասիրությունը» միշտ էլ ուղեկցվել է անողոքությամբ, հրեաներինըՙ հատկապես, նաեւ համապարփակորեն մտածված ու հեռագնա նպատակներով։ Հիշենք, թե ինչպես Հոկտեմբերյան հեղաշրջման պարագլուխները, որոնց բացարձակ մեծամասնությունը հրեաներ էինՙ Լենինից սկսած, «նոր» Ռուսաստան (իհարկեՙ հրեականացված) կառուցելու գործում ինչ դաժանությամբ գլխատեցին ռուսական կրթյալ ազնվականությանը, բարձրակարգ պրոֆեսիոնալ զինվորականությանը, ուղղափառ քրիստոնեությանը։ Իսկ ներկա իրադրությունում եթե հիանալի պայմաններ են ստեղծված կառավարելու եւ թալանելու Ռուսաստանը, ապա ինչու քավության նոխազ չդարձնել ուրիշներին, տվյալ դեպքում կովկասցի ցածրակարգ «սեւաքամակներին»։ Իսկ գիտե՞ք ով է Տկաչովի մոլեռանդ զինակիցներից մեկըՙ երկրամասի ներգաղթի ծառայության ղեկավարը։ Զտարյուն հրեա է։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա