«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ՎՐԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Հայաստանի վարչապետը երկու երկրների համար կարեւորել է աբխազական երկաթուղու շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, անդրադարձել երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հարցում Վրաստանի տարբերակված մոտեցմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, որից տուժում են հայ գործարարները։ Ա. Մարգարյանն անդրադարձել է նաեւ Ջավախքի հայ համայնքի խնդիրներինՙ առաջարկելով Հայաստանի աջակցությունն այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում։

Իր հերթին Ա. Ջորբենաձեն հետաքրքրվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախագծի ճակատագրով, նշելով, որ նախագծի իրականացման գործում Վրաստանի հնարավոր աջակցության հարցը կքննարկվի իր երկրում։ Վրաստանի պետնախարարին հետաքրքրել են նաեւ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Ի պատասխան Ա. Մարգարյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործումն այժմ բավական անվտանգ է, եւ Հայաստանը դրա փակման մասին կարող է խոսել միայն այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ունենալու դեպքում, որի ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած հաղորդագրության, Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են կարեւոր եւ օպերատիվ լուծում պահանջող հարցերը քննարկել եւ լուծել ուղղակի, անմիջական երկխոսության միջոցով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4