«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՉՈՒՆԻ

Խնայում է ժամանակը

Երեկ «Հոկտեմբերի 27»-ի նիստին ներկայացել էր տուժող, ԱԺ պատգամավոր, «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գագիկ Կոստանդյանը։ Նա պատմեց, որ դահլիճ մտնելու պահին է նկատել Կարեն Հունանյանին, որը բղավելով զենքն ուղղել է վարչապետի վրա եւ կրակել։

Տուժողը, լինելով միլիցիայի բարձրաստիճան սպա, իր իսկ խոսքերով, արագ կողմնորոշվելովՙ իր կողքին նստած Սեյրան Ավագյանին եւ Սամվել Ավետիսյանին բղավել է, որ պառկեն։ Իր տպավորությունն այդ պահին այնպիսին է եղել, թե ահաբեկչական գործողությունները կատարում է ադրբեջանական դեսանտը։

Ըստ պրն Կոստանդյանի, Կարեն Հունանյանը, վարչապետի վրա կրակելուց հետո, կրակելով էլ պտտվել է դեպի նախագահությունը։ Այդ պահին Կարեն Դեմիրճյանը փորձել է կանգնել, այդտեղ է տուժողը նկատել Նաիրի Հունանյանի նախագահություն բարձրանալը։

Գագիկ Կոստանդյանը քիչ անց դիմել է Կարեն Հունանյանինՙ ելույթով հանդես գալու համար, իսկ Նաիրի Հունանյանից ստանալով թույլտվությունՙ դիմել է դրսում գտնվողներին, որպեսզի որեւէ գրոհ չլինի։

Ըստ տուժողի, իր կոչը նշանակություն է ունեցել, քանի որ քիչ անց դահլիճում տիրող մթնոլորտը մեղմվել է։ Հետագա գործողություններըՙ ըստ գործի նյութերի։ Հետաքրքրական է, որ Գրիգորի Գրիգորյանի եւ Հայկ Բաբուխանյանի գործողությունների նկատմամբ տուժողի գնահատականը դրական էր, քանի որ, ըստ նրա, նրանց շնորհիվ էր, որ այլեւս զոհեր չեղան։

Դեպքերի ավարտին արդեն Նաիրի Հունանյանը, մեկուսարանի ընտրության հարցում, կարծիք է հարցրել տուժողից, եւ, համաձայն հայտնված կարծիքի, ընտրել ԱԱՆ մեկուսարանը։

Տուժողը նաեւ նշեց, որ զենքերի հանձնման ժամանակ ոչ մի գրանցում չի կատարվել, թե ով որ զենքն է հանձնել։ Մեղադրող կողմն այս կապակցությամբ նշեց, որ գործում նման գրանցում կա։

Գագիկ Կոստանդյանը, կամավոր մյուս 4 անձանցՙ Էդուարդ Մադաթյանի, Դավիթ Հարությունյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Աղվան Վարդանյանի հետ ուղեկցել է ամբաստանյալներին մինչեւ մեկուսարան։ Մեկուսարանի ճանապարհին տպավորությունն այնպիսին է եղել, թե այդ ընթացքում հնարավոր է վրեժխնդրություն զոհերի հարազատների կողմից կամ էլ որեւէ գործողություն կազմակերպիչների կողմից։ Ըստ տուժողի, Նաիրի Հունանյանն այս հարցում նույնակարծիք է եղել եւ առաջարկել է մեկուսարան տանող մեքենայի մեջ նստել պատուհանի մոտՙ որեւէ հարձակման դեպքում հարվածն իր վրա վերցնելու համար։

Պատասխանելով մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերինՙ տուժողը նշեց, որ ցավում է դահլիճում գտնվող այն բժիշկների համար, ովքեր իրենց պարտքը չկատարեցին։ Մինչդեռ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը, որի բժիշկ լինելու մասին տուժողն իմացել է հենց դահլիճում, վիրավորներին լավ էր վերաբերվում։

Երբ հարց տալու իրավունք ստացան ամբաստանյալները, հետաքրքրական է, որ սովորաբար հարցերի որոշակի շարք ունեցող Նաիրի Հունանյանը հարցեր չտվեց. «Հարցեր ունեմ, բայց ժամանակ խնայելու համար չեմ տալիս»։ Մնացյալը նույնպես չունեին հարցեր։ Նիստը կշարունակվի երկուշաբթի։

Մեկ ճշգրտում. «Ազգի» երեկվա համարում «Տուժողներն ու ամբաստանյալները «քննում» են հայ մարդու որակները» հոդվածի III պարբերության մեջ «խորհրդարանական ընտրություններից հետո...» խոսքերի հեղինակն Արամայիս Բարսեղյանն է, եւ ոչ թե Նաիրի Հունանյանը, ինչպես սխալմամբ նշել ենք մենք։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4