«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ԿՍՏԵՂԾՎԻ ԳՈՎԱԶԴԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Իսկ ծխախոտի գովազդը անհրաժեշտ է ընդհանրապես արգելել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարել է 20 օրվա ընթացքում ՀՀ կառավարությանն առաջարկ ներկայացնել «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական լիազորություններն իրականացնող պետական կառույցի ստեղծման վերաբերյալ։ Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հանձնարարականը տրվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ նախագահը։

Ըստ նախարարի, հանձնարարականի առիթ է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ Դրանք նախատեսում են սահմանափակումներ մտցնել զանգվածային լրատվության եւ արտաքին գովազդի միջոցներով ծխախոտի եւ ոգելից խմիչքների գովազդի ոլորտում։ Մասնավորապես, էլեկտրոնային լրատվամիջոցներով ծխախոտի գովազդն առաջարկվել է ընդհանրապես արգելել, իսկ տպագիր լրատվամիջոցներումՙ կարգելվի այդ արտադրատեսակի գովազդը կազմի վրա եւ առաջին էջում տեղադրելը։

Դրանց գովազդը կարգելվի նաեւ պատմամշակութային հուշարձանների եւ օբյեկտների, մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված ժամանցի եւ հանգստի համար նախատեսված վայրերում։ Նախարարը նաեւ նկատեց, որ արտաքին գովազդի միջոցներով ծխախոտի եւ ոգելից խմիչքների գովազդի տարածքի 10 տոկոսը պետք է տրամադրվի դրանց վնասակարության մասին հիշեցնող նյութին։

Նա ընդգծեց, որ այլ մոտեցումներ են որդեգրվել մինչեւ 20 տոկոս թնդությամբ ոգելից խմիչքների գովազդին, քանի որ ապացուցված չէ դրանց վնասակարությանն օրգանիզմի համար։ Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի գովազդին, անհրաժեշտ է ընդհանրապես արգելել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4