ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Աշխատանքային այցով Արցախում են գտնվում կանադահայ մի խումբ հայտնի գործարարներ, որոնք հանրապետություն են ժամանել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալու, տեղի գործարարների հետ կապեր հաստատելու, առաջիկայում տնտեսության մեջ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ըստ ԼՂՀ Արտգործնախարարության Տեղեկատվական եւ վերլուծական վարչության հաղորդագրության, նրանք ծանոթացել են վերջին տարիներին ներդրումների հաշվին հանրապետությունում, մասնավորապես Ստեփանակերտում, ստեղծված ձեռնարկությունների գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին ու իրենց հետաքրքրող մյուս խնդիրներին։
Կանադահայ եւ արցախցի գործարարների համատեղ հանդիպմանը ԼՂՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, վարչապետի խորհրդական Սամվել Հակոբյանը եւ Տորոնտոյի հայ գործարարների միության նախագահ Վազգեն Թերզյանը կարեւորեցին սկզբնավորվող համագործակցության նշանակությունը ԼՂՀ տնտեսության զարգացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գործում։ Նրանք համոզմունք հայտնեցին, որ արդեն մոտ ապագայում կոնկրետ քայլեր կարվեն այդ ուղղությամբ։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։