Այս շրջանակում Վանո Սիրադեղյանը չէր եւ չի տեղավորվում
ՀՀՇ-ի եւ կուսակցության տեսակետներն արտահայտող մամուլի սիրտը մղկտում է. Վանո Սիրադեղյանին մարզային ընտրական հանձնաժողովը չգրանցեց պատգամավորության թեկնածու։ Ե՛վ քաղաքական, ե՛ւ բարոյական, անգամ քրեական տեսանկյունից ՀՀՇ-ի եւ նրա տեսակետներն արտահայտող մամուլի սրտի կսկիծներն արդարացված են. ի վերջո, ինչպիսի անցյալ էլ ունենա «հայկական ժամանակների» գործիչը, հավատարմությունը նախընտրելի է ավելի, քան առնետային վազքը։
Մամուլն արդեն տեղեկացրել է, որ Վանո Սիրադեղյանի «ընտրատարածքում»ՙ 75-ում, պատգամավոր է ընտրվել Բագրատաշենի մաքսատան նախկին պետ Հովիկ Աբովյանը։ Այս ընտրությունը հատկանշական է նրանով, որ իշխանությունների «ընտրած» թեկնածուն պարտություն կրեց։ Սրա մեջ առողջ բան կա, ժողովուրդն ընտրեց իր համար նախընտրելի թեկնածուին եւ կարող է «հատուցում» պահանջել։
1999-ին Վանո Սիրադեղյանը 75 ընտրատարածքում ընտրվել էր պատգամավոր։ Այն ժամանակ Հայաստանում երկիշխանության շրջան էր, լուսահոգի Կարեն Դեմիրճյանն ու Սպարապետ Վազգեն Սարգսյանը, նաեւ այսօր արդեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանն աջակցում էին Վանո Սիրադեղյանին։ Մի քանի ծանր հանցագործությունների մեջ ամբաստանվող Վանո Սիրադեղյանը չէր ընտրվի, եթե նոյեմբերյանցիները չընտրեին։ Չէր ընտրվի անգամ այն դեպքում, եթե Սպարապետը Նոյեմբերյանում կրկներ 1996 թ. սեպտեմբերի սցենարը։
Այն ժամանակ պարտված թեկնածու Իլյիչ Բեգլարյանը, որը պարտվեց նաեւ կրկնակի ընտրություններում, մյուս թեկնածուները, եթե անգամ չշնորհավորեցին Վանո Սիրադեղյանին, ապա մաղձ ու հայհոյանք չէին թափում։ Այսօր Վանո Սիրադեղյանի կուսակիցները, նրա տեսակետներն արտահայտող մամուլը, չգիտես ինչու, ե՛ւ Հովիկ Աբովյանին, ե՛ւ Լեւոն Անանյանին, ե՛ւ Իլյիչ Բեգլարյանին փորձում են վարկաբեկել։ Եթե նույնիսկ Վանո Սիրադեղյանը հնարավորություն ունենար մասնակցելու կրկնակի ընտրություններին, ապա, ամենայն հավանականությամբ, պարտվելու էր, որովհետեւ ժողովրդի համար նախընտրելի է Հովիկ Աբովյանի խոստումը, քան Վանո Սիրադեղյանի միջին կարգի մի պատմվածք։ Իսկ 1999-ին Վ. Սիրադեղյանը պատգամավոր էր ընտրվելՙ շահարկելով «հալածյալ գործչի» ասեկոսեն։
Թիվ 75 ընտրատարածքի ընտրող