«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում այսօր կայացավ համակարգչային ծրագրավորման բաց մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցեցին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատարներ։

Առաջին անգամ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կազմակերպած միջոցառման ժամանակ մայիսի 26-ին մրցեցին անհատ ուսանող ծրագրավորողները, 29-ինՙ նրանց երեք հոգանոց խմբերը։ Անհատական մրցույթում կազմակերպիչները սահմանել էին երկուական առաջին (Հայկ Գրիգորյան եւ Հովհաննես Սադոյան), երկրորդ (Գրիգոր Գյոլեցյան եւ Արտաշես Աղաջանյան) եւ երրորդ (Արտակ Փոստոյան եւ Վիկտոր Պրոխորենկո) մրցանակներ։ Խմբային մրցույթում առաջին տեղը նվաճեց «Ուստեք» թիմը, երկրորդըՙ «ԵՊՀ» թիմը եւ երրորդըՙ «Կիրառական-3»-ը։ Կազմակերպիչները եւ հովանավորները որպես մրցանակ հաղթողներին հանձնեցին համակարգիչներ, տարբեր արժողության «ԱրՔա» քարտեր։

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Կ. Ճշմարիտյանը, մրցույթը նախ եւ առաջ նշանակալի էր նրանով, որ հնարավորություն տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի երիտասարդ մասնագետների ներուժը կենտրոնացնելու, նպատակաուղղելու եւ գնահատելու առումով քայլ ձեռնարկել։ Ըստ նախարարի, նման մրցույթ անցկացնելու առաջին փորձը ոչ միայն ոգեւորող էր, այլեւ կարեւոր զուտ բիզնես նշանակության առումով, քանի որ ՁԻՀ-ի եւ հետագա մրցույթների հաղթող եւ մասնակից մասնագետներին ընձեռում է հնարավորություններն ընդլայնելու միջոց։

Նշենք, որ մրցույթը նախատեսվում է դարձնել ավանդական։ Դրա կազմակերպիչներն ունեն ծրագրավորման համահայկական մրցույթ կազմակերպելու, ինչպես նաեւ հայ ծրագրավորողներին միջազգային մրցույթների մասնակից դարձնելու մտադրություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4