Պատճառն Էջեւիթի հիվանդությունը չէ, այլՙ Բահչելիի համառությունը
Մայիսի 27-ին, երբ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը ուղեւորվում էր Հռոմՙ մասնակցելու ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովին, վարչապետ Բյուլենթ Էջեւիթը դուրս գրվեց Անկարայի «Գյուլհանե» հոսպիտալից, որտեղ նա 11 օր շարունակ ապաքինվում էր։ Մայիսի 28-ի ուշ երեկոյան Սեզերը վերադարձավ հայրենիք։ Նույն օրը Էջեւիթը տոնեց իր ծննդյան 77-ամյակը։ Հատկանշական է, որ մայիսի 28-ին լրացավ նաեւ նրա կոալիցիոն կառավարության երրորդ տարին։ Ի դեպ, սա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ Թուրքիայի պատմության մեջ կառավարող ոչ մի կոալիցիա երկրում երեք տարի դեռ չի գործել։
Հարկ է, սակայն, նշել, որ Թուրքիայի ներքաղաքական կայունության տեսանկյունից կարեւորը ոչ այնքան Էջեւիթի կառավարության ռեկորդն էր, որքան նրա կենսունակությունը։ Թուրքական պետհեռուստատեսությունը վերջին շաբաթներին անընդմեջ անդրադառնում էր իշխանություն-ընդդիմություն պայքարինՙ ընդգծելով դրա հետզհետե ահագնացումը։ Մայիսի 27-ից սկսած արձանագրվեց նաեւ կոալիցիայի ներսում նրա մաս կազմող կուսակցությունների միջեւ կատաղի պայքարի ահագնացման փաստը։
Այլ կերպ, իշխանություն-ընդդիմություն պայքարը Թուրքիայում զուգորդվում է ներկառավարական պայքարով։ Այս պայմաններում երկրի քաղաքական օրակարգում է հայտնվում գործող կառավարությանը ժամանակավոր կառավարությամբ փոխարինելու հարցը, որպեսզի վերջինը Մեջլիսի համընդհանուր վաղաժամկետ ընտրություններ նշանակի։ Ինչ վերաբերում է Էջեւիթին, ապա նրա հրաժարականի հարցը երկրում նոր չի դրվում։ Սակայն, եթե առաջ հրաժարականը ընդդիմությունն էր պահանջում, ապա վարչապետի հիվանդանոցում հայտնվելուց հետո հարցը սկսեցին օրակարգում դնել նաեւ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների առանձին գործիչներ։ Գործը հասավ դրան, որ վարչապետի պաշտոնում Էջեւիթին փոխվարչապետ Հյուսամեթդին Օզքանով փոխարինելու հարց առաջ քաշվեց։
Այդ ընթացքում անխնա շահարկվեց Էջեւիթի հիվանդությունը։ Երկրում շահարկումները նոր թափ ստացան, երբ Էջեւիթը, դուրս գրվելով հիվանդանոցից, կառավարության աշխատանքները տնից ղեկավարելու մղումովՙ ուղեւորվեց ոչ թե վարչապետարան, այլ իր անձնական բնակարանը։ Շահարկումներին վերջ տալու հրամայականը ստիպեց Էջեւիթին մամուլի ասուլիս հրավիրել։ Մայիսի 28-ին հենց վարչապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում, հակառակ ենթադրություններին, որ Էջեւիթը կամփոփի իր կառավարության եռամյա գործունեությունը, պատասխանեց պաշտոնական այցով Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Բահչելիի ելույթներին, եւ հույս հայտնեց, որ նա կդիմի ակնկալվող համարձակ քայլերի։
Ո՞ր քայլերի մասին է խոսքը։ Մինչ այդ հարցին պատասխանելը, նշենք, որ մայիսի 27¬28-ին թուրքական պետհեռուստատեսությունը եւ կենտրոնական մամուլը ուշադրության կենտրոնում էին պահում ոչ թե ՆԱՏՕ-ՌԴ գագաթաժողովը, ոչ էլ դրան նախագահ Սեզերի մասնակցությունը, այլՙ կառավարության աշխատանքները տնից ղեկավարելու Էջեւիթի որոշումը, նրա մամուլի ասուլիսը եւ Բահչելիի չինաստանյան ելույթին պատասխանը։
Ինչ վերաբերում է վերջինիս Չինաստան կատարած այցին, ապա դա, չհաշված նրա ելույթը, բացարձակապես չլուսաբանվեց։ Թերեւս կարելի է բացատրել, որ չինացիները չեն արդարացրել Անկարայի ակնկալիքները։ Մոտավորապես նույնը կարելի է ասել ՆԱՏՕ-ՌԴ գագաթաժողովին Սեզերի մասնակցության առնչությամբ։ Համենայն դեպս, այցը եւս գրեթե չի լուսաբանվել։ Այս ամենով հանդերձ, կասկածից վեր է, որ Բահչելի-Էջեւիթ հակասությունների սրումը, անկախ վերջինի առողջական վիճակից, կառավարության կազմալուծման վտանգ է պարունակում, ինչը ենթադրում է երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը։
Քանի որ հակասությունների առաջացման պատճառը Եվրամիությանՙ առավել եւս նրա առաջադրած պահանջների նկատմամբ Բահչելիի հակադրումն է Էջեւիթի տեսակետներին, ուստի դրանց սրման պայմաններում ինքնըստինքյան վտանգվում են նաեւ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։ Մինչ Բահչելին պնդում է. «Մենք Եվրամիության հետ խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը Թուրքիային ներկայացվող պայմաններն են», Էջեւիթը խոսքն ուղղում է նրան եւ ասում. «Այս դիրքորոշումն առհավետ փակում է ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը Թուրքիայի առջեւ։ Ես չեմ կարող միայնակ վերցնել երկրի ապագան մթագնող այս պատասխանատվությունը»։
Խոսքը տվյալ դեպքում PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի մահապատժի, Թուրքիայում մայրենի լեզվով ուսուցման քրդերի իրավունքի եւ Կիպրոսի հիմնախնդրի մասին է։ Բահչելին գտնում է, որ այս հարցերում ԵՄ-ի պահանջներին զիջելու պատրաստակամությամբ Թուրքիայի ապագան արդեն մթագնվել է։ Թե ինչ ընթացք կստանա Էջեւիթ-Բահչելի հակասությունների սրումը, դժվար է ասել։ Պարզապես նշենք, որ հունիսի 7-ին նախագահ Սեզերը պատրաստվում է խորհրդակցություն հրավիրելՙ մասնակցությամբ Մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցությունների ղեկավարների, այդ թվումՙ կառավարող, եւ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են ինչպես Էջեւիթ-Բահչելի հակասություններին, այնպես էլ Թուրքիային ներկայացվող ԵՄ-ի պահանջներին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ