Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է։ Ի՞նչ «նվաճումներով» ենք դիմավորում այդ օրը։ Այն ժամանակվանից, երբ եվրոպացիները ծանոթացան ծխախոտին, եւ մարդկությունը սկսեց բաժանվել մոլի ծխողների, չծխողների եւ ուղղակի «փստացնողների», անցել է շուրջ 500 տարի (եւ 120 ամիս)։ Դրանում մեղքի առյուծի բաժինը Քրիստափոր Կոլոմբոսինն է եւ իր երկու ծովայիններ Ռոդրիգե դը Պերեսինն ու Լուիս դը Տորեսինը, եւ, իհարկե, ամենից շատՙ նորահայտ երկրի այն բնիկ հնդկացիներինը, ովքեր ամենեւին չշփոթվեցին եւ շարունակեցին ծխել իրենց «խաղաղության ծխամորճը» կամ պարզապեսՙ ծամել «հանդիմանության» ծխախոտը, երբ անկոչ եվրոպացիները 1492 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ ոտք դրեցին իրենց կուսական հողին։
Իսկ երբ միջնադարյան Եվրոպայում մոլեգնում էր ժանտախտը, պարզվեց, որ ծխախոտ օգտագործողներին համաճարակը շրջանցում է, ուստի բժիշկները հիվանդների դեղատոմսում սկսեցին ընդգրկել նաեւ հյուսկեն ծխախոտ։ Այդ ժամանակներից էլ այն պաշտոնապես ճանաչում ստացավ։ Իսկ մինչ այդ հավատաքննիչները մահապատժի էին ենթարկում «սատանայական սովորություն» ունեցող մոլի ծխողներին։
Երկար ժամանակ ծխամորճը, ծամելու ծխախոտը եւ սիգարը ծխախոտի օգտագործման ձեւերից ամենատարածվածն էին։ Իսկ սիգարետըՙ բոլոր ժամանակների ու ժողովուրդների այդ ահավոր զենքը, հայտնվեց 1881 թ., երբ ստեղծվեց սիգարետ փաթաթող առաջին հաստոցը։ Ֆիլտրով սիգարետը երեւան եկավ 1950-ականների առաջին կեսին։
Ըստ փորձառու ծխողներիՙ նախկին ԽՍՀՄ-ում արտադրվող սիգարետներն այժմյան սիգարետներից (օտարերկրյա թե տեղական) տարբերվում էին ոչ միայն ծխախոտի համով եւ տուփի դիզայնով, այլեւ նրանով, որ անգամ ծխելու ընթացքում դրանք հանգչում էին։ Ներկայիս (հատկապես արեւմտյան) սիգարետների արտադրության մեջ կիրառվում են այրման արագացուցիչներ. ահա թե ինչու այդ սիգարետներն անմնացորդ վառվում են նույն արագությամբ, ինչ ծխելու պահին։ Սիգարետի թուղթը լավ ճերմակացնելու նպատակով մշակում են քլորով։ Այնպես որ, սիգարետի մեջ ամենավնասակարը ծխախոտը չէ։ Քլորով, տիտանի երկօքսիդով ու նիտրատներով հարուստ ծուխը մարդուն պակաս վնաս չի տալիս։ Բնականաբար այրման արագացուցիչ քիմիան նպաստում է սիգարետի վաճառքին. որքան արագ է այրվում-վերջանում, այնքան հաճախ է ծխողն ստիպված լինում նորը գնել։ Սիգարետի ծխում, բացի թղթի քիմիական բաղադրությունից, առկա են առողջությունը վտանգող շուրջ 43 քաղցկեղածին միացություններ։ Պետք է հիշել նաեւ, որ սիգարետ ծխելիս ծխողի թոքերն է թափանցում տաք ծուխը եւ խանձում թոքերի վերջին հատվածը։ Իհարկե, սիգարը եւ ծխամորճը փոքր-ինչ չեզոքացնում են քիմիական ավելցուկները, բայց դրանից ծխողների վիճակը չի թեթեւանում։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը լայնածավալ պայքար է մղում ծխելու դեմ, մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ միտումն է նկատվում։ Ծխախոտի աննախադեպ գովազդային արշավը ողողել է ողջ քաղաքն ու եթերը։
Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ բացակայում է ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ, եւ հուլիսի 1-ից սկսելու է գործել ծխելը սահմանափակելու օրենքը, որով նախատեսվում է արգելված վայրերում «բռնացնելու» դեպքում օրինախախտին տուգանել նվազագույն աշխատավարձի չափով, մեր ծխողներն ագրեսիվ դիրքորոշում են բռնել։ Երբ մոլի ծխողին հիշեցնում ես, որ իր ծխախոտի ծուխը չծխողին (երեխաներին, կանանց) ավելի մեծ վնաս է պատճառում, ստանում ես միանգամայն անհեթեթ պատասխան. «Որ ես չծխեմ, ուրիշի ծուխն ինձ ավելի կվնասի»։ Խիստ վրդովեցուցիչ է նաեւ այն փաստը, որ մայրաքաղաքում եւ այլուր ծխախոտի ճոռոմ գովազդների վահանակներին ծխելու վնասակարության մասին գրությունը գրեթե անըմբռնելի տառաչափով է դրվում, մինչդեռ միջազգային չափանիշներով պետք է գրավի գովազդային վահանակի ոչ պակաս, քան 35 տոկոսը։ Ի դեպ, այդ գրությունները տարբեր երկրներում տարբեր ձեւակերպում ունեն։ Օրինակ, Ֆրանսիայում համեստ նախազգուշացնում ենՙ «Առողջ լինելու համար մի ծխեք»։ Բրազիլիայում այդ գրությունը շոշափում է ամենանուրբ զգացմունքները. «Fumar causa impotencia sexual» («Ծխելը հարուցում է սեռական անկարողություն»)։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում այդ նախազգուշացումը բավական կտրուկ է հնչում. «Ծխելը ձեզ կսպանի՛»։
Առողջապահության նախարարությունում չկարողացան տալ ծխելու հետեւանքով մահացության վիճակագրությունը, բայց հայտնի է, որ անբուժելի համարվող հիվանդությունների հիմնական հարուցիչը հենց ծխախոտն է, ապաՙ հոգեկան տվայտանքները եւ միայն երրորդ տեղումՙ ալկոհոլը։ Ասում են վերջերս թոքերի քաղցկեղից վախճանվեց այն մարդը, ով ժամանակին դատի էր տվել ծխախոտի մի հայտնի ընկերությանՙ պահանջելով 1 մլրդ դոլարի փոխհատուցում. ծխել նա սկսել էր այն ժամանակ, երբ սիգարետի տուփերին չկար նախազգուշական գրությունը։ Անցած տարի այդ «բախտավորին» վճարեցին 100 հազար ԱՄՆ դոլար։ Ցավոք, այդ փողը նրան չփրկեց։ Ոչ պակաս տխուր ճակատագրի արժանացավ Marlboro-ի առաջին տիպարըՙ ֆիրմայի խորհրդանիշ այն կովբոյը, որի շնորհիվ ստեղծվեց ընկերության իմիջը։ Նա նույնպես մեռավՙ ոտքից գլուխ հիվանդ եւ, ի տարբերություն դատական հայց ներկայացնողի, բոլորովին ընչազուրկ։ Ահավասիկՙ «ամերիկյան երազանքի» մարմնավորումը...
ՆԱՐԻՆԵ ԳԻԺԼԱՐՅԱՆ