«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2002-05-29 | #99, 2002-05-30 | #100, 2002-05-31


ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ AMERIARM Inc. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Քաջ Նազար» հեքիաթի համակարգչային CD-ն

«Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար, դատարկ բաներ են բոլորը... Բանը մարդու բախտն է։ Բախտ ունեսՙ քեֆ արա»։ «Աշխարհն իր բռան մեջ» առած Նազարը մինչեւ հիմա քեֆ է անում ու ծիծաղում աշխարհի վրա։

«Հնարավո՞ր էր պատկերացնել, որ օր մը Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարն» իր էշով պիտի կրնայինք առաջնորդել դեպի XXI դարը, սակայն Հայաստանի եւ սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ-ի մասնագետներու միջոցով ատիկա կարելի եղավ իրագործել, որպեսզի Հայաստանի եւ սփյուռքի հայերը կարողանան քայլ ընել միջազգային մշակույթի եւ արդի տեխնոլոգիայի մեջ», երեկ Թեքեյան կենտրոնում կայացած հայ-ամերիկյան AMERIARM Inc. համատեղ ընկերության շնորհանդեսի ժամանակ ասաց Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի փոխատենապետ Երվանդ Ազատյանը։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց ընկերությանՙ մուլտիմեդիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների առաջին արդյունքըՙ «Քաջ Նազար» հեքիաթի համակարգչային լազերային սկավառակը, ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։

Ծրագրի իրականացնողներըՙ Հայաստանի Bi Line եւ ամերիկյան «Arzo» համակարգչային ընկերությունները, նախաձեռնելով այս աշխատանքները, հետամուտ էին ինչպես առեւտրական, նույնքան էլ մշակութային, ազգային նպատակների։ Դետրոյթում գործող «Arzo» համակարգչային ընկերության հիմնադիրներըՙ Մայք եւ Սաքո Արզումանյանները, 11 տարի առաջ սկսեցին իրենց գործը բավականին սուղ միջոցներով. այժմ Միչիգանի նահանգում արդեն ամենամեծ եւ հեղինակավոր համակարգչային ընկերությունն է, թե վաճառքի, թե ծառայությունների առումով։ Գործարար հատկանիշներով օժտված երկու եղբայրները մտահոգված են հայ մշակույթի եւ լեզվի պահպանմամբ եւ իրենց առաջին գործըՙ «հայկական կոմպյուտերների համար ստեղնաշար» պատրաստելն էր։ Պրն Երվանդ Ազատյանը փաստեց, որ «Arzo» համակարգչային ընկերության շնորհիվ սփյուռքի հայագիտական հաստատություններըՙ Միչիգանի համալսարանը, Ալեք Մանուկյան վարժարանը, եկեղեցին, ծերանոցները եւ անհատ մտավորականները հնարավորություն ունեցան մուտք գործելու XXI դարի կոմունիկացիոն համակարգՙ հայերեն լեզվով։

Հայ-ամերիկյան այս երկու ընկերությունների միջեւ համագործակցումը սկսվեց մեկ տարի առաջ, երբ Մայք Արզումանյանը Հայաստանում առիթ ունեցավ ծանոթանալու Հայաստանի մասնագետների, Bi Line ընկերության նախագահ Հայկ Խանջյանի հետ։ Մայք Արզումանյանիՙ «Աշխարհի վրա առանց չափազանցություն չկան այնքան առաջացած տաղանդներ, որքան Հայաստանի մեջ» խոսքերը նախանձախնդրություն առաջացրեցին ամերիկահայության մեջՙ այս տաղանդներին Հայաստանում պահելու, որի համար որոշակի ջանքեր ներդրվեցին, անշուշտ։ Հայ-ամերիկյան համակարգչային համատեղ այս ընկերությունների աշխատանքների առաջին արդյունքը «Քաջ Նազար» հեքիաթն է, որ բոլոր ժամանակների համար արդիական է աշխարհի ունայնության, կեղծ ու պատրանքային իրականությունների հեգնական ու երգիծական շեշտադրությամբ։ Մուլտիմեդիային նոր տարբերակը ստեղծված է երեք լեզուներովՙ արեւելահայերենով, արեւմտահայերենով եւ անգլերենով, բարձր մակարդակով, ճաշակով, հաճելի ձեւավորումով, երաժշտությամբ եւ նկարազարդումներով։ Լազերային համակարգչային սկավառակը նոր ու արդիական մտահղացումներովՙ այսօրվա կյանքին համահունչ, պատրաստված է մասնագետների բծախնդիր պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով, որն ակնհայտորեն կգոհացնի մանուկներին, կբավարարի նրանց քմահաճ հետաքրքրությունները։ Նրանց առաջ կբացվի հրաշալի մի աշխարհՙ հեքիաթային, հումորով, գունեղ, անակնկալներով լի պատմությունՙ կյանքի արդիական հնչեղությամբ։

«Քաջ Նազար» լազերային սկավառակի տարածումը Microsoft ընկերության հավանությանը արժանանալուց հետո. կիրականացվի ամերիկյան ամենահայտնի ցանցերի միջոցով, հաջորդ ամսվա ընթացքում։

Մեկ տարի առաջ ծնված եւ այժմ իրականացված այս գաղափարին իրենց մասնակցությունն են բերել ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ամերիկյան մասնագետների «սքանչելի կազմը»։ Թարգմանական աշխատանքները կատարել են Երվանդ Ազատյանը, Պերճուհի Վարդապետյանը։ Ստեղծագործության կոմպոզիտորն է Յուրի Հարությունյանը. խոսքային մեկնաբանություննՙ Ազատ Գասպարյանի, նկարներըՙ Հարություն Թումաղյանի։ Աշխատանքները կատարել են ծրագրավորողներ Հրայր Հուսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Լեւոն Աբրահամյանը, Ժասմենա Մխիթարյանը, Գուրգեն Սեդրակյանը, Հայկ Միքայելյանը։

Լեզվական եւ ուղղագրության երկփեղկվածությանն ու անջրպետին, որի շուրջ թեժ վիճաբանություններ եղան նաեւ Հայաստան-սփյուռք համաժողովում, այս ծրագիրը գործնական լուծում է առաջարկում։ Հայ երեխան հնարավորություն է ունենում միաժամանակ ունկնդրել, ընթերցել տեքստը, թե արեւելահայերենով, թե արեւմտահայերենով, եւ աբեղյանական եւ մեսրոպյան ուղղագրությամբ։ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով ստեղծագործական խմբին, գտավ, որ սա շատ արդյունավետ եղանակ է երկու լեզուների եւ ուղղագրությունների մերձեցման համար. «Որքան շատ շփվենք միմյանց հետ, ժամանակի ընթացքում այլեւս կարիք չենք ունենա այս խնդիրն արծարծելու։ Այս գործը այդ ճանապարհի սկիզբն է եւ պետք է լեզվաբանների ուշադրությունը գրավի»։

Թե՛ ժամանց-զվարճանքի, թե՛ ուսուցողական նպատակով «Քաջ Նազար» հեքիաթի համակարգչային տարբերակը երեխաների համար հաճելի անակնկալ է։ Նման աշխատանքները շարունակելի են, արդեն ավարտված է «Խոսող ձուկը» հեքիաթը, հետաքրքրական մտահղացումներով պատրաստվում է «Ձախորդ Փանոսը»։ Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին նաեւ մի քանի կարճ անիմացիոն պատմություններ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4