2002 թ. «Մուղնի» հրատարակչությունը մեկ գրքով հրատարակել է ՀՅԴ նշանավոր գործիչ եւ սփյուռքահայ հայտնի մտավորական Վահե Արծրունու (Մելիքսեթ Մուրադյան) բազմաթիվ անտիպ գործերից երեքըՙ «Հայ-տաճկական պատերազմը», «Հայ սպայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը», «Շատախ»։ Գիրքը լույս է տեսել հեղինակի դստերՙ Հուշիկ Արծրունու մեկենասությամբ, Նորայր Պահլավունու խմբագրությամբ եւ Մեսրոպ արք. Աշճյանի հոգածողությամբ։ Աշխատությունները ծանոթագրել է ԵՊՀ գիտաշխատող Գեղամ Բադալյանը։
Առաջինի առանցքը թեեւ կազմում է 1920 թ. թուրք-հայկական պատերազմը, սակայն Արծրունին չի բավարարվել միայն վերջինիս նկարագրությամբ։ Հեղինակը հանգամանորեն ներկայացրել է այդ ճակատագրական ժամանակահատվածի ողջ պատկերը, վեր հանել Հայաստանի Հանրապետության 1920 թ. երկրորդ կեսի արտաքին եւ ներքին իրավիճակը, քննել բոլոր այն իրադարձությունները, որոնք վճռական դեր խաղացինՙ մոտեցնել առաջին հանրապետության ողբերգական անկումը։ Հատուկ ուշադրություն է դարձված 1920 թ. ապրիլ-մայիսին Ղարաբաղ-Արցախում ծավալված դեպքերին եւ բոլշեւիկների կազմակերպած անփառունակ խռովությանը։
Երկրորդ աշխատության մեջ ներկայացված են հայոց բանակի ստեղծման պատմությունը եւ հայ զինվորականության տեղն ու դերն առաջին հանրապետության քաղաքական կյանքում։ Առանձին բաժնով հեղինակն անդրադարձել է նաեւ 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, որոնց ընթացքում, ինչպես հայտնի է, վերջնականապես ձեւավորվեց եւ ամրապնդվեց հայոց նորածին բանակը։ Հեղինակը խոսում է ՀՀ բարձրագույն հրամանատարության մի շարք նշանավոր ներկայացուցիչների մասին (Թ. Նազարբեկյան, Մ. Սիլիկյան, Հ. Հախվերդյան, Դ. Բեկ-Փիրումյան եւ ուրիշներ)ՙ տալով վերջիններիս գործունեության իր ամփոփիչ գնահատականը։
Երրորդ գործը հեղինակի ծննդավայր, Վան-Վասպուրականի արծվաբույն Շատախ լեռնագավառին նվիրված մի հոդված է։ Հեղինակը, հենվելով հիմնականում Ա-Դոյի նշանավոր «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914¬15 թուականներին» (Երեւան, 1917) գրքի տվյալների վրա, ներկայացնում է Շատախի 1915 թ. մարտ-մայիս ամիսներին ծավալված հերոսամարտի ամփոփ նկարագրությունը։ Գրքում զետեղված են նաեւ համապատասխան քարտեզներ։
Համոզված ենք, որ Վահե Արծրունու գրքի նորամուտը (մի փոքր ուշացած) մեր ընթերցողի կողմից լավ ընդունելություն կգտնի եւ կգնահատվի ըստ արժանվույն։