Արթուր Ութմազյան։ ՀՀ վաստակավոր արտիստ, անուն, որն իր առաջին ստեղծագործական քայլերից բեւեռեց իր վրա լայն հանդիսատեսի եւ հատկապես իր սերնդակիցների ուշադրությունը։ Ինչ էլ ասմունքերՙ Նարեկացի, Չարենց, Պարույր Սեւակ, Ռուբեն Սեւակ, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Էմին, նաեւՙ Սերգեյ Եսենին, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Եվգենի Եվտուշենկո... ամենը բխում էր մե՛ր, իր սերնդակիցների հոգուց, ասես մե՛ր մասին լիներ, մե՛զ համար...
Նրա կարդալու ոճը պարզ եւ անպաճույճ է (բառի լավագույն իմաստով), մշտապես գերող, ինտելեկտուալ մտայնազգացությամբ, խոսքի եւ բեմական կեցվածքի բացառիկ կուլտուրայով համակված։ Իր ընտրած զտարյուն պոեզիայի նմուշները (այն եզակիներից է, որը երբեք «պատահական» գործ չի կարդում) արտիստը մատուցում է հարուստ նրբերանգների ձայնելեւէջներով, պատեհ դրամատիզմով հագեցած հնչեղությամբ, իմաստային ներքին տրամաբանվածությամբ։ Շնորհներ, որոնց զգալի մասը Արթուրը հիրավի ժառանգել է մորիցՙ ճանաչված դերասանուհի-ասմունքող Հրաչուհի Ջինանյանից, յուրովի զարգացրել եւ օժտել սեփական անհատականության ձիրքով։ Ավելինՙ այսօր Ութմազյան-Ջինանյան գերդաստանի ստեղծագործական ավանդույթներն արդեն երրորդ սերնդին են փոխանցվել։ Դրա վառ վկայությունը հանդիսացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած Արթուր եւ Հրաչուհի կրտսեր Ութմազյանների համերգաշարը։ Երեկ, ինչպես եւ բոլոր նախորդ անգամներին, լեփ-լեցուն դահլիճը բացառիկ ջերմ ընդունելության արժանացրեց անվանի դերասանին եւ իր դստերը։ Երեւանի թիվ 34 միջնակարգ հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցի Հրաչուհին հավասարը հավասարի պես ամբողջ երեկո հոր հետ միասին ներդաշնակ ու միաձույլ հրամցրեց մեզ հայ ժամանակակից պոեզիայի նմուշներից հյուսված սքանչելի «ներկայացում»։ Դրա տրամաբանական բանվածքում կարեւոր դեր ունեին հայրենասիրության, սիրո, մայրության հիմնական իմաստային շերտերը։ Պարույր Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, արեւմտահայ պոեզիայիցՙ Պետրոս Դուրյան... Հոր եւ դստեր ասմունքը հոգեթով էր ու հուզիչ իր գեղեցիկ սերնդափոխության մեջ։
Իսկապես պատկառելի ստեղծագործական-կատարողական ժառանգություն է բաժին ընկել Հրաչուհուն։ Նրա ասմունքի պատանեկան շունչը համատեղված էր հասուն մտքի ու ներաշխարհի զեղումներով։ Պարմանուհին բեմում ազատ էր, անկաշկանդ եւ համոզիչ անսամբլ կազմեց իր հորՙ Արթուր Ութմազյանի հետ։ Իսկ վերջինի խոսքի եւ բեմական արվեստի մասին հարկ է խոսել գերադրական ածականներով։ Արթուր Ութմազյանիՙ ասմունքողի եւ դրամատիկ դերասանի արվեստի թերեւս ամենագրավիչ ու գնահատելի հատկություններից է բառի, մտքի, հույզի արտահայտման, մատուցման մեծ կուլտուրան։ Արթուր Ութմազյանը չափազանց հետաքրքրական արտիստ է, հատկապես այն առումով, որ բազմակողմանի է։ Նրա ամենաիսկական «ամպլուան» տաղանդն է։ Յուրաքանչյուր դեր կամ բանաստեղծություն ամեն անգամ խաղալ, ընթերցել յուրովիՙ չկրկնելով ինքն իրեն, ամեն նոր բեմելով նվաճելով ստեղծագործական նոր բարձունքներ։
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ