Համահայկական երրորդ խաղերը տեղի կունենան 2003 թ. օգոստոսի 16¬24-ին։ Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Աշոտ Մելիք-Շահնազարյանըՙ ամփոփելով կոմիտեի 3-րդՙ երեւանյան նստաշրջանի արդյունքները։ Նստաշրջանը որոշել է նաեւ կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել կոմիտեումՙ խաղերի հեղինակությունը բարձրացնելու համար։
Մասնավորապես, այս տարվա վերջին կայանալիքՙ գործադիր կոմիտեի կազմի ընտրություններին Համաշխարհային կոմիտեն նախագահելու առաջարկ կարվի ՀՀ արտգործնախարարին։ Ըստ պրն Մելիք-Շահնազարյանի, Վարդան Օսկանյանն արդեն տվել է իր համաձայնությունը։
Պրն Մելիք-Շահնազարյանը նշեց նաեւ, որ այս տարի պիտի լուծվի կոմիտեիՙ բյուջե ձեւավորելու խնդիրը։ «Այլապես, մենք մինչեւ հիմա չգիտենք, թե որքան գումար է ծախսվել Համահայկական նախորդ երկու խաղերին։ Որոշ գումարներ, հագուստ եւ այլն, տրամադրել են մասնակից քաղաքները։ Մեծ ներդրումներ է ունեցել մեր կառավարությունը»։
Պրն Մելիք-Շահնազարյանը հատուկ շեշտեց նաեւ, որ կոմիտեն հանձն է առել ակտիվացնել նախկին ԽՍՀՄ երկրների հայ համայնքների մասնակցությունը խաղերին։ «Այլապես նախորդ երկու խաղերին նրանց մասնակցությունը գրեթե աննշան էրՙ որոշ բացառություններով»։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ