Ասում է Ռոբերտ Էմմիյանը
Երեկ Ծաղկաձորում սկսվեց թեթեւ ատլետիկայի միջազգային մրցաշար, որի նախաձեռնողը աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր, Բարի կամքի խաղերի հաղթող, ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանն է։ Նա այժմ Քաթարի հեռացատկի հավաքականի գլխավոր մարզիչն է, որի հետ մեր հարցազրույցը տեղի ունեցավ այդ երկրի մայրաքաղաք Դոհայում, անցյալ ամիս։
¬ Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք Քաթարում։
¬ Մինչ այստեղ գալս 10 տարի ընտանիքիս հետ գտնվում էի Ֆրանսիայում։ Այնտեղ երեք-չորս տեղ էի աշխատումՙ առավոտվանից մինչ ուշ գիշեր։ Այստեղ եմ արդեն 2 տարի։ Ինձ Քաթարում աշխատելու առաջարկ արեց տեղի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի նախագահը։ Համաձայնեցի, որովհետեւ ավելի բարձր վարձատրություն առաջարկեցին, ինչը հնարավորություն է տալիս օգնելու նաեւ հարազատներիս, բարեկամներիս եւ իմ հարազատ Գյումրի քաղաքին։
¬ Մարզչական աշխատանքում արդեն արդյունքներ կա՞ն։
¬ Այս տարի ապրիլին իմ սաներից երկուսը գրավեցին 1-ին եւ 2-րդ տեղերը համաարաբական ամենախոշոր մրցումներում, մեկ ուրիշը դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից, մյուսըՙ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Դրանից նախ ես ինքս եմ լավ զգում։ Ուրախանում եմ, որ ինձ ճանաչում են որպես որակյալ մարզչի։ Բացի այդ, ես ներկայանում եմ որպես Հայաստանի եւ հայ ազգի ներկայացուցիչ, ինչը նույնպես շատ կարեւոր է։
¬ Դժվար չէ՞ հաշտվել այն փաստի հետ, որ ընտանիքդ այստեղ չէ։
¬ Բնականաբար, շատ կցանկանայի, որ ընտանիքս կողքիս լիներ։ Ցավոք, կինս եւ երեխաներս Ֆրանսիայում են, բայց հաշտվել են աշխատանքիս բնույթի հետ եւ գիտեն, որ այդպես պետք է լինի։
¬ Վերադառնանք մարզչական գործունեությանը։ Ինչպիսի՞ն են պայմանները։
¬ Մեզ համար ստեղծվում են ամենալավ պայմանները։ Օրինակ, ամառային ամիսներին այստեղ մարզվել հնարավոր չէ, որովհետեւ շոգն անտանելի է։ Կառավարությունը հնարավորություն է տալիս 6¬7 ամիս լինել դրսում եւ այն երկրներում, որտեղ կորոշի մարզիչը։ Մեզ ապահովում են ամենալավ հյուրանոցներով եւ մարզաբազաներով։
¬ Քաթարի հավաքականի կազմում կա՞ն այլազգիներ։
¬ Ոչ, արաբներ են։
¬ Ի՞նչ լեզվով եք հաղորդակցվում։
¬ Արաբերեն որոշ չափով գիտեմ, տիրապետում եմ անգլերենին, ֆրանսերենին, հունարենին, ռուսերենին։
¬ Այստեղ կա՞ն այլ ճանաչված մարզիկներ, որոնք հրավիրվել են որպես մարզիչ աշխատելու։
¬ Այո, որովհետեւ Քաթարը ձգտում է, բերել լավագույններին։ Նախկին ԽՍՀՄ հավաքականի իմ ընկերներից 20¬25 հոգի այստեղ են։ Շատերին ես օգնել եմ պայմանագիր կնքելու։
¬ Որպես հայ մասնակցո՞ւմ եք համայնքային կյանքին։
¬ Քաթարում մոտ 100 հայ է ապրում։ Միմյանց միջեւ կապ ենք պահպանում, մասնակցում բոլոր համայնքային միջոցառումներին։ Այստեղի հայերը հիմնականում եկել են Լիբանանից եւ Սիրիայից։ Հայաստանից, ինձանից բացի, 2 հոգի կան։ Նրանցից մեկը Վարդանյան Սամվելն էՙ սեղանի թենիսի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնը։ Նա այստեղ խաղացող-մարզիչ է։
¬ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստան վերադառնալը։
¬ Իմ երազանքն է, որ մենք բոլորս լինենք Հայաստանում։ Ես հիմա էլ կապ եմ պահպանում իմ ընկերների եւ գործընկերների հետ։
¬ Ի՞նչ կցանկանայիք հայտնել մեր ընթերցողներին եւ Հայաստանի բնակիչներին։
¬ Կցանկանայի մաղթել ամենայն բարիք եւ համբերություն, քանի որ Հայաստանում շատ դժվար է։ Ճիշտ է, վերջին անգամ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին եղա Հայաստանում եւ դրական փոփոխություններ տեսա։ Այնուամենայնիվ, մաղթում եմ , որ Հայաստանում դժվարությունները պակասեն, մարդիկ ժպտան եւ լավ ապրեն։ Այստեղՙ Քաթարում, ճիշտ է հայերը շատ քիչ են, բայց բոլորն էլ լավ գործ ունեն։ Եվ ընդհանրապես, աշխարհի որ մասում եղել եմ, հայերին միշտ լավ եմ տեսել։ Լավ կլիներ, եթե Հայաստանի մեր հայրենակիցներն օգտվեին դրսում աշխատելու հնարավորություններից եւ բարելավեին իրենց կյանքը։ Այլապես մեր դժվարությունները կարծես թե երկար տեւեցին։
Հարցազրույցը վարեց ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ