«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՀՅԴ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ավթանդիլ Իոսելիանի. «Հայկական ահաբեկչական կազմակերպությունները շատ են, բայց չեմ կարծում, թե իրական վտանգը նրանցից պետք է սպասել»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Պաշտոնական տեսակետներ արտահայտող, Թբիլիսիում լույս տեսնող «Վրացական ժամանակներ» օրաթերթը մայիսի 27-ի համարում, «Հայաստանի նախագահի ահաբեկչական անցյալը» ընդարձակ հոդվածում Հայաստան պետությանը, դաշնակցությանը, նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին անհիմն, ծանր մեղադրանքներ է ներկայացրել։ Վրաստանը, նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն բացահայտորեն աջակցում են ահաբեկչությանը, Պանկիսի կիրճը վերածվել է չեչեն, արաբ, սեւամորթ ահաբեկիչների որջի։ Ինքըՙ բատոնո Էդուարդը, երբեք չի թաքցրել համակրանքը չեչեն ահաբեկիչ Ռուսլան Գելաեւի նկատմամբՙ վերջինիս համարելով «բարձրագույն կրթությամբ, ողջամիտ անձնավորություն, որը Կախեթի գյուղերում մեծ հեղինակություն եւ համակրանք է վայելում»։ Վրաստանի անվտանգության խորհրդի վերջին նիստում, որին ներկա էր նաեւ Շեւարդնաձեն, պետանվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիան ասաց, որ Պանկիսում թաքնվում են 600-800 ահաբեկիչներ, իսկ Շեւարդնաձեն նույն օրը վրացական հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ահաբեկիչների հետ ցանկանում է բաժանվել խաղաղ կերպով, նրանց կոչ անելով լքել Պանկիսը։ Եթե պետությունը, տվյալ դեպքում Վրաստանը, աջակցում է ահաբեկչությանը, ահաբեկիչներին տանիք տալիս, ապա դա դեռ բավարար չէ հարեւան պետությանը մեղադրել ահաբեկչության մեջ։ «Ազգը» ուշի-ուշով հետեւում է վրացական մամուլի, պետական գործիչների խիստ ընդգծված հակահայ հրապարակումներին, հայտարարություններին։ Այս մեկը, որ որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք, վերջին տարիների վրացական մամուլի թերեւս ամենահակահայ հոդվածն է, ընդ որում, պաշտոնական տեսակետներ արտահայտող «Վրացական ժամանակներ»-ում։ Վրացական պաշտոնական մամուլը սովորաբար հայկական հարցերում չեզոքություն է դրսեւորել։ Ինչո՞ւ որոշեց նման հոդված հրապարակել։ Այս հարցի պատասխանը դեռեւս չգիտենք, կարող ենք միայն ենթադրություններ անել։ Օրինակՙ վրաց համապատասխան ծառայությունները պատրաստվում են սադրիչ գործողություններ իրականացնել Ջավախքում։ Հնարավոր է նաեւ, որ Թուրքիան է պատվիրում նման հոդվածները, վրաց ժողովրդի մոտ հակահայ տրամադրություններ հրահրելու միտումով։

Այս հոդվածի նպատակը Վրաստանի հնագույն հարեւանին անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը չէ։ Ներկայացվող փաստերը ստացել ենք հետախուզական վստահելի աղբյուրներից, հույս ունենք, որ հոդվածը տագնապ կհնչեցնի շահագրգիռ կողմերի համար, կկանխի քաղաքացիական թիրախներին հնարավոր ահաբեկչական գործողությունները։

«Վրացական ժամանակները» ստացել է գաղտնի տեղեկատվություն, որ այս տարվա մարտին հայկական ահաբեկչական կազմակերպությունները Շվեյցարիայում հանդիպել են, որի ընթացքում այդ կազմակերպությունների առաջնորդները Սամցխե-Ջավախքում անջատողականությունը խրախուսելու, երկրամասի հայկական կազմակերպություններին զինելու նպատակով հանգանակել են միլիոնավոր դոլարներ։

Հայկական ահաբեկչական կազմակերպությունները ոչ միայն հետխորհրդային երկրների, այլեւ ամբողջ աշխարհի նմանատիպ կազմակերպությունների շարքում ուժեղագույններից, լավ զինվածներից եւ ագրեսիվներից են։ Հայ ահաբեկիչները իրականացրել են տասնյակ ահաբեկչական գործողություններ, սպանել Թուրքիայի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, այլ երկրների դիվանագետների։

Վրաստանի պետանվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի փաստաթղթերից մեկում նշվում է. «ՀՅԴ առաջնորդները 2002 թ. մարտին հավաքվել են Շվեյցարիայում։ Այդ հանդիպման ընթացքում քննարկվել է Սամցխե-Ջավախքը Հայաստանին միացնելու հարցը։ Ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի ՀՅԴ կառույցները ֆինանսավորելու են «Ջավախքի վերածննդի հիմնադրամին», որպեսզի Ջավախքն ստանա ինքնավարության կարգավիճակ։ Հանդիպման ընթացքում հանգանակվել են միլիոնավոր դոլարներ, ինչը պետք է ծախսվի քարոզչության եւ զենք ձեռք բերելու համար։ Զենքը բերվելու է Միջին Արեւելքի երկրներից մեկից։

Մեր ունեցած տեղեկություններով, հայկական ամենահզոր կազմակերպությունըՙ Հայաստանի գաղտնի բանակը (նկատի ունի ԱՍԱԼԱ-ն¬խմբ.), նպատակ ունի Սամցխե-Ջավախքում հրահրել զինված հակամարտություն (հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն 1984 թ.-ից որպես այդպիսին այլեւս գոյություն չունի- խմբ.)։

«Հայկական ահաբեկչական կազմակերպությունները շատ են, բայց չեմ կարծում, թե իրական վտանգը նրանցից պետք է սպասել։ Սամցխե-Ջավախքում ունեմ հայազգի մոտ ընկերներ», «Վրացական ժամանակներին» ասաց Վրաստանի հետախուզության պետդեպարտամենտի ղեկավար Ավթանդիլ Իոսելիանին։

Փաստաթղթում, որը մեզ է տրամադրել վրացական հետախուզության մի պաշտոնյա, շեշտվում է, որ հայկական ահաբեկչությունը ապակայունացնող գործոն է ոչ միայն Ադրբեջանում, այլեւ վտանգավոր է Վրաստանի, Թուրքիայի, Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի համար։

Պետք է նկատենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել ահաբեկչական կազմակերպություններին գործել Հայաստանում, հայ ահաբեկիչներին տրամադրել անհրաժեշտ ինքնությունը հաստատող կեղծ փաստաթղթեր, զենքեր, փող։ Արտասահմանում ծնված հայ ահաբեկիչները նախ 1980-ական թթ. վերջին սկսեցին ադրբեջանցիներին հալածել եւ դուրս քշել Երեւանից։ Փսիխոզի եւ ահաբեկչության ստեղծված մթնոլորտում հայ ահաբեկիչները սպանեցին 100-ից ավելի եւ երկրից դուրս քշեցին 250 հազար ադրբեջանցիների։ Հետագայում, երբ աշխարհը տեղեկացավ այս գազանության մասին, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց դա բարդել ընդդիմության վրա։

Հակաահաբեկչական կենտրոնի տրամադրած տվյալներով, պաշտոնական Երեւանը մի քանի ահաբեկչական կազմակերպությունների մատակարարում է զենքեր, հրթիռներ։ Հայաստանի կառավարությունը պատասխանատու է Ադրբեջանի Քարաքենդ գյուղի երկնքում 1991 թ. ահաբեկչական գործողության համար։ Հայաստանի կողմից արձակված հրթիռը կործանեց ուղղաթիռը, որի մեջ էին Ադրբեջանի պետնախարարը, փոխպետնախարարը, գլխավոր դատախազը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ եւ դիտորդներ Ռուսաստանից։ Հայ ահաբեկիչները պայթեցրին Թբիլիսիից Աղդամ ուղեւորվող ավտոբուսը Թբիլիսիի մոտ, սպանվեց 20 մարդ։

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ահաբեկչական կազմակերպությունների վերականգնումը կենսական դարձավ։ Երբ Քոչարյանը որոշեց մասնակցել նախագահական ընտրություններին, նա բարի կամք դրսեւորեց եւ բանտից ազատ արձակեց ահաբեկիչ Հրանտ Մարգարյանին։ 1991 թ. Մարգարյանը Ղարաբաղ էր ուղարկվել կեղծ փաստաթղթերով։ Մարգարյանը, մյուս ահաբեկիչները, ինչպես Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սիսիլյանը հռչակվեցին ղարաբաղյան պատերազմի հերոսներ։ Այս ամենը մեզ հանգեցնում է տրամաբանական եզրակացության. գործող նախագահ Քոչարյանը ԼՂ ՊՊԿ-ի ղեկավար եղած ժամանակ մասնակցել է Խանքենդում (Ստեփանակերտ-խմբ.) ադրբեջանցիների նկատմամբ ահաբեկչական գործողություններին։ Հայաստանի գործող իշխանությունները, ներառյալ նախագահ Քոչարյանը, չեն թաքցնում իրենց սերտ հարաբերությունները հայ ահաբեկիչների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4