ՄԻՆՍԿ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Բելառուսի Հանրապետություն։ Ինչպես Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Պավել Լատուշկոն, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկու երկրների պատվիրակությունների բանակցություններ կկայանան նաեւ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ՀՀ նախագահի հանդիպումը Բելառուսի վարչապետ Գենադի Նովիցկու հետ։ Կողմերի ուշադրության կենտրոնում կլինեն Բելառուսի եւ Հայաստանի քաղաքական, առեւտրատնտեսական համագործակցության, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, կրթության, զբոսաշրջության եւ սպորտի բնագավառում կապերի զարգացման հարցերը։ Կամփոփվեն նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում հայ-բելառուսական տասնամյա կապերի արդյունքները։