«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՇՆԱՆԸ

«Վերջնական գնահատական տալ հնարավոր կլինի միայն գործնական արդյունքներից հետո։ Բայց որպես սկիզբ մենք դրական, բարձր ենք գնահատում համաժողովի աշխատանքները», երեկ նշեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանըՙ Հայաստան-սփյուռք երկրորդ համաժողովի աշխատանքներն ամփոփելիս։

Պրն Օսկանյանի հավաստմամբ, մոտակա ամիսներին նախատեսվում է կազմակերպել աշխատանքային խմբերՙ համաժողովում քննարկված չորս ոլորտներին համապատասխան։ Սփյուռքի բոլոր հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվելիք այս խմբերը պիտի գործնական քայլեր ձեռնարկեն համաժողովում ամբողջացված յոթ ծրագրերի ուղղությամբ։ Ծրագրերը հիմնականում վերաբերում են հայագիտության, կրթության ոլորտներին։

«Այնպես որ, ծրագրում ենք անմիջական ու գործնական շարունակություն ապահովել համաժողովի համար։ Ու պիտի փորձենք եկող ամիսներին, տարիներին այդ ծրագրերն իրականություն դարձնել»։ Ըստ Վ. Օսկանյանի, նոր ձեւավորվող աշխատանքային խմբերի առաջին հավաքը կկայանա այս աշնանը։ Ու սրանց աշխատանքների արդյունքներով էլ կորոշվի հերթական խորհրդաժողովի ժամկետըՙ երկու կամ երեք տարի հետո։

Խորհրդաժողովից զատ, անդրադառնալով ԼՂ հարցի քննարկմանը Պուտին-Բուշ հանդիպման շրջանակներում, արտգործնախարարը նշեց, թե Հայաստանը դրական է գնահատում խնդրին անդրադառնալու փաստը։ «Ընդունած հայտարարության մեջ ԼՂ խնդրի մասով նրանք, փաստորեն, կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանինՙ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն աշխուժացնելու ջանքեր գործադրել»։

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը նշանակո՞ւմ է, արդյոքՙ թե Թուրքիան կարող է որեւէ կերպ ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։ «Թուրքիան չի կարող որպես միջնորդ հանդես գալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։ Միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ինն է ու արդյունավետ է իրականացվում։ Թուրքիան էլ է սա հասկանում։

Եռակողմ հանդիպումները նպաստում են, որ իրավահավասար երեք կողմերը պատրաստակամություն ու պատասխանատվություն հանձն առնենՙ նպաստելու մեր տարածաշրջանում կայունության առավել նպաստավոր պայմաններ ստեղծելուն»։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4