Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը հայտարարել է, որ անցնող շաբաթ Մոսկվայում ավարտված ռուս-ամերիկյան գագաթաժողովը, անկասկած, դրականորեն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Ռուս դիվանագետի խոսքերով, Վաշինգտոնի եւ Մոսկվայի համագործակցությանՙ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շուտափույթ հաստատման ջանքերը ԵԱՀԿ շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության գերակայություններից են։ Ն. Ռյաբովը չի բացառել արդեն մոտ ապագայում այդ համագործակցության հնարավոր ինչ-որ կոնկրետ արդյունք, ինչպես նաեւՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտալուտ այցելությունը հակամարտության գոտի։ Հեյդար Ալիեւի վերջին հայտարարությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը թույլ է տալիս ռուս դիվանագետին պնդել, որ կարգավորումը գնում է անհրաժեշտ ուղղությամբ։ Անդրադառնալով միջնորդական առաքելությունը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին թողնելու հնարավորության հարցին, Ն. Ռյաբովն ասել է, որ նման խնդիրը պետք է լուծել ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, այլՙ ԵԱՀԿ-ում։
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ԵԱՀԿ-ն պատրաստվում է խաղաղարար զորքեր ուղարկել ղարաբաղյան դիմակայության գոտի, իսկ Հեյդար Ալիեւը սկզբունքորեն դեմ չէ դրան։