«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ԹՈՒՐՔ ՀԵՏԱԶՈՏՈՂ-ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

«Ազգը», վկայակոչելով Արմենպրես գործակալությանը, հաղորդել էր, որ մայիսի 30-ին չորսօրյա այցով Հայաստան են ժամանելու Թուրքիայի «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ումիթ Օզդախը, կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ Յաղար Քալաֆաթը, Թուրքիայի «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը եւ փորձագետ Մահմադ Նիյազի Սեզգին։ Նախատեսված էին թուրք հետազոտողների հանդիպումները Հայաստանում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչների, այդ թվում ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Ենթադրվում էր, որ թուրքերը Գիտությունների ազգային ակադեմիայի պատմաբանների եւ ակադեմիկոսների հետ կքննարկեն Հայոց ցեղասպանության խնդիրը։

Թուրք հետազոտողների խմբի Հայաստան այցելությունը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Հայ-թուրքական գործարար միության հայկական կողմի համանախագահ Արսեն Ղազարյանը։ Հենց վերջինս էր կազմակերպել թուրք հետազոտողների այցելությունը Հայաստան։ Պրն Ղազարյանը չի նշել այցը չեղյալ հայտարարելու պատճառները։ «Արմինֆոն» հաղորդում է, որ պատճառը սպասվելիք այցի մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումներն են։

Մեր կողմից ավելորդ չենք համարում նշել, որ Ումիթ Օզդախը եւ Օմեր Էնգին Լյութեմը հսկայական աշխատանքներ են տանում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու ուղղությամբ։ Ավելին, այս հետազոտող-կեղծարարները փորձում են հակառակն ապացուցել, թե ինչպես են հայերը կոտորել թուրք ժողովրդին։ Թուրքիայի «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» համակարգչային սայթը (www.eraren.ocg) թուրքական կեղծարարության լավագույն օրինակն է, իսկ տնօրեն Լյութեմըՙ ամենահայտնի թուրք կեղծարարներից։

Թե ինչու է պրն. Արսեն Ղազարյանը հրավիրել թուրք կեղծարարներին եւ վերջիններս հայ պատմաբանների ու ակադեմիկոսների հետ Հայոց ցեղասպանության փաստը ինչ ենթատեքստով էին քննարկելու, մեզ մնում է միայն ենթադրել։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4