«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2002-05-30 | #100, 2002-05-31 | #101, 2002-06-01


ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆՙ 7 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Մուշեղ Սաղաթելյանի գործով դատավարության վերջին նիստը կայացավ մայիսի 14-ին։ Մինչեւ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանը խորհրդակցական սենյակում էր։

Երեկ, մինչ դատական եզրափակիչ նիստը կսկսվեր, դահլիճն արդեն լեփ-լեցուն էր, մի որոշ մասն էլ չկարողացավ մտնել դահլիճ։ Երբ ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանին բերեցին, դահլիճում գտնվող նրա համախոհները նախ ծափողջույններով դիմավորեցին նրան, ապա սկսեցին «Մուշեղ» բղավել։

Ինչեւէ, դահլիճն այդուհետեւ քարտուղարուհու «Ոտքի՛ դատարանն է գալիս»-ից հետո ոտքի կանգնեցՙ մինչեւ դատավճռի ընթերցման ավարտը։

Նկատի ունենալով դատավճռի ծավալուն լինելն ու ամբողջությամբ չընթերցելու իրավական հնարավորությունըՙ դատավոր Վազգեն Լալայանը հրապարակեց դատավճռի ներածականը, նկարագրականըՙ մասնակիորեն, իսկ բուն դատավճիռնՙ ամբողջությամբ։ Սկսելով Մուշեղ Սաղաթելյանի կենսագրականից եւ նրան ներկայացվող մեղադրանքից (ՀՀ քր. օր.-ի հ. 182 (2)-ի, 183 (1, 2)-ի, 15¬195 (2)-ի, 213 (3)-ի մեղադրանքները)ՙ պրն Լալայանն անցավ նրան, որ դատարանը հանգում է ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանի մեղավոր լինելուն, ուստի նա ենթակա է պատժի։

Դատավորը նաեւ նշեց, որ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առնում ե՛ւ ամբաստանյալի վատառողջությունը, ե՛ւ Արցախյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելը։

Մինչ դատավորը կընթերցեր դատավճիռը, նրա ձեռքերը սկսեցին զգալի դողալ։ Ամեն դեպքում, դատարանը վճռեց ամբաստանյալ Մուշեղ Սաղաթելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 213 (3), 182 (1), 183 (1, 2), 15¬195 (2) հոդվածներով հանցանքների կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով ու տուգանքՙ 90 հազար դրամ, պատիժը կրել ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Պատժաժամկետը կհաշվվի Մ. Սաղաթելյանի կալանման օրվանիցՙ 2001 թ. հոկտեմբերից։ Ինչ վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքին, ապա դատարանը վճռեց թողնել անփոփոխՙ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատարանը վճռեց նաեւ կեղծ դիպլոմի հետ կապված Մուշեղ Սաղաթելյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի գործերը վերադարձնել ներքին գործերի, իսկ Գորիսի դեպքերի հետ կապված դատապարտյալ Ռաֆիկ Զորոյանի գործըՙ արդարադատության նախարարություն։

Դատավորի վերջին խոսքերի հետ դահլիճը բուռն դժգոհությամբ եւ հայհոյանքներով արձագանքեց հրապարակված դատավճռին։ Եվ ո՛չ միայն։ Դեպի դատավորը դահլիճից շպրտվեցին մանր-մունր առարկաներ։ Վիրավորանքների իրենց «բաժինն» էլ ստացան դատավարությանը ներկա լրագրողները։ Դատավարության տարբեր նիստերի ընթացքում լրագրողների հասցեին այսպես-այնպես արտահայտվող որոշ ներկաներ երեկ, ազատություն տալով իրենց անկրթությանը, միայն ցույց տվեցին, թե որքան կարող են գռեհիկ լինել։ Էլ չասած դատավորի հասցեին ուղղված հայհոյանքների մասին։ Դրանց «հեղինակները» տարրական հարգաք իսկ չցուցաբերեցին դահլիճում գտնվող այն կանանց նկատմամբ, ովքեր ներկա էին լինում գրեթե յուրաքանչյուր դատական նիստի։

Մինչ դահլիճից հեռանալը Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ հրապարակված դատավճիռն ընդամենը ծաղրուծանակ է։ Պաշտպանը նշեց, որ իրենք կդիմեն վերաքննիչ, նաեւ վճռաբեկ դատարաններինՙ ակնկալիքներ ունենալով արդարադատությունից։

Դրսում արդեն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նշեց, որ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններից ակնկալիքներ չունեն։ Նա դատավարությունը միանշանակ որակեց որպես քաղաքական պայքարի խնդիր։ Դատավորի ձեռքերի դողը պրն Սարգսյանը մեկնաբանեց որպես վախ, որը դատավորից «մոտ 30 տարվա կյանք խլեց»։ Ըստ նրա, իշխանությունների կողմից Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ նման վերաբերմունքը նշանակում է, որ ովքեր կկասկածեն իշխանություններին, կդատապարտվեն։

Այսպիսով, դատարանի վճռած պատիժը պաշտպանական կողմը կվիճարկի վերաքննիչ դատարանում։

Մ. Սաղաթելյանի գործով դատավարությունն առաջին ատյանում ավարտվեց։ Եվ վերաքննիչ, նաեւ վճռաբեկ բողոքների դեպքում էլ, հուսով ենք, կհաղթի արդարությունըՙ ի դեմս արդարության։ Եվ չի՛ դողա։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4