Հայաստանի պատվիրակության հանդիպումները նահանգապետ Տկաչովի եւ ատաման Գրոմովի հետ
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 31 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Միգրացիոն խնդիրների լուծման մեխանիզմներն են քննարկվել մայիսի 30-ին Կրասնոդար ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական-կառավարական պաշտոնական պատվիրակության անդամների հետ Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչովի հանդիպմանը։ Ինչպես Ռուսաստանի Հարավի «Երկրամաս» թերթին հայտնել է հանդիպմանը մասնակցած Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հանդիպմանը նահանգապետին ներկայացվեցին այն հարցերը, որոնք անհանգստացնում են Հայաստանի պատվիրակությանը հայ բնակչության նկատմամբ Կուբանում կատարվող իրադարձությունների առնչությամբ։ ՀՀ պատվիրակության անդամների կարծիքով, միգրացիոն խնդիրները լուծել անհրաժեշտ է, բայց երկրամասային միգրացիոն օրենսդրության կիրառումն անընդունելի է։ «Ամեն ինչ պետք է լինի դաշնային օրենսդրության շրջանակում»,- գտնում է Արմեն Ռուստամյանը։ Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին ներկայացվեցին նաեւ միգրացիոն խնդիրների լուծման հանդեպ մոտեցումներ, ելնելով նրանից, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առկա է լուրջ իրավական դաշտ դրա համար։ Հայաստանցի հյուրերի կարծիքով, առանձնահատուկ վերաբերմունք հայերի նկատմամբ (քանի որ նրանք հայեր են, այլ ոչ թե ուրիշ ազգի ներկայացուցիչներ) չպետք է լինի, բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել միջպետական փոխհարաբերությունների առանձնահատուկ մակարդակը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, որը մեծ հնարավորություններ է ընձեռում ծագող խնդիրների լուծման համար, իսկ Կուբանըՙ լինելով Ռուսաստանի անքակտելի մասը, պետք է հարգի նրա միջպետական համաձայնագրերը։ Որպես Հայաստանի քաղաքացիների հետ կապված խնդիրների լուծման մի տարբերակ Ալեքսանդր Տկաչովին առաջարկվեց երկրամասում բացել Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները կվերահսկեն տեղի ունեցող դեպքերը եւ իրենցից կախված ամեն ինչ կանեն այդ խնդիրների լուծման համար։ Առանձին նշվել է Սարատովի մարզի հետ փոխհարաբերությունների փորձը, որի հետ Հայաստանն ունի համագործակցության համաձայնություն։ «Նման համաձայնություն կարող է ստորագրվել եւ Կրասնոդարի երկրամասի հետ»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կուբանի կազակական զորքի (ԿԿԶ) ատաման Վլադիմիր Գրոմովի հետ։ Ատամանը հյուրերին պատմել է ԿԿԶ մասին, ընդգծելով, որ զորքը «պետություն է պետության մեջ»։ Վլադիմիր Գրոմովը Կրասնոդարի երկրամասում ապրող հայերին բաժանել է մի քանի խմբերի. 1. «բնիկ հայեր», որոնք Կուբանում են ապրում դարերով, 2. հայեր, որոնք Կուբան են տեղափոխվել 50-ական թվականներին, պատերազմից հետո Ղրիմից աքսորված հայերի ռեաբիլիտացման հետ կապված։ Այդ խմբին եւս ատամանը համարում է բնիկ, 3. հայեր, որոնք երկրամաս են փոխադրվել Ադրբեջանում տեղ գտած հայտնի իրադարձություններից եւ Հայաստանի երկրաշարժից հետո։ Ըստ ատամանի, Կուբանի բնակիչներին անհանգստացնում է վերջին խմբի հայերի «հորձանքը»։ Այդ վերաբնակիչների մի մասն արդեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն շատերը երկրամասում են գտնվում անլեգալ, աշխատում են, եւ նրանց թվաքանակի մեծացումը, Վլադիմիր Գրոմովի կարծիքով, հարուցում է «տեղի բնակչության» խիստ բացասական վերաբերմունքը։ Դա արտահայտվեց օրինակ Կրասնոդարում հայկական եկեղեցու շինարարությանը կամ անցած նահանգապետական ընտրություններին հայերի մասնակցությանը «ոչ միանշանակ հակազդեցությամբ»։ Անդրադառնալով Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը տեղ գտած վանդալիզմի փաստին, որտեղ ավերվել էին հայերի գերեզմանաքարերը, Վլադիմիր Գրոմովը դատապարտեց կատարվածը, միաժամանակ ասելով, որ «ձեր երիտասարդներն էլ հրեշտակներ չեն»։ Ռուսների եւ հայերի լարված հարաբերությունների պատճառներից է ԿԿԶ ատամանը համարում մենթալիտետի տարբերությունները. «հայերն աչքի են ընկնում կենսունակությամբ, ձեռներեցությամբ եւ գործարար ակտիվությամբ ի տարբերություն ռուսների, իսկ մեր ընդհանուր աղքատության ֆոնի վրա հայերի առատությունը առեւտրում եւ բիզնեսում բացասաբար է ընկալվում տեղի բնակչության կողմից»։
Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Գրոմովին անկեղծության համար։ Նշելով կազակության դերը Կուբանում, Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ «հայերի թվաքանակը երկրամասում չպետք է վախեցնի տեղի բնակչությանը», իսկ խնդիրը հանգում է սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը։ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ միգրանտներին անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում նրանք ընտրության հնարավորություն կունենան, քանի որ խորհրդային նմուշի անձնագրերով նրանք գտնվում են իրավական դաշտից դուրս։ Իբրեւ խնդրի լուծման ուղի նա նշեց Հայաստանի գլխավոր հյուպատոսության հնարավոր բացումը Ռուսաստանի հարավում։ Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, արդեն իսկ Սոչիում գործում է ժամանակավոր հյուպատոսական բաժին, եւ չորս ամսում նրա կողմից նոր հայկական անձնագրեր են տրվել Հայաստանի ութ հարյուր քաղաքացիների, որոնցից 300-ն արդեն մեկնել են Հայաստան։