Օրերս Սոչիի 7-րդ եւ 8-րդ միջնակարգ դպրոցներում անցկացվեցին արտասովոր ծնողական ժողովներ։ Հայրիկներն ու մայրիկները, որոնք կարծում էին, թե իրենց դպրոց են հրավիրել երեխաների առաջադիմության մասին խոսելու նպատակով, դասարաններում հայտնվեցին ոչ թե մանկավարժների, այլ միլիցիայի աշխատակիցների կողքին։ Ինչպես պարզվեց, ծնողներին հավաքել էին յուրօրինակ «զտման» համար։
Ովքեր անձնագրերում Սոչիում գրանցված լինելու նշումներ ունեին, ազատ արձակվեցին, իսկ մյուսներին, հենց իրավապահների խոսքերով, «մի լավ մշակեցին»։ Կազմվեցին արձանագրություններ, եւ սկզբի համար մարդկանց պարտավորեցրին տուգանք վճարել։ Հետո բոլորին նախազգուշացրին, որ կարտաքսվեն, եթե չգրանցվեն սահմանված կարգով։
«Դպրոց» պայմանական անունը կրող գործողությունը, իհարկե, տարերայնորեն չէր անցկացվում։ Դրան նախորդել էր այն երեխաների ցուցակների կազմումը, ում ծնողները գրանցված չեն Սոչիում։ Նմաններին բացահայտում էին ուսուցիչները, պատկերացում չունենալով, թե ինչ նպատակով են օգտագործվելու իրենց «հետախուզական տվյալները»։ Սովորական ծնողական ժողովներում նրանք հարց ու փորձ էին անում, թե ում անձնագրերում չկան գրանցման նշումներ։ Մարդիկ պատասխանում էինՙ չզգալով որեւէ վտանգ։ Չէ որ, դաշնային օրենսդրության համաձայն, դպրոցը պարտավոր է ընդունել բոլոր երեխաներին, անկախ ծնողներիՙ անձնագրերում տվյալ բնակավայրում գրանցման նշումից։ Ավելին, ուսուցիչը չպետք է հետաքրքրվի ծնողների քաղաքացիությամբ եւ ազգությամբ։
Ինչպես պարզվեց, Կրասնոդարի երկրամասում ազգությամբ հետաքրքրվում են։ Ըստ որում, ոչ միայն աշակերտների ազգությամբ։ Սոչիի վարչակազմի կրթության եւ գիտության վարչության պետ Իրինա Բադայանի խոսքերով, երկրամասային իշխանությունները յուրաքանչյուր դպրոցից տեղեկություններ էին պահանջել մանկավարժների ազգության վերաբերյալ. քանի՞սն են հայ, վրացի, հրեա...
Բնականաբար, Սոչիի ուսուցիչների վրդովմունքն անսահման էր։ «Հասկանալի է, որ անօրինական ներգաղթի դեմ հարկավոր է պայքարել։ Բայց այստեղ ի՞նչ գործ ունի դպրոցը», զարմանում է Իրինա Բադայանը։ Ծնողական ժողով-զտումները ծրագրվել էին առողջարանի բոլոր դպրոցներում եւ, ինչպես պարզեցին կրթության ու գիտության վարչության աշխատակիցները, նախաձեռնության հեղինակներին պետք է փնտրել Սոչիի ներքին գործերի վարչությունում։ Քաղաքապետի կարգադրությամբ, չգրանցված քաղաքացիներին դպրոցների «միջոցով» բացահայտելու փորձերը ի վերջո դադարեցվեցին, իսկ տեղական միլիցիայի պետ Սերգեյ Նինոյին պարտավորեցրին պատժել երկրամասային նախաձեռնությունների մոլի կատարողներին։
Սակայն Սոչիում լարվածությունը չի նվազել։ Ի դեպ, ներկայումս ամբողջ Կուբանն ապրում է այն տհաճությունների սպասումով, որոնք կապված են երկրամասային «ներգաղթի» օրենքի կատարման հետ։ Իսկ երկրամասի հարավում լուռ խուճապ է տիրում. այստեղ, Կուբանի նահանգապետի խոսքերով, երկու մարդուց մեկի ազգանունն ունի «սխալ վերջավորություն»։
«Վրեմյա», Մոսկովյան թերթից