Ինչպես նշվում է ՄԱԿ-ի մանկական ֆոնդի հաշվետվության մեջ, «քանի դեռ չկա երեխաների նկատմամբ անհրաժեշտ հոգածություն, մարդկության հանապազօրյա խնդիրներից եւ ոչ մեկը չի կարող լուծվել»։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ տառապում են տարբեր պատճառներով։ 21-րդ դարի վերջին տասնամյակի ընթացքում 2 մլն երեխաներ մահացել են պատերազմների ու բռնությունների հետեւանքով։ 4 մլն-ը, ականներից վնասվելով, խեղանդամ են դարձել։ Որոշ տվյալների համաձայն, 15 տարեկանից փոքր 200¬250 մլն երեխաներ օրվա մեծ մասն անցկացնում են ծանր աշխատելով։ Սովամահ չլինելու նպատակով ասիական գորգագործական ֆաբրիկաներից մեկում առավոտից երեկո աշխատում են 5 տարեկան երեխաներ։ Աշխատելով անտանելի պայմաններում, նրանք տուժում են թե՛ մտավորապես, թե՛ ֆիզիկապես։ Ամեն տարի մի քանի հարյուր անօթեւան երեխաներ են սպանվում Բրազիլիայում։ Անգլիայում, Շոտլանդիայում կատաղի հարձակման զոհ են դառնում բազմաթիվ երեխաներ։ Դաժանությանը վարժեցնելովՙ ծնողական քնքշանքից զրկված շատ երեխաների դարձնում են զինվորներ եւ ստիպում մասնակցել պարտիզանական կռիվներին։ 1988 թ. աշխարհում կար 200 հազար փոքրիկ զինվոր։ Վերջին տարիներին նրանց թիվն աճել է։ 1996 թ. Ստոկհոլմում կայացած համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին 130 երկրների պատվիրակություններ, նվիրված էր կոմերցիոն նպատակներով անչափահասների սեքսուալ շահագործման դեմ մղվող պայքարին։ Աշխարհը ցնցված էր եվրոպական երկրներից մեկում միջազգային հանցագործ կազմակերպության բացահայտումից, որը հափշտակում էր երեխաների, սահմռկեցուցիչ պայմաններում ենթարկում սեքսուալ բռնությունների, անգամ սպանում, թողարկում մանկական պոռնոգրաֆիա։ Աշխարհի երեխաներին սպառնացող մեկ այլ չարիք է պեդոֆիլիան (մանկահասակների նկատմամբ սեքսուալ հետաքրքրվածություն)։ Պեդոֆիլներ հաճախ դառնում են վստահություն ներշնչող մարդիկՙ հարազատը, բժիշկը, ուսուցիչը։ Վերջին տարիներին շատ է խոսվում բարձրաստիճան կրոնավոր-պեդոֆիլների մասին, որոնք իրենց 10 տարեկան զոհերին բացատրել են, թե Աստված հավանություն է տալիս այն ամենին, ինչ իրենք անում են։
Տարիներ շարունակ բազմապիսի բռնությունների ենթարկված երեխաները դառնում են ինքնամփոփ, դժվար հաղորդակցվող, ստանում են հոգեկան խանգարումներ։ Աշխարհն արդեն համոզված է, որ երեխաների դեմ կիրառվող բռնություններն ահագնացող չափերի են հասել։ Իշխանությունները քայլեր են ձեռնարկում նրանց պաշտպանելու համարՙ արգելվում է սեքս-տուրիզմը, հետապնդվում եւ ձերբակալվում են պեդոֆիլները, հրատարակվում են երեխաների իրավունքները պաշտպանող օրենքներ։ Սակայն հազիվ թե թղթի վրա գրված օրենքները հուսալի պաշտպան դառնան։ Մի քանի երկրների ստորագրած երեխայի իրավունքի մասին կոնվենցիայի մեջ կան փաստեր, ըստ որոնց տնտեսական դժվար կացության պատճառով այդ երկրներից շատերն ի զորու չեն բավականաչափ միջոցներ տրամադրել մանուկների շահագործումը վերացնելու համար։
Հայաստանումՙ սոցիալապես շերտավորված հասարակության մեջ, պաշտպանության կարիք ունեն թե՛ մեծերը, թե՛ երեխաները։ Արտագնա աշխատանքի պատճառով շատ հայրեր բացակայում են տնից, եւ հաճախ ընտանիքի հոգսն ընկնում է երեխայի ուսերին։ Անհետանում է գոնե միջնակարգ կրթություն ստանալու ցանկությունը։ Բերենք մի քանի վիճակագրական տվյալներ։ 1995 թ. 8-րդ դասարանն ավարտել է 1987 թ. դպրոց ընդունվածների 77,2 տոկոսը, իսկ 1997 թ. 8-րդ դասարանն ավարտել է 1989 թ. ընդունվածների 59,3 տոկոսը։ 7¬24 տարեկանների մեջ ուս. հաստատություններում ընդգրկվածների թիվը 66 տոկոսից իջել է 54,2 տոկոսի։ Ուսուցիչների վկայությամբ եւ ազգագրական հետազոտությունների տվյալներով, դպրոցը թողնում են III, IV, V դասարաններից կամ էլ առհասարակ դպրոց չեն հաճախում։ Պատճառները տաք հագուստ, գրքեր եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու անհնարինությունը, երեխաների աշխատելու փաստը, հոգեբանական այլ գործոններ են։ Ծնողական ուշադրությունից դուրս մնացած շատ անչափահասներ զբաղվում են գողությամբ, մարմնավաճառությամբ։ Երբեմն ծնողները երեխաներին ստիպում են զբաղվել մուրացկանությամբ։
Ինչպես նշվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի 1992 թ. հաշվետվության մեջ, «մանուկների դեմ պատերազմը 20-րդ դարի հայտնագործությունն էր»։ Թե ինչպիսին կլինի 21-րդ դարը, ցույց կտա ապագան։
ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ