Ուսանողներով լի փողոցներում ամեն քայլափոխի կան ցուցանակներ, որ գովազդում են «թարմ փքաբլիթը», «համբուրգերը», «տաք պոնչիկն» ու «պեռաշկին»։ Դրանք հիմնականում տաք են։ Սակայն դասից ուշացող կամ մի տեղ շտապող ուսանողները հաճախ ուշադրություն չեն դարձնում, որ դրանք սովորականից մի քիչ մուգ գույն եւ ինչ-որ դառնություն ունեն։
Փքաբլիթի ինքնարժեքը 30¬50 դրամ պետք է կազմի։ Սակայն կրպակների տերերը, որ, իհարկե, ֆինանսապես այդքան էլ ապահով չեն, ձգտում են հնարավորինս մեծ շահույթներ ստանալ։ Խոհարարներն էլ գտել են «խնայողության» ձեւը. խորը կաթսայի մեջ լցնում են կես շիշ ձեթ եւ մի քանի օր շարունակ բլիթները դրա մեջ տապակում։ Փքաբլիթի ինքնարժեքը դառնում է 15¬20 դրամՙ գրեթե կրկնակի էժան։ Եթե դատարկ ժամանակ նույնիսկ ձեռքդ վերցնես կաթսան, կզգաս պատերին կպած ձեթի ծանրությունը։
Առեւտրից դժգոհ չեն վաճառողները. ուսանողների մեծ մասը նախընտրում է 50¬100 դրամ արժողությամբ այդ սնունդը։
ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության վարչությունը դեմ է տեղում պատրաստվող սննդի (համբուրգերներ, փքաբլիթներ) վաճառքին։ Նրանք այդպիսի սննդի վաճառքն արգելելու համար դիմել են թե՛ քաղաքապետարանին, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սակայն գետնանցումներում ու բանուկ փողոցներում վառած սոխի ու ձեթի հոտը չի պակասել։
Ամերիկյան ուռուցքաբանների ընկերության անդամները հայտնաբերել են, որ բարձր ջերմաստիճանի տակ յուղի եւ ձեթի մեջ առաջանում են քաղցկեղածին նյութեր, որոնք կարող են ստամոքսի քաղցկեղի պատճառ դառնալ։ Նրանք դեռեւս 20 տարի առաջ մի միջոցառում էին կազմակերպելՙ «Տնտեսուհի՛, կաթսադ լվա՛» խորագրով, որի շրջանակներում դասախոսությունների, հանդիպումների ժամանակ փորձում էին հասարակությանը բացատրել, որ առողջության համար վտանգավոր է յուղերի եւ ձեթերի այդօրինակ գործածումը։ Այս ծրագրի շնորհիվ, ըստ ընկերության հաշվարկների, ԱՄՆ-ում 70 տոկոսով նվազել է ստամոսքի քաղցկեղով հիվանդների թիվը։
Երեւանի գլխավոր սանիտարական բժիշկ Մարիետա Հախվերդյանի կարծիքով նույնպես, ձեթն օքսիդացման որոշակի աստիճանում արդեն վտանգավոր է դառնում մարդու օրգանիզմի համար։
Մեզանում, կարծում եմ, խնդիրը միայն ինֆորմացիայի պակասը չէ։ «Դե, բալես, ասաց փքաբլիթ վաճառող մի տատիկ, ի՞նչ անեմ, շեֆն ա տենց ասում»։
Բացի սոցիալականից, կա խնդրի օրենսդրական կողմը։ Սննդի կետերը հսկում են քաղաքի սանէպիդկայանները։ Մինչ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» վերջին օրենքի ընդունումը, տարածքային սանէպիդկայանը հնարավորություն ուներ ցանկացած պահի ստուգայցեր կատարել սննդի կրպակներ։ Իսկ նոր օրենքով ստուգումներ կատարվում են տարին միայն մեկ անգամ, այն էլՙ ստուգող համապատասխան պետական մարմինը «ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ» պետք է այդ մասին տեղյակ պահի տնտեսվարող սուբյեկտի ղեկավարինՙ «բացառությամբ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, տարադրամի փոխանակման կետերի... ստուգումների»։
«Պարզ է, ասաց Մարիետա Հախվերդյանը, այս դեպքում արդեն նրանք նախապատրաստված են լինում»։
ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության վարչության պետ Արտավազդ Վանյանի կարծիքով, երեք օր առաջ տեղեկացնելը սխալ է, քանի որ այդպիսով մենք փորձում ենք ինքներս մեզ հակասել. ժամանակ ենք տալիս, որ մարդն այն խախտումները, որ հետո էլ կրկնելու է, այդ ընթացքում չանի, ընդհուպ գործունեությունը դադարեցնի»։
Չգիտեմՙ ինչ կտա 365 օրերից մեկը մաքուր կաթսայում փքաբլիթ տապակելը, իսկ հաջորդ օրը կրկին հին, ձեթոտ կաթսայի առջեւ կանգնելը։ Գոնե թող այդ օրը հատուկ ցուցանակ փակցնենՙ «Այսօր կարող եք փքաբլիթ ուտել առանց քաղցկեղով հիվանդանալու վտանգի»։
Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նախարարությունը համապատասխան մարմիններին չի դիմում սննդի կետերի համար եւս օրենքում բացառություն սահմանելու համարՙ պրն Վանյանը պատասխանեց. «Դրա համար օրենսդրական մի ամբողջ փաթեթ է հարկավոր, որը պատրաստելը մոտ վեց ամսվա աշխատանք է։ Ես կողմ եմ այդ փոփոխությանը, սակայն այսօր առավել կարեւոր խնդիրներ ունենք։ Հետո դրան կանդրադառնանք։ Ստուգումը տարին մեկ անգամ կատարվող ընթացիկ աշխատանք է։ Սակայն վարչական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք թույլ են տալիս ահազանգի կամ այլ հիմքի դեպքում ուսումնասիրություն կատարել, վարչական միջոցառումներ ձեռնարկելՙ ընդհուպ դադարեցնել օբյեկտի գործունեությունը։ Սրանով իսկ հակահամաճարակային միջոցառումների գործունությունը չի խոչընդոտվում։ Այսինքնՙ եթե ահազանգ կա, մենք անմիջապես ուսումնասիրություն կկատարենք»։
Զրույցից հասկացա, որ ահազանգողը հիմնականում գնորդն է։ «Մի գնորդ էլ մենք ենք, շատ դեպքերում մենք ենք հայտնաբերում», ասաց պրն Վանյանը։
Իսկ թե որքանով է նպատակահարմար հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելՙ հույսը դնելով արդեն իսկ իր առողջությունը վտանգած գնորդի ահազանգի վրա, հարց է։
Քանի դեռ օրենքը ժողովրդի շահերից չի բխում, մնում է ենթադրել, որ կամ առողջապահության նախարարը, իր եւ սանէպիդկայանի աշխատակիցներն իրենց ուսանող եւ դպրոցական երեխաների հետ «բախտ չեն ունենում» սնվել քաղցկեղածին սննդամթերքով եւ անտարբեր են, կամ էլ ստեղծված իրավիճակը շահավետ է նրանց համար էլ...
Դա էլ Հայաստանը դատարկելու մի ձեւ է. ոմանք գնում են Հայաստանից, ոմանք մեռնում են Հայաստանում։ Պարզապես եթե մեռնում են, մեռնեն գոնե հանուն հայրենիքի, ոչ թեՙ պոնչիկ ծախողի։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ