Հունիսի 1¬5-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի Գրան պրիի երկրորդ փուլը։ Հիշեցնենք, որ առաջինն անցկացվել էր ապրիլին Դուբայում եւ ավարտվել էր Պետեր Լեկոյի հաղթանակով։ 32 մասնակիցները վիճակահանությամբ կբաժանվեն զույգերի եւ գավաթային հանդիպումների սկզբունքով կվիճարկեն 1¬16-րդ տեղերըՙ ստանալով համապատասխան միավորներ։ Հինգ փուլերի ընդհանուր արդյունքով տարեվերջին կորոշվի Գրան պրիի դափնեկիրը։ Մոսկովյան մրցաշարին մասնակցելու հրավեր էին ստացել աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները, սակայն տարբեր պատճառներով մրցաշարին չեն մասնակցի Վլադիմիր Կրամնիկը, Անատոլի Կարպովը, Վիշվանաթան Անանդը, Դորտմունդի հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վեսելին Թոփալովը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Մայքլ Ադամսը, Պետեր Լեկոն, Ալեքսեյ Շիրովը, Բորիս Գելֆանդը։ Չնայած դրան, մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել։ 32 մասնակիցների թվում են նաեւ երեւանցի միջազգային գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Ռաֆայել Վահանյանը։ Մոսկվայում հանդես կգան նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը, Գարրի Կասպարովը, Վասիլի Իվանչուկը, Պյոտր Սվիդլերը, Եվգենի Բարեեւը, Ժոյել Լոթյեն, Ալեքսեյ Դրեեւը, Ալեքսանդր Խալիֆմանը, Հուդիթ Պոլգարը եւ այլ ուժեղագույն շախմատիստներ։