«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՎԱՐՈՒՄ

Պնդում է «Թրքիշ դեյլի նյուսը»

Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը եւ նրա հայ պաշտոնակից Վարդան Օսկանյանը հունիսին, նախքան Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովը, հերթական անգամ հանդիպում կունենան, հանդիպման օրը հանրությանը տեղյակ չի պահվի, հունիսի 3-ի համարում գրում է Անկարայի արտաքին քաղաքականության տեսակետներն արտահայտող անգլիատառ «Թրքիշ դեյլի նյուսը»։

Ջեմ-Օսկանյան երրորդ հանդիպումը հավանաբար տեղի կունենա Ստամբուլում, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներ գրում է թերթը։ «Նրանք քննարկելու են ամեն ինչ խորությամբ», թերթին հայտնել է անանուն աղբյուրը։ Թուրք եւ հայ դիվանագետները որոշել են մամուլից գաղտնի պահել Ջեմ-Օսկանյան հանդիպումների մանրամասները մի քանի ամիս, մինչեւ երկու պետությունների բանակցությունները չավարտվեն։

Հայ եւ թուրք դիվանագետները, որոնք նախապատրաստում են Ջեմ-Օսկանյան հերթական հանդիպումը, հայ-թուրքական սահմանի բացումը, ասել է թեՙ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցը, երկու պետությունների առեւտրային հարաբերությունների բարելավումը, այլ խնդիրներ, քննարկում են քայլ առ քայլ։

«Ազգի» ունեցած տեղեկություններով, հայկական կողմից Ջեմ-Օսկանյան հանդիպումը նախապատրաստում է ԱԳՆ Միջին Արեւելքի բաժնի վարիչ, ՀՀ-ում ԼՂՀ նախկին ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը։

Ինչպես գրել ենք «Ազգի» նախորդ համարում, թուրք հետազոտողների չորս հոգանոց խումբը չեղյալ հայտարարեց Հայաստան այցելությունը։ Խմբի անդամ, «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն պրոֆեսոր Ումիթ Օզդաղը «Թրքիշ դեյլի նյուսին» ասել է, որ հայկական Արմենպրես գործակալության տարածած լուրը, թե խումբն այցելելու է «այսպես կոչված Հայոց ցեղասպանության թանգարան», այցի չեղյալ հայտարարելու պատճառ է դարձել։ Օզդաղը նշել է նաեւ, թե խումբը չի ծրագրել այցելել թանգարան, այնուամենայնիվ, որոշվել է այցելությունը չեղյալ հայտարարել։

Թուրքական պատվիրակությանը Հայաստան էր հրավիրել Հայ-թուրքական գործարար միության հայկական կողմի համանախագահ Արսեն Ղազարյանը։ Ի դեպ, այս օրերին Երեւանում է միության թուրքական կողմից համանախագահ Քաան Սոյաքը, որի հետ հարցազրույցը կարդացեք մեր վաղվա համարում։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4