«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ Է ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Քանի դեռ Հայոց ցեղասպանության հարցը չէր դրվել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում, Թուրքիան դրան հակադրում էր թուրք գիտնականների կեղծարարությունը։ Սակայն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստի առջեւ կանգնեցրեց նրան։ Գործընթացի ծավալումը Թուրքիային հետզհետե համոզեց, որ կեղծարարությունը, որքան էլ պետականորեն հովանավորվի եւ ներգրավվեն այլազգի գիտնականներ, առանց պետական կառույցների աջակցության ցեղասպանության դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ չի կարող։

Գործընթացի ծավալումը ստիպեց Թուրքիային վերանայել դիրքորոշումը։ Քանի որ դիրքորոշման հիմքում կեղծարարությունն էր, ուստի վերանայումն ընդամենը հանգեցրեց կեղծարարական ձեւի եւ բովանդակության փոփոխությանը։ Այսպիսով, երկրում պետականորեն հովանավորվող կառույցների կողքին ստեղծվեցին պետական հատուկ կառույցներ, որոնց էլ հանձնարարվեց «այսպես կոչված Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ» պայքարը։

Թուրքիայում պետականորեն հովանավորվող կառույցներից կարելի է առանձնացնել Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնին կից գործող Հայկական հետազոտությունների ինստիտուտը։ «Ազգը» բազմիցս անդրադարձել է դրա գործունեությանը։ Ինչ վերաբերում է պետական կառույցներին, ապա դրանցից էլ առանձնանում է վարչապետարանին առընթեր «հատուկ խումբը»։ Խմբի մասին ապրիլի 19-ի համարում տեղեկացրել էր թուրքական «Զաման» թերթը, ընդգծելով, որ դա ստեղծվել է «թուրքերի նկատմամբ հայերի կատարած կոտորածներն ուսումնասիրելու նպատակով եւ դրա մեջ ընդգրկվել են Պետական արխիվների գլխավոր վարչության այն մասնագետները, որոնք օսմաներենի են տիրապետում»։

«Աքշամն» էլ մայիսի 17-ի համարում տեղեկացնում է «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհրդի» մասին, ավելացնելով, որ դա անցել է գործնական աշխատանքի։ «Աքշամի» տվյալներով, խորհրդի նախագահն է փոխվարչապետ Դեւլեթ Բախչելին, իսկ դրա աշխատանքները համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։

Վերոհիշյալ խորհրդի կազմում ընդգրկվել են թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության պետը (թերթը չի ճշտումՙ ո՞ր վարչության), արդարադատության, ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների խորհրդականները, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարության ինչպես ազգային անվտանգության քաղաքականության, այնպես էլ հասարակության հետ կապերի բաժինների ղեկավարները, Ազգային հետախուզության կազմակերպության խորհրդականը (որը փաստացի ղեկավարն է), Պետական արխիվների գլխավոր վարչության տնօրենը եւ Թուրքական պատմական ընկերության նախագահը։

Ըստ «Աքշամի»ՙ Բախչելին վճռականորեն նշել է, որ նորաստեղծ խորհուրդը ի վիճակի է լինելու հերքել Ցեղասպանության անհիմն եւ հանիրավի պնդումները, որոնց դեմ-հանդիման կանգնել է Թուրքիան։ Թերթն այլ մանրամասներ չի հաղորդում։ Սակայն ակնհայտ է, որ նորաստեղծ այդ խորհուրդն ու «հատուկ խումբը» Հայոց ցեղասպանության կեղծարարության հարցում աշխատանքի բաժանում են կատարել։ Եթե խորհուրդն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է Հայոց ցեղասպանության հարցը չեզոքացնելու, ապա խումբը կենտրոնանալու է թուրքերի նկատմամբ հայերի կատարած «կոտորածների» վրաՙ երեւան հանելով արխիվային նորանոր «փաստաթղթեր»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4