«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Լոբբիստական կազմակերպությունները միասնական են առաջադրած առաջնահերթություններում

Ցանկացած երկիր, որը միջազգային հարթությունում ունի որոշակի խնդիրներ, դրանք փորձում է լուծել իր արտաքին քաղաքականության միջոցով եւ տարբեր երկրներում լոբբիինգ իրականացնելով։ Վերջինս շատ ավելի նուրբ գործընթաց է, պահանջում է հսկայական նյութական, մարդկային ռեսուրսներ։ Եթե տվյալ երկիրը նման միջոցներ չունի, ապա քարոզչություն իրականացնելը չափազանց դժվար է։ Նման դեպքերում պետությունը հենվում է առավելաբար իր սփյուռքի վրա, եթե, իհարկե, ունի։ Հայաստանն այս առումով, դժբախտաբար թե բարեբախտաբար, հուսալի վիճակում է, եւ դրսում լոբբիինգն իրականացնում են հայկական առանձին կազմակերպություններ, օրինակ, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, ԱՄՆ հայկական համագումարը, ՌԱԿ-ը եւ այլն, Ռուսաստանումՙ «Հայերի միությունը», Եվրոպայումՙ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը, թե ինչպես են նրանք աշխատումՙ Հայաստանի հասարակական շրջանակներն աղոտ պատկերացումներ ունեն։ «Հայրենիք-սփյուռք» երկրորդ համաժողովը մեզ հնարավորություն ընձեռեց հանդիպել երկու կազմակերպությունների ներկայացուցիչներինՙ ավելի մոտիկից ծանոթանալու հայկական լոբբիինգի էությանը եւ գործելաոճին։

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան

¬ Պարոն Համբարյան, թերեւս տեղյակ եք, որ Հայաստանի խորհրդարանն իր մեծ օրակարգ է ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության մասին մի օրինագիծ։ Որպես լոբբիինգի հայկական կազմակերպության ներկայացուցիչ, ի՞նչ ազդեցություն կունենա, ըստ Ձեզ, օրինագծի ընդունումը ձեր գործունեության վրա։

¬ Կարծում ենքՙ միշտ օգտակար է, որ հայությունն իր ամբողջությամբ գիտակցի Ցեղասպանության կարեւորությունը։ Հայ ժողովուրդը հսկայական վնասներ կրեց Ցեղասպանության պատճառովՙ մարդկային զոհեր, հարստություն, ունեցվածքի կորուստ, հողային կորուստ, եւ մենք կարելին եղածի չափ շատ բարեկամներ պիտի ունենանք, որպեսզի այս հարցերը պաշտպանենք։

¬ Հայ դատի հանձնախմբի եւ Հայկական համագումարի միջեւ որոշակի հակասություններ կան։ Նման պայմաններում որքանո՞վ են արդյունավետ երկու կազմակերպությունների աշխատանքները։

¬ ԱՄՆ հայ գաղութի մեջ երկպառակություն գոյություն չունի։ Պարզապես այդ հակասությունը դրվում է, որովհետեւ մեր թշնամիները ուզում են այդ տպավորությունն ստեղծել։ Բայց իրականում մեր գաղութը միասնական է։ ԱՄՆ հայկական լոբբին միասնական աշխատանքի ամբողջ անցյալ ունի։ Միակ հարցը «Հայ-թուրք հաշտության կոմիտեի» շուրջ մեր մոտեցումներում է, եւ մենք կհուսանք, որ այդ կոմիտեի հարցը ամբողջովին պիտի չեզոքացնենք։

¬ Հայաստանը չունի մշակված արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, եւ, փաստորեն, ձեր կազմակերպությունները գործում են ըստ իրենց առաջադրած ռազմավարության։ Արդյոք կարո՞ղ է Հայաստան-սփյուռք որեւէ հնարավոր կառույց ստանձնել այդ առաջնահերթությունների մշակումն ու կազմակերպված իրագործումը։

¬ Այն գաղափարը, թե Հայաստանը եւ սփյուռքը կարող են միասին աշխատել, իրականում կառույցի հարց չէ։ Հարցը վերաբերում է միայն տեղեկությունների փոխանակմանը եւ միասնական նպատակներ որոշելուն ու կամք ունենալուն։ Ամենակարեւորնՙ իրար գաղափարներ հասկանանք, բայց վստահ չեմ, որ ամենակարեւորը կառույցն ստեղծելն է։

Մեր առաջնահերթություններն ամերիկահայության առաջնահերթություններն են եւ վերաբերում են համահայկական հիմնահարցերինՙ Ցեղասպանության ճանաչում, Հայաստանի ամրապնդում եւ Ղարաբաղի պաշտպանություն։ Որեւէ կառույցի վրա չէ, որ կհիմնվեն այս խնդիրները, այլ ընդհանուր հայության, ընդհանուր պատմական եւ մեր ապագայի տեսլականի արժեքների վրա։ Մենք ամբողջովին գիտակցում ենք Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունները, Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են մեր մոտեցումները, այնպես որ, կարծում եմ, որ դա բավարար է։

¬ Մի՞շտ է արդյոք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը համընկնում է Ձեր մոտեցումներին եւ նպաստում է ձեր գործունեությանը։

¬ Վստահ եմ, որ ՀՀ-ն գնահատում է մեր աշխատանքները, բայց, հավանաբար, փոխադարձ գնահատականները պետք է բարելավվեն։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ (կազմակերպությունը վերջերս վերանվանվել է «Եվրահայկական դաշնությունՙ հանուն արդարության եւ ժողովրդավարության») Հիլդա Չոպորյան.

¬ Մենք եվրոպական 9 երկրների մեջ հանձնախմբեր, ուսումնասիրական եւ այլ կազմակերպություններ ունենք, որոնք մասնակցում են մեր եվրոպական լոբբիստական աշխատանքներին։ Եվրոպան նոր միավորվող մարմին է եւ տակավին վերջնական ձեւ չի ստացել։ Այսինքնՙ մեր աշխատանքը Եվրոպայի հետ կազմավորվող աշխատանք է։

¬ Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպան մեկ ընդհանուր մարմին չէ, եւ թելադրում է գործունեության յուրահատուկ ձեւեր ու մեխանիզմներ։ Ինչպե՞ս եք կարողանում աշխատել եւ համակարգել ձեր գործունեությունը։

¬ ԱՄՆ-ի մեջ լոբբիստական կազմակերպություններն աշխատում են պետական ներկայացուցիչների հետ, իսկ մեզ մոտ Եվրահամայնքը միջազգային կազմակերպություն է։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում մոտեցումներն ավելի մեղմ են, այլ ոչ ԱՄՆ-ի նման հատվածական եւ հատու։ Այսինքնՙ հիմնված է ավելի մարդկային արժեքների վրա։ Բայց մեր առաջնահերթությունները նույնն ենՙ ոչ նույն արդյունքների հանգող։ Որովհետեւ մի կողմից աշխատում ենք պետական քաղաքականություն վարող սուբյեկտների հետ, իսկ մյուս կողմիցՙ Հայաստանին օգնություն բերող եւ տնտեսական զարգացում առաջադրող կազմակերպության։

¬ Ի՞նչ արդյունքների եք հասել մինչեւ հիմա Եվրոպայում, հատկապես ԼՂ հիմնահարցի էությունն ավելի ճիշտ ներկայացնելու տեսակետից։

¬ 1986-ից աշխատում ենք Եվրախորհրդարանի մեջ, որը հանդիսանում է եվրոպական այն մարմինը, որտեղ կարելի է ազդեցություն գործել, որովհետեւ ժողովրդավար կազմակերպություն էՙ ներկայացուցչական բնույթի։ Այնպես որ, քաղաքական տեղական կուսակցությունների հետ մեր աշխատանքը համադրվում է Եվրախորհրդարանի մեջ տարած գործունեության հետ։

Բավական քիչ պատրաստությամբ ու միջոցներով 1987-ին հայերս կարողացանք ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը։ Դա աննախընթաց երեւույթ է, եթե նկատի չառնենք ՄԱԿ-ի ենթահանձնախումբը։ Այդ ճանաչումն ազդակ դարձավ, որ Եվրոպայի երկրների մեջ մենք կարողանանք փաստարկ ներկայացնել, թե ապագայի եվրոպական խորհրդարանը ճանաչել է եւ տեղական խորհրդարանները եւս պետք է ճանաչեն։ Դրանից հետո տեղի ունեցան հայաստանյան դեպքերը, որոնց յուրաքանչյուր կետի մասին կարողացել ենք խորհրդարանի մեջ նպաստավոր դիրքորոշումներ կիրառել տալ, մանավանդ ԼՂ ժողովրդի ինքնորոշման ընթացքում։ Վերջին շրջանում, սկսած 1999-ից դիվանագիտական հաջողություն ունեցանք, երբ որոշում ընդունել տվեցինք, որ Եվրախորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած «Ընդհանուր պետության» գաղափարին նեցուկ կանգնի։ 1998¬99 թ.-ից Թուրքիայիՙ ԵՄ-ին միանալու հարցը կրկին դրվեց, եւ դրանից հետո սկսեցինք 1987-ի որոշումը ծառայեցնել, քանի որ այն գրեթե կորսված որոշում դարձավ այն պատճառով, որ ժամանակակից հարցերի հետ չէր կապված։

Աշխատանքներ սկսեցինք տանել, որ այդ բանաձեւի մեջ Թուրքիայի առջեւ Ցեղասպանության ճանաչման նախապայմանը դրվի նաեւ պաշտոնական տեքստերի մեջ։ Դժբախտաբար, խորհրդարանի որոշումը եվրոպական կառավարությունը նկատի չէր առել։

¬ Հասկանալի է, որ Ադրբեջանը եւս որոշակի լոբբիստական աշխատանքներ է սկսել Եվրոպայում, մասնավորապես Եվրոպայի խորհրդարանում։ Ինչպիսի՞ն է վիճակը Եվրահամայնքում, եւ ինչպե՞ս եք գնահատում մեր հարեւանների գործունեությունը։

¬ Ադրբեջանցիների լոբբին եվրոպական շրջանակներում նոր է սկսել, մինչ այդ թուրքական լոբբին էր, որ վեկտոր էր։ Ամեն դեպքում ադրբեջանցիները շատ ակտիվ են սկսել եւ մեր առջեւ խնդիր է դրվել նաեւ դրա դեմն առնելու։ Դժվարությունն այն է, որ Ադրբեջանն այսօր փորձում է երեւալ զոհի դերի մեջ։ Իսկ Եվրոպան «զոհեր» շատ է սիրում։ Այսինքնՙ հասկանում եք, որ Ցեղասպանությունը ճանաչել տալու պարագայում զոհի կերպարը շատ կարեւոր էր։ Սա չի կարելի ցինիկ բան համարել, այլ իրականությունն այն է, որ իրենց դատը կորցրած ժողովուրդներն ավելի շատ շանսեր ունեն պաշտպանվելու, քան հաղթածները։

Մեզ համար կան դժվար եւ հեշտ երկրներ։ Դժվար երկրները Անգլիան եւ Գերմանիան են։ Անգլիան իր քաղաքական ուղղվածության, Գերմանիանՙ իր թուրք բնակչության պատճառով։ Այս երկրների մեջ մենք Ցեղասպանության ճանաչման բերումով ռեալ արդյունքների չենք հասել։ Եթե դա հաջողվի, մեր գործն էապես կհեշտանա։ Շատ կարեւոր է, որ ազդեցության գոտիներն ընդլայնենք։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4