«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՋԱՎԱԽՔԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 3 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում երեկ կայացել են ինքնակառավարման մարմիններիՙ սակրեբուլոների, ընտրությունները։ Ա-Ինֆո-ի հաղորդմամբ, Ջավախքում այդ կամպանիան այնքան էլ հարթ ընթացք չի ունեցել։ Այդ առումով ամենածանր վիճակը ստեղծվել է Ախալքալաքում, որտեղ քաղաքային սակրեբուլոյի յոթ տեղերի համար պայքարում էին 50 թեկնածու։ Ընտրությունների օրը հակամարտող թեւերի միջեւ տեղի են ունեցել բախումներ, որոնց պատճառով տեղամասերից մեկում երկու ժամով դադարեցվել է քվեարկությունը։ Ընտրական տեղամասերից մեկում անգամ գործը հասել է նրան, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մոտից հափշտակել են հանձնաժողովի կնիքը։ Որոշ ժամանակ անց միայն հնարավոր է եղել շարունակել քվեարկությունը։ Քաղաքում նախնական արդյունքներով հաղթել է շրջանային վարչության նախագահի թեկնածու Արտյուշ Համբարյանի բլոկը։

Ախալքալաքի շրջանի գյուղական սակրեբուլոներում շրջանային վարչության նախագահի թեկնածուներից հաղթանակ են տարել նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի շրջժողկրթբաժնի վարիչ Օքրո Օքրոյանը։

Նինոծմինդայի շրջանում ընտրությունները անցկացվել են համեմատաբար մեղմ մթնոլորտում։ Շրջանային վարչության նախագահի թեկնածուներից սակրեբուլոներում թիմային հաղթանակ են տարել շրջանային վարչության ներկայիս նախագահ Ռաֆիկ Արզումանյանը եւ ՎՀ խորհրդարանի խորհրդական Սեւակ Երանոսյանը։

Տեղեկացվում է, որ ընտրություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում սակրեբուլոներն իրենց կազմից ընտրելու են նախագահներ։ Սակրեբուլոների նախագահներից մեկին Վրաստանի նախագահը նշանակելու է շրջանային վարչության նախագահ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4