«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՑ 3 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ինչո՞ւ... պատասխանները քիչ են...

Խորհրդարան-դատական իշխանություններ ոչ նորմալ հարաբերությունները շարունակվում են։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա նիստն առավոտյան սկսվեց եւ... ընդմիջվեց, քանի որ այդ օրվա համար դատակոչված տուժողներ Հայկ Գեւորգյանը, 2 Հակոբ Հակոբյանները, Արամ Հովհաննիսյանն ու Հմայակ Հովհաննիսյանը չէին ներկայացել։

Ինչպես հայտարարեց դատավորը, 2 Հակոբ Հակոբյանները հրաժարվել էին վերցնել ծանուցագրերըՙ լրացնելով նման վարքագիծ դրսեւորած Մանուկ Գասպարյանի, Ռոբերտ Ենգոյանի, Պարույր Կարապետյանի շարքը։

Իսկ տուժողներ Հմայակ Հովհաննիսյանը, Հայկ Գեւորգյանը, Էդուարդ Ղազարյանը դիմել էին դատարանին, հայտնելով, որ դատարանում նոր ասելիք չունեն եւ խնդրում են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները։

Այնուամենայնիվ, երկարաձգված ընդմիջումից հետո դատարան ներկայացավ վիճակագրական ազգային ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։

«Իմ սուբյեկտիվ տպավորությամբ կատարվածն իրականություն չէր»,¬տուժողն այսպես բնորոշեց 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերը։ Ըստ պրն Մնացականյանի, ինքն այդ օրը շատ բաներ չի ընկալել։ Միայն պառկելուց հետո մեջքին հարված է զգացել, չտեսնելով, սակայն, հարվածողին։

Հետագայում լրագրող Նարինե Դիլբարյանից տուժողն իմացել է, որ հարվածողը եւ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնողը եղել է Կարեն Հունանյանը։ Իսկ Հայկ Գեւորգյանից տուժող Մնացականյանն իմացել է, որ կրակելու պատրաստ ատրճանակն իր վրա պահած Կարեն Հունանյանին սթափեցրել է նույն Նարինե Դիլբարյանի ձայնը։

Ստեփան Մնացականյանը նշեց նաեւ, որ հիշում է Նաիրի Հունանյանի խոսքերըՙ վարչապետին սպանելու նպատակի մասին։ Հետո, սակայն, տուժողը համոզվել է, որ այդ ամենը վերաբերում էր նաեւ Կարեն Դեմիրճյանինՙ իշխանությունը զավթելու նպատակից ելնելով։

Եվ չնայած իր վնասվածքին, պրն Մնացականյանը չի հեռացել դահլիճից մինչեւ վերջ։

Պատասխանելով դատավարության կողմերի հարցերինՙ տուժողը վկայեց նաեւ, որ զոհերի մասին իմացել է դռան մոտ կանգնեցված ժամանակ, բացառությամբ Ռուբեն Միրոյանի եւ Արմենակ Արմենակյանի, որոնց մասին իմացել է ավելի ուշ։

Իսկ այն հարցին, թե ամբաստանյալներից որեւէ մեկի կողմից իր նկատմամբ դիտավորություն զգացե՞լ է, թե՞ ոչ, պրն Մնացականյանը պատասխանեց. «Ինձ համար ծիծաղելի է մտածել, որ դուք (ամբաստանյալները Ա. Հ.) եկել էիք ԱԺՙ ինձ վնասելու կամ սպանելու համար»։

Այս տուժողով նիստն ավարտվեց։ Ըստ դատավորի հայտարարության, հունիսի 5-ին դատարան պիտի ներկայանա ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը։

Ի դեպ, երեկվա նիստում դատավոր Ուզունյանը հայտարարեց նաեւ, որ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Տիգրան եւ Մարինա Ջանոյաններն ու Ռուբեն Միրոյանի եւ Միքայել Քոթանյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արամ Կարախանյանը դիմում են ուղարկել դատարանին։ Ըստ դիմումի, իրենց վստահորդների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, հունիսի 3-ից նրանք չեն մասնակցելու դատավարությանը։

Այս կապակցությամբ դատավորն ասաց. «Ինչպես ասում ենՙ առանց մեկնաբանության»։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4