ԼՂՀ խորհրդարանն իր հերթական լիագումար նիստում վերջապես ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որն ԱԺ քննարկմանն էր ներկայացվել ավելի քան մեկ տարի առաջ։ Ըստ էության, այն ներկայացնում է ՀՀ համապատասխան օրենքի դրույթները։ Նախագծերի հեղինակներն իրենց ներկայացրած տարբերակներում նախապես փորձել էին նորամուծություններ մտցնել իբրեւ ի տարբերություն ՀՀ օրենքի։ Քննարկման էր ներկայացված երկու տարբերակ, որոնցից մեկի վրա հեղինակները նույնիսկ գրչով էին շտկում կատարելՙ «ՀՀ»-ն փոխարինելով «ԼՂՀ»-ով։ Ամենաուշագրավ «նորմածությունը» թերեւս այն էր, որ նախագծերից մեկում փորձ էր արվում հանրային հեռուստառադիոյին արտոնագիր տալու իրավունքը գործադիրից փոխանցել... օրենսդրական մարմնին։
Այս եւ տարբերակներում առկա մյուս թերությունները շտկվեցին տեւական քննարկումների ընթացքում, որոնց մասնակցեցին նաեւ ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Իսկ նախագծերում գոյություն ունեցող հիմնական տարաձայնությունները վերաբերում էին այն հարցին, թե ով պիտի նշանակի հանրային հեռուստառադիոյի խորհրդի կազմը եւ ինչ հասարակական-քաղաքական ուժերից։
Օրենքը ԼՂՀ խորհրդարանի քննարկմանն էր դրվել անցյալ տարվա աշնանը, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Այս տարվա ապրիլին ԱԺ նիստում սույն օրենքին անդրադառնալը, ամբողջությամբ ընդունելու նպատակահարմարությամբ, արդյունք չէր տվել, որովհետեւ բացակայում էր կառավարության եզրակացությունը։ Նույնիսկ այն կարծիքն էր շրջանառվել, թե իբր կառավարությունը խոչընդոտում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունմանը, որպեսզի պահպանի Արցախի հեռուստատեսության պետական մենաշնորհը։ Ի հերքումն այս մտայնության, ԱԺ արտաքին հարաբերությունների ու լրատվության մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնիսկ հրապարակավ շնորհակալություն է հայտնել կառավարության լիազոր ներկայացուցիչ Ա. Աբրահամյանինՙ նախագծերի քննարկումների ընթացքում բոլորից շատ շահագրգռություն ցուցաբերելու համար։
Օրենքի վերաքննարկումը խորհրդարանի ապրիլյան նիստի օրակարգից հանվել էր, սակայն մեկ ամիս անց, վերջնական շտկումներից հետո, մայիսի 31-ի լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվել է, հաստատելով ԼՂՀ-ում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու միտումները։
Համաձայն օրենքի, մինչեւ տարեվերջ կվերացվի «Արցախհեռուստառադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը եւ կստեղծվի «Արցախի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի փաթեթը կհանձնվի հեռուստառադիոյի հանրային խորհրդին։ Օրենքով խորհրդի անդամներին նշանակելու է հանրապետության նախագահը, ընդ որում, առաջին կազմը հաստատելիս պետք է լինի նաեւ խորհրդարանի համաձայնությունը։
Խորհրդում չպետք է ընդգրկվեն քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամներ, օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ հեռուստառադիոընկերությունների եւ դրանց հետ պայմանագրերով կապված կազմակերպությունների ղեկավարներ։
Օրենքը նախատեսում է խորհրդի անդամներ նշանակել միայն լրագրության, իրավապաշտպանության, հեռահաղորդակցման ոլորտների մասնագետների, մշակույթի եւ արվեստի գործիչների։ Նպատակը խորհրդի ապաքաղաքականացումն է։ Հատկանշական է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկությունըՙ խորհրդում պարտադիր կարգով ապահովել քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայությունը, մերժվեց։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, ԼՂՀ նախագահի կողմից հաստատվելուց հետո, հնարավորություն կտա Արցախում մասնավոր կարգով հիմնել նոր հեռուստատեսային եւ ռադիոընկերություններ։ Նյութական առումով գուցե թե այսօրինակ ձեռնարկումները շոշափելի ապագայում քիչ հավանական են, որովհետեւ Արցախի պետական հեռուստատեսությունը եւ ռադիոն ներկա դրությամբ ապահովում են ընդամենը օրական շուրջ մեկ ժամ եթերաժամ, զբաղեցնելով Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաճախականությունները։
Կարելի է հուսալ, որ ստեղծվելիք Արցախի հանրային հեռուստատեսությունը գալիք տարում կունենա իր սեփական հաճախականությունը եթերում, իսկ հեռարձակման տեւողությունն անհամեմատ կընդարձակվի։ Եվ տարիներ շարունակ հեռարձակվող նույնանուն հաղորդաշարերին կփոխարինեն նոր հեռուստածրագրերՙ առավել ընդգրկելի դարձնելով հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։
Թվում էՙ ԼՂՀ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունների ամառային ընտրարշավի ֆոնի վրա հանրային հեռուստատեսության ձեւավորման գործնական ձեռնարկումներն առժամանակ կհապաղենՙ աշնանն այս առնչությամբ շահագրգիռ ուժերի ակտիվացման պայմանով։
Հարկավ, հեռատեսիլը քարոզչական հզոր միջոց էՙ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական կյանքում, ուստի պիտի օգտագործել նպատակասլաց։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ