ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 2-ին Երեւանում, նորաբաց Իտալական փողոցի վրա, նախկին 26 կոմիսարների անվան զբոսայգու մի հատվածում բացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանության նոր շենքը, որի, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան եւ նրա տիկինը ընդունելություն էին կազմակերպել։
Բացման հանդիսավոր արարողությունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Իտալիայի եւ Հայաստանի պետական օրհներգերի ներքո կատարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դիմելով ներկաներին եւ շնորհակալությամբ արտահայտվելով Վեհափառ հայրապետի եւ ՀՀ նախագահի ներկայության առթիվ, Պ. Ա. Տրաբալցան խոսեց Հայաստանի եւ Իտալիայի ավանդական կապերի մասին։