«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ԵԱՀԿ-Ն ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Լուսակերտում սկիզբ դրվեց մարդու իրավունքների պաշտպանության ուսումնական ծրագրին, որի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների ԵԱՀԿ-ի գրասենյակը, Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան հիմնադրամը եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը։

Ուսուցումը կանցկացվի 2002¬ 2003 թթ.։ Վերջինիս նպատակը մոնիտորինգի իրականացման եւ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին տեղեկատվության պատրաստման բնագավառներում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից հայ երիտասարդների դաստիարակելն է, ինչպես նաեւ ազգային քաղաքականության համապատասխան ոլորտներում քաղաքացիական հասարակայնության մասնակցության խթանումն ու տեղական եւ միջազգային դիտորդների համագործակցության զարգացումը։

Հնգօրյա մի քանի սեմինարից բաղկացած ծրագրին մասնակցում են Երեւանի, Աբովյանի, Հրազդանի, Գյումրու, Վանաձորի եւ Հայաստանի այլ քաղաքների 1,5 տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց գործունեությունն ընդգրկում է հասարակության ամենացավոտ խնդիրները (կալանավորների, հաշմանդամների, փախստականների, կանանց իրավունքների եւ այլն)։

Դասախոսությունները կարդում են Վարշավայից ժամանած մասնագետներ։ Այժմ, ստանալով տնային հանձնարարություն, ուսումնական ծրագրի ունկնդիրներն ուսումնասիրում են համապատասխան գրականություն եւ այլ օժանդակ նյութերՙ նախապատրաստվելով հերթական հնգօրյա սեմինարին, որը կսկսվի հունիսի 7-ին։

ՌԱՍՄԻԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4