«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այլընտրանքային հաշվարկ» ծրագրի նախագծի մշակմանը «Հայք» գիտահետազոտական հաստատությունը ձեռնամուխ է եղել 2000թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 2001 թ. ներկայացրել է հանրային քննարկմանՙ «Ազգ» օրաթերթի միջոցով (11 մայիսի, 2001 թ.) եւ մասնագիտական քննարկմանՙ բազում տնտեսագետների մասնակցությամբ։
Սույն թվականի մայիսի 27-28-ը տեղի ունեցած Հայաստան-սփյուռք 2-րդ խորհրդաժողովին «Հայք» հաստատությունը ներկայացրեց հաշվարկի նախագիծը։
Միաժամանակ, չորեքշաբթի օրը ԳԱԱ նախագահության դահլիճում «Հայք» հաստատությունը անցկացրեց «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այլընտրանքային հաշվարկ» թեմայով գիտական խորհրդակցություն, որին մասնակցում էին կառավարության, գիտաուսումնական հաստատությունների, արդյունաբերական ձեռնարկությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանըՙ ողջունելով «Հայք» հաստատության նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթելով ծրագրի իրականացմանը։
Այլընտրանքային հաշվարկը համառոտ ներկայացրեց «Հայք» հաստատության տնօրենըՙ նշելով, որ հաշվարկի այլընտրանքայնությունը բնորոշվում է նրանով, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրերի մեջ հաշվարկն, ըստ երեւույթին, առանձնանում է ուրույն մոտեցումներով ու առաջարկում է խնդրի լուծման ոչ սովորական մեթոդներ ու միջոցներՙ ելնելով ժողովրդի ու երկրի «անսովոր» դժվարություններից։
Այլընտրանքային հաշվարկը նախատեսում է մինչեւ 2006 թ. վերջը արտագաղթի ինքնըստինքյան դադարեցում եւ տնտեսական անապահովության պատճառով արտագաղթածների առնվազն 50 տոկոսի վերադարձ այն նկատառումով, որ այդ տոկոսի մեծ մասը թշվառ վիճակում է։ Միաժամանակ նախատեսվում է աշխատավարձի աստիճանական աճ այն հաշվով, որ հինգ տարի հետո դրա նվազագույն միջինը կազմի 125000 դրամ (2001 թ. հունվարի 1-ի գնողական աստիճանով), ըստ այդմ նախատեսվում է նաեւ թոշակների եւ նպաստների աճ։ Այդ ընթացքում կապահովվեն 2 միլիարդ դոլարի ներդրումներՙ երկրի համախառն արդյունքի համապատասխան աճով եւ դրա շուրջ 60 տոկոսի արտահանմամբ։ Այդ ու այլ սահմանագծերի նվաճման համար նա նշեց մի շարք նախապայմանների ապահովում, որոնցից առանձնացրեց համահայկական կառավարման համակարգի կատարելագործումըՙ հիմք ընդունելով հայության ազգային հոգեկան, բարոյական եւ գաղափարական վերազարթոնքը, որ կարող է առաջացնել համահայկական ազգային ինքնագիտակցություն եւ քաղաքացիական պարտաճանաչություն...
Նյութի վերաբերյալ հիմնական զեկուցողներն էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը եւ ամբիոնների վարիչներ Գրիգորի Ղարիբյանը, Թորոս Թորոսյանը եւ Հարություն Մարզպանյանը։ Պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ներկայացրած այլընտրանքային հաշվարկի վերաբերյալ ամեն ինչում համախոհ է, սակայն չի կարող կասկած չհայտնել համախառն արդյունքի 35 տոկոս աճի մասին, բացի արմատական միջոցների դիմելը, որոնք այլընտրանք չի կարելի համարել։ Սակայն տարեկան 500 միլիոն դոլարի ներդրումների սահմանագիծը նվաճելի համարեց։
Ակադեմիայի թղթակից անդամ Գրիգորի Ղարիբյանը, կարեւորելով ներկայացված հաշվարկը, մասնավորապես շեշտեց մարդկային կապիտալի կարեւորությունն ու երկրում պահելու կենսական անհրաժեշտությունը, քանի որ վտանգված է արտագաղթի եւ կրթական համակարգի ընկրկման պատճառով։ Նա շեշտեց նաեւ սահմանամերձ շրջաններից արտագաղթի վտանգավորությունըՙ թե՛ պաշտպանության տեսակետից եւ թե՛ ազգային գենոֆոնդի դատարկման պատճառով։ Նա կոչ արեց սոցիալ-տնտեսական ծրագրի միջոցով փրկել «մեր մարդկային կապիտալը, այլապես աշխարհն այլեւս մեզ չի նայի»։
Ամբիոնների վարիչներ Թորոս Թորոսյանն ու Հարություն Մարզպանյանն իրենց հերթին քննարկելով այլընտրանքային հաշվարկի առանձին դրույթներն ու հայտնելով իրենց կարծիքը դրանց հետագա մշակումների կարեւորության մասին, ողջունեցին տվյալ ծրագրի ընդհանուր մոտեցումը։
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը դարձյալ իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու հաշվարկի հետագա մշակումներին։
Սեմինարի նյութի հիմնական զեկուցողներից էին նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Բագրատ Ենգիբարյանը եւ UNIDO-ից Արշալույս Ճգնավորյան-Ազեմբաուերը։ Բագրատ Ենգիբարյանը, մանրամասն ու հանգամանորեն անդրադառնալով այլընտրանքային հաշվարկին ու բերելով մի շարք օրինակներ, շեշտեց թե՛ դրա կարեւորությունը եւ թե՛ դրա իրագործման կարելիությունը, որով եւՙ իր աջակցելու պատրաստակամությունը։ Աշխարհի 170 երկրների զարգացման ծրագրերին մասնակցած Արշալույս Ճգնավորյանի ելույթը նաեւ բավականին կրքոտ էր եւ լավատեսական տրամադրություն ներշնչող։ Նրա կարծիքով, Հայաստանը ոչ թե պետք է ղեկավարվի ամերիկյան կամ եվրոպական երկրների տնտեսական զարգացման ծրագրերով, այլ, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, մշակի համապատասխան ծրագիրՙ ծայրահեղությունների մեջ չընկնելու համար։ Նա օրինակ բերեց իր աշխատանքային գործունեությունից եւ նշեց նաեւ իր բազմամյա գործակցությունը «Հայք» հաստատության հետ եւ բարձր գնահատեց վերջինիս մշակած այլընտրանքային հաշվարկը, որն, իր կարծիքով, հետագա զարգացումից հետո հնարավոր կլինի օգտագործելՙ լուծելու համար տվյալ գերխնդիրը։
Այնուհետեւ գիտական սեմինար-խորհրդակցության գրեթե բոլոր մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքները հաշվարկից բխող խնդիրների մասին։
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց հաշվարկի մշակումըՙ նշելով, որ այն ուրույն է եւ տարբերվում է բոլոր գոյություն ունեցող ծրագրերից։ Բայց ինչպե՞ս է իրականանալու Հայաստանի պայմաններում. որովհետեւ ինչպե՞ս կարելի է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, որպեսզի կատարվեն ոչ միայն գրված, այլեւ չգրված օրենքները, նշեց նա, ավելացնելով, թեՙ ո՞վ պետք է վերցնի այդ համարձակ պատասխանատվությունըՙ բացատրելու եւ համոզելու հարկ եղածը ժողովրդին։
Գագիկ Մկրտչյանը առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարության անունից ողջունելով «Հայք» հաստատության տվյալ նախաձեռնությունը, նախ նշեց դրա հույժ կարեւորությունը եւ երկրորդըՙ հաշվարկված եզրագծերի նվաճման միանգամայն հնարավոր լինելըՙ համաձայն իր բերած մի շարք փաստարկների։ Նա առաջարկեց իր ներկայացրած նախարարության գործակցությունը։
Պատասխանելով հարցերին ու եզրափակելով գիտախորհրդակցական սեմինարի աշխատանքը, «Հայք» հաստատության տնօրեն Բաբկեն Վարդանյանը նշեց, որ դրանով սկսվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման այլընտրանքային հաշվարկի երկրորդ փուլը, որը ներառում է հետագա մանրամասնումը, լրացումը եւ հատկապես կենսագործման միջոցների, կառույցների եւ մեխանիզմների ստեղծման նախագծերի մշակումը, ինչպես նաեւ դրանց ներկայացումը հանրային ու մասնագիտական քննարկման մինչեւ պաշտոնական հաստատման հանձնելը։
Ռ. Պ.