Ես կարդում եմ ձեր թերթը հաճույքով եւ գտնում եմ ձեր մտքերը հայրենիքի օգտին ու ճիշտ ուղղությամբ։ Սակայն անչափ սխալ եմ համարում, որ դուք մայիսի 28-ի առիթով ոչ մի հոդված չեք տպել ձեր օրաթերթում։ Ինչպե՞ս կլինի մոռանալ այս օրը, ինչպե՞ս կարող եք ոչինչ չխոսել եւ չգրել այդ օրվա մասին։ Չէ՞ որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պարտական է առաջին Հայաստանի Հանրապետությանը։ Չէ՞ որ Սարդարապատի ճակատամարտով հայ ժողովուրդը հարություն առավ եւ ստեղծվեց հայոց պետականություն պատմական Հայաստանի բեկորների վրա։ Այս օրը պետք չէ նայել զուտ կուսակցական տեսակետից, այս օրը համայն հայ ժողովրդի օրն է։ Փառք ու պատիվ մեր նախնիներին, որ պատճառ դարձան այսօրվա մեր փոքրիկ հանրապետության։ Չլիներ 1918 թ. մայիսի 28-ը, չէր լինի այսօրվա մեր փոքրիկ հանրապետությունը։
Հարգանքներովՙ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Ընդունում ենք քննադատությունը։ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովի թոհուբոհի մեջ թերացանք ըստ պատշաճի անդրադառնալ այդ հիշարժան տարեթվին, ինչպես Շուշիի ազատագրման 10-ամյակի օրերին թերացել էինք գրել նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա մասին, ինչի համար նույնպես ընթերցողներից նկատողություն ստացանք։ Խոստանում ենք հաջորդ տարի պատշաճորեն անդրադառնալ ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին, մանավանդ որ առաջիկա տարին 85-ամյակն է 1918 թ. մայիսի 28-ի։ Այսուհանդերձ, կուզեինք պրն Բաբախանյանին հիշեցնել, որ չպետք է մոռանալ նաեւ Խորհրդային Հայաստանի 70 տարիներըՙ իրենց լավ ու վատով, դժվարություններով ու հաջողություններով։ Հայաստանի երրորդ հանրապետությունն ուղղակիորեն ծնունդն է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այդ երկուսը միասինՙ Հայաստանի առաջին հանրապետության։ Անջրպետ չկա։
«Ազգ»