Սեռական եւ վերարտադրողական առողջության մասին տեղեկատվությունը մեզանում, մեղմ ասած, լայն տարածում չունի։
Սեռական թեմաներին առնչվող գիտելիքները երիտասարդներն ու դեռահասները ստանում են փողոցից, ընկերական շրջապատից եւ հազվադեպՙ ընտանիքից կամ դպրոցից, եւ բնական է, որ այդ տեսակ տեղեկատվությունը ոչ միշտ է ճիշտ ու լիարժեք։
Սեռական թեմաներով տեղեկատվության մատչելիության հակառակորդներն իրենց դիրքորոշման հիմքում դնում են ազգային մտածելակերպն ու ավանդապաշտությունը, մինչդեռ, չնայած այս հարցերի միջեւ եղած կապին, դեռահասների եւ երիտասարդների սեռական գրագիտությունը չի բերում այլասերության, ճիշտ հակառակը։ Յուրաքանչյուր մարդ ստացվող գիտելիքների կողքին կարիք ունի կարեւորՙ իր իսկ մասին տեղեկատվության։
«Ընտանիքի առողջության եւ բարեկեցության» կոնսորցիումը 6 կազմակերպություն է ներառելՙ Ազգաբնակչության զարգացման հայկական բարեգործական հիմնադրամը, «Ապագա սերունդ» միությունը, Երիտասարդ դեմոկրատների միությունը, Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան, «Մարդիկՙ հանուն առողջ ապրելակերպի» կազմակերպությունն ու «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիան։
Կոնսորցիումի ներկայացուցիչները երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին խնդրի լրջությունը մեր երկրում, այս ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մասնագետները նշում էին, որ երիտասարդների զգալի մասը իրազեկ չէ աբորտի, սեռավարակների, այդ թվում նաեւՙ ԴԱՎ-ի բարդություններին ու հետեւանքներին, չունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ դրանցից խուսափելու ժամանակակից միջոցների վերաբերյալ։ Նրանցից շատերի համար դեռեւս անմատչելի են մնում առաջնային բուժկանխարգելիչ ծառայությունները։
Թեմային առնչվող որոշ տվյալներ մտահոգիչ են։ Վերջին 10 տարիներին ծնելիության թիվը երկու եւ ավելի անգամ կրճատվել է, սեռավարակների աճի միտում կա։ Մարմնավաճառների շրջանում զգալի մաս են կազմում դեռահասները։ Բժշկական ստուգման ենթարկվող մարմնավաճառների 51 տոկոսը վարակակիրներ են։ Սեռավարակներն անպտղաբերության դեպքերի մոտ 30 տոկոսն են կազմում։ Ավելացել է այն դեռահասների եւ երիտասարդների թիվը, որոնք ենթարկվում են բռնաբարությունների ու սեռական շահագործման, զբաղվում են մարմնավաճառությամբ, ապօրինի դուրս են բերվում երկրից, մնում անօթեւան, դառնում թափառաշրջիկներ։
Կոնսորցիումում համախմբված կազմակերպությունները տագնապ են հնչեցնում։ Անհրաժեշտ է բնակչության իրազեկումը։ Հարցը, սակայն, նուրբ է եւ պետք է խուսափել անցյալի փորձից, երբ «ընտանիքի պլանավորում» հասկացությունը սխալ ընկալվեց մեր հասարակության մեջՙ քարոզարշավի սխալ տարածման եւ մոտեցումների պատճառով։
Հասարակության իրազեկության բարձրացման գործում պետական գերատեսչությունների հետ համագործակցող կոնսորցիումն անհրաժեշտ է համարում նաեւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը։
Հիմնական նպատակը, սակայն, հանրակրթական դպրոցների ծրագրերում սեռական դաստիարակություն առարկայի ներդրումն է եւ առողջապահական ծառայությունների ցանցի ստեղծումը։
Ամբողջ հանրապետությունում մոտ 50-ից ավելի դպրոցներում սեռական դաստիարակություն առարկայի փորձնական դասավանդումն արդեն դրական արդյունքներ է տվելՙ ապացուցելով դեռահասների շրջանում տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունն ու իրականացվող ծրագրերի կարեւորությունը։
Այն, թերեւս, անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում լիարժեք կյանքի կկոչվիՙ ընդգրկելով հանրապետության բոլոր կրթօջախները։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ