«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


«ՑԻՆԻԶՄԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Պուլիցերյան մրցանակների արժանացած Սթիվն Քյուրքչյանը «Ազգի» խմբագրությունում

Անկախ ամեն ինչից, Հայաստան-սփյուռք համաժողովը առիթ հանդիսացավ, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանեն եւ իրար հետ ծանոթանան հարյուրավոր հայորդիներ, որոնք երբեմն միեւնույն երկրում ապրելով եւ իրար միայն անուններով ծանոթ լինելով, անձամբ չէին ճանաչում միմյանց։

Նման հետաքրքրական հանդիպման ականատես եղանք անցյալ հինգշաբթի օրըՙ մայիսի 30-ին, երբ խմբագրատուն այցելեցին միջազգային ճանաչման արժանացած երեք լրագրողներՙ Ջորջ Տեր-Բարթողը (Նիկոսիա, Կիպրոս), Երվանդ Ազատյանը (Դետրոյթ, ԱՄՆ) եւ Սթիվն Քյուրքչյանը (Բոստոն, ԱՄՆ)։

Եթե առաջին երկուսին հարկ չկա ներկայացնելու, երրորդ հյուրի մասին անպայման պետք է գրենք, քանզի նա այն մարդկանցից է, ովքեր սփյուռքում մեծ հաջողությունների հասնելուց հետո է միայն վերադարձել իր արմատներին եւ հպարտ հայրենասիրությամբ գրել այդ մասին հեղինակավոր «Բոստոն գլոբ մագազին» թերթում։

Սթիվն (Ստեփան) Քյուրքչյանը միջին տարիքի, բարեհամբույր, ժպիտը դեմքին եւ չափազանց անմիջական ու դյուրահաղորդ անձնավորություն է։ Ծնվել եւ մեծացել է Բոստոնում։ Հայերեն չի խոսում, չի կարդում, բայց իր ազգանվան «յանը» պահպանել է օտար մամուլում եւ պակաս հայ չէ, քան բոլոր նրանք, ովքեր հայերեն խոսում են։ Ավարտել է Բոստոնի համալսարանը, ինչպես նաեւ Սաֆոք համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն, իր ասելով, շատերի նման ընտրել է ոչ թե իրավաբանի, այլ լրագրողիՙ հատկապես հետաքննող լրագրողի մասնագիտությունը եւ արդեն 30 տարի որպես անձնակազմի մշտական անդամ աշխատում է ԱՄՆ-ի վեցՙ Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Նյու Հեմշիր, Ռոուդ Այլենդ, Մեյն եւ Վերմոնտ նահանգներն ընդգրկող «Նյու ինգլենդ» շրջանի ամենահեղինակավոր եւ ամենամեծ տպաքանակն ունեցող «Բոստոն գլոբ» թերթում։ Երկու անգամՙ 1972-ին եւ 1980-ին արժանացել է պուլիցերյան մրցանակի։ Հայաստանում է գտնվումՙ մասնակցելու հայրենիք-սփյուռք համաժողովին եւ Երեւանի պետհամալսարանի ու Միդլսեքս Քոմյունիթի քոլեջի (Մասաչուսեթս) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների միջեւ այս շաբաթ անցկացվող կոնֆերանսին։ «Ազգի» խմբագրությունում նրան դիմեցինք մի քանի հարցով։

¬ «Բոստոն գլոբ» թերթից երբեմն հոդվածներ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին։ Խնդրում ենք հակիրճ պատմեք այդ թերթի մասին։

¬ Թերթը չնայած պատկանում է «Նյու Յորք թայմսին», սակայն ամբողջովին անկախ օրգան է։ Ունի շաբաթվա ընթացքում 500 հազար, իսկ կիրակի օրերինՙ «Բոստոն գլոբ մագազին» անվան տակ 750 հազար տպաքանակ։ Թերթի խմբագրական կազմում ընդգրկված են ավելի քան 500 խմբագիրներ, լրագրողներ, թղթակիցներ, լուսանկարիչներ, հետազոտող օգնականներ, ձեւավորողներ, սրբագրիչներ եւ այլն։ Ներկայացուցչական գրասենյակներ ունի Մոսկվայում, Լոնդոնում, Երուսաղեմում, Լատինական Ամերիկայում եւ Հոնկոնգում։ Սեպտեմբերի 11-ից հետո մոտ 10 լրագրող է Աֆղանստանում եղելՙ լուսաբանելու այնտեղ ահաբեկչության դեմ Մ. Նահանգների մղած պատերազմի մանրամասնությունները։ Հրաշալի վեբսայթ ունի եւ սպորտին նվիրված էջերը լավագույնն են ամբողջ երկրում։

¬ Ի՞նչ կարող եք ասել ձեր ընտրած մասնագիտությանՙ հետազոտական լրագրության, լրագրական էթիկայի եւ կառավարություն-ժողովուրդ փոխհարաբերության լուսաբանման մասին։

¬ Հետազոտական լրագրությունը բարձրագույն կոչում է։ Դա խիստ կարեւոր մասնագիտություն է, որովհետեւ ամենալավ միջոցն է բարելավելու հասարակության կյանքը։ Ես համոզված եմ դրա ուժեղ ներգործությանը։ Բայց ավելացնեմ, որ դա պետք է լինի ազնիվ, արդար եւ մանավանդ հավասարակշռված։ Փաստարկները պետք է լինեն հիմնավորված։ Քննադատությունըՙ առավել եւս։ Ցինիզմն անընդունելի է լրագրության մեջ։ Ցինիզմ եւ ատելություն սերմանելով ժողովրդի մեջ առաջընթաց չենք կարող արձանագրել։ Կառավարություն-ժողովուրդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն համագործակցության վրա։ Կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին, իսկ ժողովուրդը պետք է հավատա, որ կառավարությունն իր կարելին անում է։ Ժողովուրդը պետք է մասնակցի ընդհանուրի շահերին միտված կառավարության քայլերին։ Լրագրողը, ճիշտ է, առաջին շարքերում պետք է լինի եւ լուսաբանի ճշմարտությունը։ Բայց նա երբեք չպետք է կորցնի անաչառությունը։ Քննադատությունն անգամ պետք է լինի կոնստրուկտիվ, ընդհանուր եզրեր գտնելուն սատարող եւ հեռու թշնամանք, անմիաբանություն եւ ատելություն սերմանելուց։

¬ Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ վերադարձը դեպի ձեր արմատները։ Մի քանի խոսք Ձեր ծնողների մասին։

¬ Ծնողներս հայեր են։ Հայրս Էրզրումի հարավում գտնվող Քղի գյուղից է։ Մայրս ծնվել է ԱՄՆ-ում, բայց ընտանիքը Խարբերդից է։ Հայրս, որ նկարիչ է մասնագիտությամբ, 80 տարեկան էր, երբ 1992-ին փորձեց հիշողության մեջ վերականգնել եւ կտավին հանձնել իր ծննդավայրը։ Նախնական ջանքերն իզուր անցան, քանի որ 77 տարի էր անցել այն օրվանից, երբ 3 տարեկանում թողել էր Քղին։ Հորը, մեծ հորն ու հորեղբորը թուրքերը սպանել էին Եղեռնի առաջին իսկ օրերին։ Իսկ միակ եղբայրն ու քույրը խոլերայից էին մահացել դեպի Դեր Զոր աքսորի ճանապարհին։ Տեսնելով նրա մղձավանջն այդ տարիքում, կապ հաստատեցի Արմեն Արոյանի հետ, որն իր ինժեներական կարիերան թողածՙ փոքր խմբեր է Թուրքիա առաջնորդում, եւ նրա չորրորդ ուղեւորության ժամանակ հորս հետ մեկնեցինք Անատոլիայի տարածքում գտնվող այդ լեռնային գյուղը։ Հայրս երեսը լվաց մոտակա առվակում, հիշեց, թե ինչպես էին կանայք մածունը սառեցնում դրա ջրերում, եւ չնայած ընտանեկան երկհարկանի տունը գոյություն չուներ, նա, այնուամենայնիվ, աղոթեց իր հոր հիշատակի համար այն վայրում, ուր նրան վերջին անգամ տեսել էր։ Երեսուն տարեկան է եղել, որ սպանել են։ Ես նրա անունն եմ կրում։

¬ Ցնցող է ինչպես շատ-շատերի, այդ թվում նաեւ Ձեր ծնողների պատմությունը։

¬ Ես կասեի մղձավանջային։ Այդ այցելության տպավորությունն իմ մեջ արթնացրեց պահանջն իմանալու, թե ով եմ ես, որոնք են իմ արմատները եւ ինչու է այդ ամենի մասին ցարդ լռություն պահպանվել։ Մինչ այդ, իմ հասակակիցներից շատերի նման, կարծում էի, թե այն, ինչ պատահել է, պատկանում է «հին աշխարհին», եւ որ մենք մեր «նոր աշխարհում»ՙ Ամերիկայում, կարիք չունենք դրանով զբաղվելու։ Լավ աշխատանք ունեի, լավ համբավ, լավ վարձատրություն։ Բայց հանկարծ զգացի, որ կյանքումս բաց եմ թողել ամենակարեւորըՙ իմ ակունքների պատմությունը, այն, թե ինչպես են հայերը պայքարել տասնամյակներ շարունակ եւ վերապրել ժամանակակից տերմինաբանությամբ «էթնիկական զտումի» սարսափները։ Մինչեւ այդ ուղեւորությունը ես ամերիկացի էիՙ ծնված հայկական ընտանիքում։ Այցելությունից հետո դարձա հայ, որն ապրում է Ամերիկայում։ Հորս համար չափազանց մեծ մխիթարանք էր տեսնել իր որդու վերադարձը դեպի իր արմատները։ Նա այժմ էլ շարունակում է իր նախասիրած զբաղմունքըՙ նկարչությունը։

¬ Վերջին տարիներին «վերադարձի» տասնյակ նմանատիպ դեպքեր լուսաբանվել են սփյուռքահայ մամուլում։ Դրանցից ամենացայտունը գուցե Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունն է», որն այժմ փորձում են ֆիլմի վերածել։ Ինչպե՞ս կբնութագրեիք այդ երեւույթը. դա հոգեկան խռո՞վք է, ճակատագրով վիճակված իրավիճա՞կ, թե՞...

¬ Դա արյան կանչն է, որը վաղ թե ուշ զգացնել է տալիս։ Այդ մասին տարիներով չմտածելուց հետո, հանկարծ մի օր մի աննշան դեպք ստիպում է քեզ հետ նայել, իմանալ քո արմատները եւ խորանալ դրանցում։ Հիշենք Մայքլ Առլենի պարագան։ Անատոլիա այցելությունից հետո «Թախիծի արմատները» վերնագրով ընդարձակ մի հոդված գրեցի, որը հրատարակվեց «Բոստոն գլոբ մագազին» կիրակնօրյա հանդեսի 1993 թ. ապրիլի 18-ի համարում։ Դրանում խոսք է գնում այն մասին, որ հայերը ոչ միայն իրենց բնակչության մեկ երրորդ մասը կորցրեցին այդ կոտորածների ժամանակ, այլեւՙ ավելի քան 25 դարեր շարունակ իրենց հայրենիքը եղած բնօրրանը եւ մշակութային հարուստ ժառանգությունը։ Ինչպես հոդվածում Թրոյի (Նյու Յորք) Ռենսելիր պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին դեկաններից Վազգեն Բարսեղյանն է ասում. «Մենք կորցրեցինք մեր ներդրումըՙ համաշխարհային պատմությանը։ Դա իրականում համաշխարհային քաղաքակրթության ամենաիրական կորուստներից պետք է համարել»։

¬ Իսկ Հայաստան կատարած ձեր այս առաջին այցելության մասին գրելո՞ւ եք։

¬ Անշուշտ։

Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4