«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2002-06-04 | #103, 2002-06-05 | #104, 2002-06-06


ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Երեկ մայրաքաղաքում եւ Արմավիրի մարզում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության չորս ակումբ ձեւավորվեց։ Ավանդական կուսակցությանը 30 նորագիրներ անդամագրվեցին։ Արմավիրի մարզում նրանց կնքահայրը դարձավ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Հիմնվեցին իրենց գյուղերի անունները կրող «Ներքին Դվին» (ատենապետՙ Նշան Նազարյան), «Ոստան» (ատենապետՙ Գեւորգ Հունանյան) եւ «Արեւշատ» (ատենապետՙ Սամվել Կարապետյան) ակումբները։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կուսակցական եւ ներքաղաքական խնդիրներ, խոսվեց ՀՌԱԿ ակումբների առաջիկա անելիքների մասին։

Իսկ Երեւանի Թեքեյան կենտրոնում ձեւավորված ակումբը երիտասարդներիցՙ հիմնականում ուսանողներից էր բաղկացած։ Անունն էլ համապատասխան ընտրվեցՙ «Երիտասարդ ռամկավար»։ Նորաստեղծ կառույցը կղեկավարի Արթուր Վերժյանը։ Երիտասարդական այս ակումբի ձեւավորմանը ներկա էր Ռամկավար Ազատական կուսակցության վաղեմի անդամներից մեկըՙ հորդանանահայ բժիշկ Կարո Զաքարյանը։ Նա նորագիրներին պատմեց սփյուռքում կուսակցության ծավալած գործունեությունիցՙ ընդգծելով, որ բարձրագույն արժեքը ողջ պատմության ընթացքում հայրենիքն է եղել։ Կուսակցությունն իր մեջ միշտ էլ մեծ թվով մտավորականների է համախմբել։ Կարո Զաքարյանն ուրախությամբ խոսեց հայրենիքում ռամկավարների գործունեության մասինՙ նշելով, որ ՀՌԱԿ-ը տարեցտարի հաջողություններ է արձանագրում եւ հզորանում։ Կուսակցությունը կազմակերպված է, իր առջեւ հստակ անելիքներ է տեսնում։ Ընկեր Զաքարյանը համոզված է, որ առաջիկայում ՀՌԱԿ-ը Հայաստանի ուժեղագույն քաղաքական կուսակցություններից մեկը կլինի։ Այս համոզմունքը նա հիմնավորեց այն լայնածավալ աշխատանքներով, որ ՀՌԱԿ-ն է իրականացնում եւ որ ամենակարեւորն էՙ առկա մարդկային ռեսուրսներով։ Եվ նրանց թիվն աճում է օրեցօր։ Մասնավոր օրինակներից են նաեւ երեկ ձեւավորված ակումբները, մանավանդ որ դրանցում մեծ է երիտասարդների թիվը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4