«Սայփրս Ուիքլի» շաբաթաթերթում Ասոշիեյթեդ պրես լրատվական գործակալությունը Ստամբուլից հաղորդում է, որ 78-ամյա վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վատառողջության հետեւանքով վերջերս մթագնել են բարեփոխումների ծրագրերի իրականացման հեռանկարները։ Ճիշտ է, կառավարության ղեկավարները հիվանդանոցում տեսակցել են Էջեւիթի հետ եւ համաձայնության եկել, որ մինչեւ 2004 թ. նոր ընտրությունները կառավարության կազմը փոփոխության չենթարկվի, սակայն երկրի վերջին շրջանի պատմության մեջ հազվադեպ է եղել, որ թուրքական մի կառավարություն իր ամբողջ կազմով աշխատի մինչեւ ժամկետի ավարտը։ Այնպես որ, ղեկավարների վճռական հայտարարությունը բավարար հիմք չի տալիս մտածելու, որ փոփոխություններ չեն կատարվի այդ թվականից առաջ, մանավանդ եթե հաշվի առնվի Էջեւիթի առողջական վիճակը։
Ոմանք, ըստ լրատվության, Էջեւիթին անփոխարինելի են համարում այն առումով, որ նա կարողանում է կոալիցիայի տարբեր խմբակցությունների անդամներին հաշտ պահել։ Նա մոտ 30 տարի առաջ է ասպարեզ իջելՙ փոխարինելու այդ ժամանակ արդեն ծերացած եւ ժամանակից հետ ընկած Իսմեթ Ինոնուին։ Այժմ ինքն է հայտնվել միեւնույն վիճակում։ Բայց «վաղ ընտրությունների մթնոլորտը երկրում ամեն ինչի վերջն է լինելու։ Կայունությունը խախտվելու է, տարադրամի փոխանակման գինը անվերահսկելի է դառնալուՙ նվազեցնելով ներդրումները», գտնում է «Միլիեթ» օրաթերթում հանդես եկող տնտեսագետ Գյունգոր Ուրասը։
Տնտեսությունն այժմ խիստ հսկողության տակ է անցյալ տարվա ճգնաժամից հետո, եւ կայունությունը պահպանվում է շնորհիվ Միջազգային արժութային հիմնադրամի ջանքերով գործի դրված ծրագրերի։
Բնակչության շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ վաղ ընտրությունների պարագայում կառավարությունն անցնելու է իսլամամետ ուժերի ձեռքը, որոնք անպայման կհակադրվեն Թուրքիայի զինվորականներին։ Նրանց ղեկավարիՙ Թայիբ Էրդողանի խոսքերով, Էջեւիթի հիվանդությամբ «երկիրը անգլուխ է մնացել եւ դարձել աշխարհի ամենաանկայուն երկրներից մեկը»։
Մասնագետների կարծիքով, Էջեւիթի հեռանալը դեռ չի նշանակում վաղ ընտրությունների պարտադիր անցկացում։ Կոալիցիոն կառավարությունը բավականաչափ ուժ ունի հետաձգելու ընտրությունները ինչքան ցանկանում է։ Բայց տնտեսության վատթարացումն ու բարեփոխումների ծրագրերի դանդաղումը շատերը կապում են ներկա կառավարության վարած անհաջող քաղաքականության հետ։
«Միակ ելքը վաղ ընտրություններն են», «Սաբահ» թերթում գրում է նախկին դեսպան Շուքրու Էլեքդաղը։ Ըստ Ասոշիեյթեդ պրեսի, զարմանալիորեն այս միտքն է պաշտպանում նաեւ էկոնոմիկայի գծով պետնախարար Քեմալ Դերվիշը, որը բարեփոխումների ծրագրերի գլխավոր «ճարտարապետներից» է։ Նա նույնիսկ գտնում է, որ «անորոշությանը վերջ տալու միակ միջոցը վաղաժամ ընտրությունների որոշակի թվական նշանակելն է»։
Գործարար շրջանակները, պաշտպանելով հանդերձ Դերվիշին, այնուամենայնիվ, վաղ ընտրություններից ավելի շեշտը դնում են ընտրական օրենքների փոփոխության վրա։ «Եթե չփոխենք, մեկ ուրիշ անհաջող կառավարություն կունենանք», նշում է երկրի ամենաազդեցիկ գործարար խմբի նախագահ Օզիլհանը։ Նրա կարծիքով, Էջեւիթի փոխվարչապետներից մեկը կարող է փոխարինել նրան։
Մյուս կողմի, Էջեւիթին փոխարինելու հավանական թեկնածուների շարքում դիտորդները տեսնում են Դեւլեթ Բահչելիին, որը, սակայն, ազգայնամոլ լինելով, երեւի թե դժվարությամբ կհաղթահարի Եվրամիության եւ այլ միջազգային կազմակերպությունների պահանջած բարեփոխումների ծրագրերի իրականացումը։ Իսկ այդ ծրագրերի իրականացումը խիստ կարեւոր եւ հրատապ է Թուրքիայի համար, քանի որ նա ժամ առաջ ցանկանում է ընդունվել Եվրամիության շարքերը։ Մյուս թեկնածուներն են արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը եւ կառավարության հետկուլիսյան անդամներից Հուսեմեթդին Օզքանը, որոնք Էջեւիթի Ձախ ժողովրդավարական կուսակցության անդամ են։ Թուրքիան այժմ ամենայն փութաջանությամբ աշխատում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների որոշակի թվական որոշելու ուղղությամբ։ Իսկ դա պահանջում է արագացնել բարեփոխումների ընթացքը, որոնց մեջ մտնում է նաեւ երկրից դուրս գտնվող Կիպրոսի հարցի շուրջ ճկունություն մտցնելը։ Միջազգային կառույցների պահանջները բավական շատ են նույնիսկ քաջառողջ վարչապետի գլխավորած կառավարության համար, գտնում է հոդվածի վերջում Ասոշիեյթեդ պրեսի թղթակիցը։