Նախագահ Քոչարյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Մինսկ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մինսկ
Դժվար է գտնել աշխարհի 192 պետությունների եւս երկու նախագահների, որոնք ծնված լինեն միեւնույն տարում եւ միեւնույն օրը։ 1954 թ. օգոստոսի վերջին օրը Ստեփանակերտում ծնվել է Ռոբերտ Քոչարյանը, Վիտեբսկի մարզի Կոպիս ավանումՙ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես եւ Ռոբերտ Սեդրակիչը ծնվել ենք նույն օրը, նույն տարում, բացարձակ հասակակիցներ ենք», մամուլի ասուլիսում հպարտորեն ասաց Լուկաշենկոն։ «Դա չի նշանակում, թե մենք միեւնույն կերպ ենք նայում բոլոր խնդիրներին։ Անշուշտ, ոչ», շարունակեց Քոչարյանը։
Իրոք, Հայաստանը եւ Բելառուսը, լինելով խորհրդային մեծ պետության ժառանգներ, որոշ ոլորտներում, հատկապես տնտեսության ոլորտում խիստ տարբեր են։ Բելառուսի տնտեսությունը պլանային է, մայրաքաղաք Մինսկը հիշեցնում է 1980-ական թթ. ժամանակները։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ Երեւանը եւ Մինսկը չեն կարող համագործակցել տնտեսական ոլորտում։
Նախագահ Քոչարյանի երկօրյա պաշտոնական այցը Բելառուս առաջին հերթին նպատակ է հետապնդում զարգացնել եւ ընդլայնել հայ-բելառուսական առեւտրատնտեսական հարաբերությունները։ Երեք տարի առաջ, հայ-բելառուսական առեւտրատնտեսական հարաբերություններ չեն եղել, ավելի ճիշտՙ եղել են զրոյականից փոքր-ինչ ավելի։ «Այսօրվա ցուցանիշները մեզ ուրախացնում են», երկու պետությունների նախագահների համատեղ մամլո ասուլիսում ասաց Լուկաշենկոն։ 1999 թ. սկզբից որոշակի առաջընթաց է արձանագրվել առեւտրատնտեսական հարաբերություններում։ 2001 թ. Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումըՙ 1,4 մլն, ներմուծումըՙ 1 մլն։ Երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական շրջանառության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա տնտեսական ներուժին. սա շեշտեցին ե՛ւ Լուկաշենկոն, ե՛ւ Քոչարյանը։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Բելառուսը կմասնակցի Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսին, իսկ հոկտեմբերին Հայաստանը կմասնակցի Մինսկում կայանալիք բիզնես-ֆորումին։
Լուկաշենկո-Քոչարյան առանձնազրույցում, որը կայացավ երեկ Բելառուսի նախագահի նստավայրի «Երկնագույն» սրահում եւ շարունակվեց շուրջ երկու ժամ, հիմնական շեշտը դրվել է հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության վրա։ «Մենք շարունակեցինք երկխոսությունը։ Հիշում եք, 2001 թ. մայիսին պաշտոնական այցով Հայաստանում էի, Երեւանում որոշվել էին համագործակցության հիմնական ուղղությունները», ասաց Լուկաշենկոն։
Հայաստանը հիմնականում Բելառուս է արտահանում կոնյակ եւ կաուչուկ, ներմուծումՙ դեղորայք, պոմպեր։ 2002 թ. առաջին երեք ամիսներին 2001 թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունը հնարավոր է ամեն տարի կրկնապատկել։
Երեկ, Լուկաշենկո-Քոչարյան առանձնազրույցից հետո, տեղի ունեցավ հայ-բելառուսական հանդիպում ընդլայնված կազմով, ապաՙ համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ստորագրվեցին համաձայնագիր Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւՙ Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների առանց այցագրերի (վիզաների) փոխայցելությունների մասին, արձանագրություն Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ ազատ առեւտրի մասին։ Մեկ այլ համաձայնագիր ստորագրվեց Բելառուսի պաշտպանության նախարարությունումՙ Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին։ Թե ինչ է նշանակում այս համաձայնագիրը, դժվարանում ենք ասել, երկու նախագահներին էլ հարց չուղղվեց։ Փոխարենըՙ Լուկաշենկոյին եւ Քոչարյանին հարց ուղղվեց Ռուսաստան-ՆԱՏՕ նոր հարաբերությունների մասին։ «Կապրենքՙ կտեսնենք։ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում դեռեւս ոչինչ չի փոխվել։ Կա ինչ-որ պայմանագիր, բայց ՌԴ-ն ՆԱՏՕ չի մտնում, եւ ՌԴ-ին ՆԱՏՕ-ից չեն կանչում։ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի Պրահայի գագաթաժողովին չի մասնակցելու։ Թվում է, ՌԴ-ն եւ ՆԱՏՕ-ն վերջերս ամուսնացել են, բայց քնելու են առանձին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ՆԱՏՕ-ում չափից շատ հարցեր լուծվում են հակառակ Ռուսաստանի շահերի», ասաց Լուկաշենկոն։ Այլ էր Քոչարյանի պարզաբանումը. «Հայաստանը շահագրգիռ է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի շահերը չբախվեն, դրա հետեւանքով չառաջանան բաժանարար գծեր։ ՆԱՏՕ-ՌԴ համագործակցությանը, սկզբունքորեն, մենք դրական ենք նայում։ Ինչքանո՞վ կաշխատի ՆԱՏՕ-ՌԴ նոր ֆորմատը, ժամանակը ցույց կտա։ Հակասությունները, որոնք կային, սկզբունքորեն մնացել են։ Պարզապես կա մեխանիզմ, որը թույլ է տալիս նստել բանակցությունների սեղանի շուրջ, քննարկել, հարթել հակասությունները»։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մինսկում Հայաստանի դեսպանությանը հատկացված հողատարածք, տեղադրվեց դեսպանության «առաջին քարը», ապա Ռ. Քոչարյանը ծաղկեպսակ դրեց Հաղթանակի հուշարձանին։ Երեկոյան ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում կազմակերպվեց հայկական սննդամթերքների ցուցահանդես։
Այսօր Ռ. Քոչարյանը կայցելի «Բելռեսուրսի» կոնցեռն, Մինսկի տրակտորի գործարան, «Խատին» հուշահամալիր, կհանդիպի Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։