ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 5-ին ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը խնդրել են նախագահ Բուշին Կոնգրեսին ներկայացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության մանրամասն ծրագիրը։ Բուշին հասցեագրված նամակում կոնգրեսականները մտահոգություն են հայտնում Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հռետորական հայտարարությունների առթիվ։ Եվ այս առումով խիստ կարեւոր է համարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռություն պահպանելուն ուղղված ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վերջերս նախագահ Ալիեւըՙ քննադատելով Մինսկի խմբի չեզոք դիրքորոշումը, հայտարարել է, որ եթե այն սկզբունքորեն չփոխվի, ապա Ադրբեջանը կդիմի իր հողերի ազատագրման ռազմական տարբերակին։