«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ- ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարեց, որ ութ կուսակցությունների (ՀՅԴ, ՀՌԱԿ, «Ազգային միաբանություն», ՀԿԿ, «Սոցիալիստական Հայաստան», ԱԻՄ, «Ազատություն», «21-րդ դար») միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ հայտարարությամբ հանդես գալուՙ կուսակցությունների դերի բարձրացման (քանի որ, ըստ ԱԻՄ նախագահի, քաղաքական կյանքում ապակուսակցականացման եւ անհատականացման գործընթաց է վերսկսվում) եւ խորհրդարանում համամասնական-մեծամասնական ընդունված (94/37) հարաբերակցության պահպանման վերաբերյալ։

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հաստատեց, որ ԱԻՄ-ի հետ նման խոսակցություն եղել է. «ՀՌԱԿ-ը շարունակում է մնալ այն կարծիքին (այս կապակցությամբ նույնիսկ ժամանակին հանրապետական վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ), որ ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը (94/37) համապատասխանում է մեր քաղաքական շահերին, քանի որ շատ որոշակիորեն նպատակաուղղված է քաղաքական համակարգի հետագա զարգացմանը եւ կուսակցությունների դերի բարձրացմանը։ Եւ մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն այս առումով չկա»։

Ինչ վերաբերում է ԱԻՄ-իՙ համատեղ հայտարարություն անելու առաջարկին, ապա ՀՌԱԿ ատենապետի խոսքերով, իրենց համար կարեւոր է, թե որ կազմակերպությունները կմիանան այդ հայտարարությանը.

«Քանի որ մեր ավանդույթներից չի բխում ամեն մեկի հետ հայտարարություն անել։ Խոսքը, ի դեպ, ԱԻՄ-ին չի վերաբերում։ Վերջինիս հետ մենք պատրաստ ենք այդ հարցում հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Բանն այն է, որ Պ. Հայրիկյանը երեկ հնչեցրեց կազմակերպությունների անուններ, որոնք ժամանակին, եւ խորապես համոզված եմ, որ հիմա եւս շարունակում են այնպես անել, որ ոչ միայն կուսակցությունների դերը նվազի, այլ ընդհանրապես քաղաքական համակարգը չկայանա։ Անսկզբունքային կլինի որեւէ հարցի վերաբերյալ մեր ստորագրությունը դնել նման կարգի ուժերի հետ։ Չեմ ուզենա մասնավորեցնել, կարծում եմ, թե իրենք իրենց կճանաչեն, թե ժողովուրդը», մեկնաբանեց Ռ. Միրզախանյանը։

ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ երկրում ապակուսակցականացման գործընթացի վտանգ չի տեսնում եւ նման մտավախություն չունի։ Սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ տեղի է ունենում որոշակի քաղաքական պայքարՙ այն ուժերի միջեւ, որոնք իրենց էությամբ ապակուսակցական են ու նրանցով է պայմանավորված ներկա ԱԺ-ի մակարդակն ու որակը, եւ նրանց միջեւ, որոնք ուզում են խորհրդարանը դարձնել քաղաքական ինստիտուտ. «Դա պայքար է, եւ նորություն չէ, այդպես եղել է միշտ, այդպես է այսօր»,

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն ԱԻՄ նախագահի հարցադրումն ու մտահոգությունն ընդունելի է համարում։ «Այն համամասնությունը (94/37), որ ամրագրված է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքում, պետք է պահպանվի, դա կմեղմի այն վտանգավոր գործընթացները, որոնց ականատեսը եւ որոնց դառը պտուղները քաղեցինք 1999 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Եթե խախտվեն այս պայմանավորվածությունները, ապա հերթական խորհրդարանը կլինի ավելի ապաքաղաքականացված, քան գործող ԱԺ-ն է։ Այս առումով մեր տեսակետները համընկնում են», նշեց Ա. Գեղամյանը, նկատելով, որ նշված համամասնության պահպանումն ավելի շատ կնպաստի կուսակցությունների պատասխանատվության բարձրացմանը։

ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը նախ ժխտեց, որ ԱԻՄ-ի հետ նման պայմանավորվածություն կամ համաձայնություն եղել է։ «ԱԻՄ-ի հետ ՀԿԿ-ն որեւէ բանակցություն չի վարել որեւէ հարցում, եւ ոչ էլ կարող է համատեղ հայտարարությամբ հանդես գալ», ասաց նա։

Ֆ. Խառատյանը նշեց, որ ՀԿԿ-ն առաջարկում էր, որպեսզի խորհրդարանն ընդհանրապես ամբողջությամբ համամասնական սկզբունքով ընտրվեր, բայց հաշվի առնելով, որ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության էին եկել 94/37 հարաբերակցության շուրջ, իրենք եւս համաձայնվեցին այս հարցում։ Նրանց, ովքեր ներկայումս շահագրգռված են մեծամասնական տեղերի ավելացմամբ, Ֆ. Խառատյանը լուրջ չի համարում։ Ըստ խմբակցության ղեկավարի, անկուսակցական պատգամավորները ԱԺ-ի ամենաթույլ զանգվածն ենՙ փոփոխությունների ենթարկման տեսակետից։ Ինչ վերաբերում է ապակուսակցականացման գործընթացին, ապա Ֆ. Խառատյանը նման մտահոգություն ունի։

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ԱԻՄ-ի հետ որեւէ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել, եւ այդ ուղղությամբ բանակցություններ նույնպես չեն եղել։

Նշենք, որ ՀՅԴ-ն նույնպես կողմ է ընդունվածՙ 94/37 հարցաբերակցությանը, իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն օրեր առաջ ԱԺ 60 պատգամավորների կողմիցՙ մեծամասնական տեղերն ավելացնելու նախաձեռնությունը համարել էր քաղաքական կոռուպցիայի ամենացայտուն երեւույթ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4