Նախկին «Կանազում» շուրջ 20 մլն դոլար է ներդրվել
Երկու տարի առաջ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա ստեղծվեց «Արմենալ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը։ Այս ընթացքում ռազմավարական ներդնող համարվող ռուսական «Ռուսալ» ընկերությունը հիմնական եւ շրջանառու միջոցների տեսքով շուրջ 20 մլն դոլարի ներդրումներ է կատարել, ինչի շնորհիվ թիթեղագլանման արտադրությունն այժմ ամբողջովին մեքենայացված եւ կոմպյուտերացված է։ Այս մասին երեկ հայտնեց ձեռնարկության տնօրեն Մովսես Ձավարյանը։ Նրա երկար եւ հաճախ ավելորդ մանրամասներով ելույթից տեղեկացանք նաեւ, որ «Արմենալի» արտադրական ծավալներն անընդհատ ավելանում են. մայիսինՙ ապրիլի համեմատ, մոտ 2 անգամ, իսկ հունիսինՙ մայիսի համեմատ, նախատեսվում է 3¬4 անգամ։ Իսկ այս տարվա հունվար-փետրվարին արտադրանքի ծավալները կրկնակի ավելի են երկու տարի առաջվա նույն ժամանակահատվածի ծավալներից։ Ըստ տնօրենի, ծրագրվում է մինչեւ տարեվերջ դրանք հասցնել ամսական 1000 տոննայի։ Էապես փոփոխվել է նաեւ արտադրող թիթեղի (ֆոլգա) որակը։ Հայ մասնագետների մասնակցությամբ մշակվել եւ գործում է սեփական թափոնից նոր արտադրանք ստանալու տեխնոլոգիան։
Առանձին անդրադարձ եղավ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցին։ Դա կատարվում է ինչպես տեղում, այնպես էլ Ռուսաստանում, արեւմուտքի երկրներում։ Որոշակի փորձաշրջանից հետո նոր աշխատակիցներն ընդունվում են որպես հաստիքային աշխատող։ Այս տարվա մայիս-հունիսին մոտ 100 նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի։ «Արմենալը» կադրերի պատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել Երեւանի պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Մովսես Ձավարյանն ընդգծեց, որ գիտական մտքի ներդրումը ձեռնարկությունում խիստ կարեւորվում է եւ շուկայում մրցունակ մնալու գլխավոր պայմաններից մեկն է։ Նա անդրադարձավ նաեւ բնապահպանական խնդիրներին, ասելով, որ, ի տարբերություն այլ մետալուրգիական ձեռնարկությունների, «Արմենալն» այստեղ մեծ խնդիրներ չունի։ Չնայած դրան, այս ոլորտը եւս կարեւորվում է «Ռուսալի» կողմից, որը պատրաստվում է այդ նպատակով ներդնել շուրջ 2 մլն դոլար։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները տեղեկացան, որ «Արմենալի» արտահանման շուկան հիմնականում Եվրոպան է։ Աշխատանք է տարվում Մերձավոր Արեւելքի երկրներ, Իրան արտահանելու համար։ Ճիշտ է, արտահանման ընդհանուր քաղաքականությունը որոշում է «Ռուսալը», բայց «Արմենալը» նույնպես ունի արտահանման բաժին։ Ձեռնարկության տնօրենի հավաստմամբ, որակի միջազգային սերտիֆիկատՙ ISO-9001։ 2000 ստանալուց հետո հնարավորություն է առաջանում ԱՄՆ շուկա մտնելու համար։
«Արմենալի» գործունեության մյուս ուղղությունը ներքին կոոպերացիային նպաստելն է։ Բազմաթիվ անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր, որոնք ներմուծվում էին, աստիճանաբար փոխարինվում են տեղում արտադրվողներով։ Այս առումով «Արմենալը» համագործակցում է «Նաիրիտի», «Քար եւ սիլիկատներ» ԳՀԻ-ի, «Պլաստպոլիմերի», «Գրանդ սանի» եւ ուրիշ ձեռնարկությունների հետ։
Որքա՞ն մարդ է աշխատում «Արմենալում» հարցին Մովսես Ձավարյանը պատասխանեց, որ աշխատակիցների ցանկը տարբերակված էՙ ձեռնարկության հիմնական աշխատողներ, պայմանագրային աշխատողներ, գործնական պարապմունքներ անցկացնող բուհի շրջանավարտներ, փորձաշրջան անցնողներ։ Նշվեց, որ առանց վերջին երկու խմբի աշխատակիցների թիվը 850 է։ Այդ թիվը 1000-ից կանցնի։ «Ընկերությունը կատարո՞ւմ է իր ստանձնած պարտավորություններն աշխատավարձի չափի մասին» մեր հարցին տնօրենը դրական պատասխանեց, ավելացնելով, որ մշակվող նոր բիզնես-ծրագրում նախատեսվում է վարձատրության էլ ավելի բարձրացում։ Իսկ այժմ միջին աշխատավարձը 120 դոլար է, սակայն կան ինչպես 60 դոլար, այնպես էլ մինչեւ 400 դոլար ստացողներ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ