«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Մամուլի եւ տեղեկատվության ազատության, հետաքննական լրագրության, ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի եւ այդ բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերն են քննարկվում Երեւանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճումՙ հունիսի 5¬7-ն անցկացվող «Ժուռնալիստիկան Հայաստանում. Արդի հիմնախնդիրներ եւ խոչընդոտներ» ընդհանուր խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ընթացքում, որը կազմակերպել են Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս համայնքային քոլեջի տնտեսական եւ համայնքային զարգացման բաժինը։

Գիտաժողովը, որն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթության եւ մշակութային գործերի բյուրոյիՙ նորանկախ պետությունների համալսարանական ծրագրի շրջանակում իրականացվող կրթական միջոցառումներից է, նպատակ է հետապնդում ԱՄՆ-ի եւ Հայաստանի Հանրապետության ժուռնալիստիկայի դասախոսներին եւ լրագրողներին հնարավորություն ընձեռել միմյանց ծանոթացնելու երկու երկրների արդի լրագրության պրակտիկային, կարծիքներ փոխանակել եւ ուղիներ որոնել ազատ խոսքի հրատարակումներում պահպանելու որոշակի մակարդակ։

Չորեքշաբթի օրը պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի, Միդլսեքս համայնքային քոլեջի պրոռեկտոր Ֆրենկ Ֆոլսեթայի եւ ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ջոն Բալյանի բացման խոսքերից հետո ելույթներ ունեցան 50-ամյա փորձ ունեցող հրապարակախոս Մարգո Ղուկասյանը («Հնի եւ նորի սահմանագծում»), Միդլսեքս համայնքային քոլեջի դասախոս Ռոբերտ Մատորին («Ի՞նչ է մամուլի ազատությունը») եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը («Նոր մամուլի կայացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում»)։

Հինգշաբթի օրվա ծրագրում ընդգրկված էին «Բոստոն գլոբ» թերթի լրագրող-խմբագիր, Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր, ավելի քան 30-ամյա լրագրողական փորձ ունեցող Սթիվեն Քյուրքչյանի, հետաքննող լրագրողների ընկերակցությունից Սառա Պետրոսյանի, ԱՄՆ-ի WBZ-AM ռադիոկայանի լրագրող Պոլ Սալիվենի, Բոստոնի ռադիոյում 25 տարվա փորձ ունեցող Հիլարի Սթիվենսի, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանի, Հայաստանում «Այրեքս Պրոմեդիա» ծրագրերի ղեկավար Պիտեր Այքսթադտի, Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, ամերիկյան «Լոուել սան» օրաթերթի խմբագիր, Թոմ Զուպայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Լիանա Սայադյանի եւ Երեւանի Մամուլի ազգային ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի զեկուցումները։

Այսօր ելույթ կունենան Լոուելի հեռահաղորդակցության կորպորացիայի նախագահ Ջորջ Պրեստոնը, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արամ Մկրտչյանը, Միդլսեքս համայնքային քոլեջի դասախոս, հրատարակիչ Բարբարա Ռիզա Մելինը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այն զեկուցումները, որոնց կարողացել ենք ներկա գտնվել, հետաքրքրական էին եւ խիստ ուսանելի, մանավանդ դրանց հետեւող քննարկումները։ Ափսոս, սակայն, որ բավականաչափ ուսանողների ներկայությունը չէր ապահովված, մի բան, որ պետք է մտահոգեր կազմակերպիչներին, քանի որ մեր կարծիքով, հիմնականում ուսանողներին էր անհրաժեշտ ծանոթանալ արտահայտված մտքերին եւ քննարկումներին։

Պետք է սակայն գոհունակությամբ նշել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2001¬2002 թթ. մագիստրատուրայի ուսանողների «Հետաքննություն» հատուկ հաշվետվության հրատարակությունը, որն իրականացվել է ԱՄՆ-ի Զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ։ Բարձրորակ հրատարակության մեջ տեղ են գտել Գայանե Բոստանջյանի, Հերմինե Մանուկյանի, Քրիստինե Իրիցյանի, Անուշ Սողոմոնյանի, Մերի Մարտիրոսյանի եւ Գոռ Աբրահամյանի հետաքննական հոդվածները։ Առաջին էջում երկու խոսքով ընթերցողներին են դիմել «Պրոմեդիա» կազմակերպության տնօրեն Պիտեր Այքստադտը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4