«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«Արդեն հիմնավոր ենք մեր հայրենի հողում։ Կարեւորը տունն է, որ ունեցանք, այսուհետեւ չենք մտածի Հայաստանը լքելու մասին»։

Բյուրեղավանում եւ Քանաքեռավանում բնակարանամուտի երկար են սպասել։ 13 տարի վագոն-տնակում ապրողի համար սեփական տուն ունենալը երազանք էր, որն իրականացավ շնորհիվ Փախստականների նորվեգական խորհրդի. 9 ընտանիք Քանաքեռավանում եւ 20-ը Բյուրեղավանում օրերս տան տեր դարձան։

Երկար սպասված բնակարանամուտն իսկույն տոնի էր վերածվել, որին մասնակցեց նաեւ Փախստականների նորվեգական խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Թիմ Սթրեյթը։ Նա փախստականներին հանձնեց նորակառույց տների բանալիները։

Բնակարանամուտ տոնողները շնորհակալության խոսքեր էին հայտնումՙ նշելով, թե 13 տարի այս օրվան են սպասել։ Ոմանք էլ չհասան բաղձալի օրվան. քանաքեռավանցի տկն Աննայի ամուսինըՙ Յաշա Աղասարյանը, երկու ամիս առաջ մահացավՙ այդպես էլ չտեսնելով վագոնից քարե տուն տեղափոխվելու երջանիկ օրը։

Իհարկե, շատ խնդիրների առջեւ են կանգնած այս մարդիկ, բայց ամենակարեւորըՙ բնակարանային խնդիրը, անցյալ է։

Սա Փախստականների նորվեգական խորհրդի իրականացրած առաջին ծրագիրը չէ Կոտայքի մարզում։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն խորհրդի երեւանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով 95 առանձնատուն կառուցվել է Արզնիում։ Փախստականների նորվեգական խորհուրդը եւս 75 ընտանիքի Նոր Արտամետում է բնակարանով ապահովել։

Թիմ Սթրեյթից տեղեկացանք, որ արդեն հաստատվել է նոր ծրագիրՙ Բյուրեղավանում նախատեսվում է 25 տուն կառուցել։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4