«Արշակ Տիգրանյան» վարժարանի սաները Երեւանում
Սփյուռք-հայրենիք կապերը կամրջելու իմաստով կարեւոր է նոր սերնդին հայրենիքին ավելի մերձեցնելը։
Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության «Արշակ Տիգրանյան» վարժարանի սաներն արդեն 4 տարի է Հայաստան են այցելում։ Ամեն տարի Երեւան գալովՙ երիտասարդներն ավելի են կապվում հայրենիքին եւ նոր լիցքեր ստացած վերադառնում։ Հողակտորը, ուր պետականություն են փորձում կերտել այստեղ ապրողները, այն խարիսխն է, որ անհրաժեշտություն է, թերեւս, աշխարհի տարբեր ծագերում հայտնված հայերի համար։
«Արշակ Տիգրանյան» վարժարանի այս տարվա 16 շրջանավարտներ վերջերս Երեւանում էին։ Նրանց հետ էր վարժարանի հայոց լեզվի, գրականության եւ պատմության ուսուցչուհի Լորա Գույումջյանը։ Խելացի, սթափ մտածողությամբ հայուհինՙ կյանքը նվիրած հայ դպրոցին, իր սաների մեջ աշխատում է ամեն կերպ արթուն պահել հայ ոգին։ Ու բնական է, որ ամեն անգամ տագնապ է ապրում նրանց հայրենիք բերելովՙ չլինի թե հուսախաբություն ապրեն։ Բայց, ինչպես մեկ անգամ արտահայտվեց Երվանդ Ազատյանը. «Հայաստանը կախարդական ինչ-որ բան ունի իր մեջ։ Եկողը սիրահարվում է այս հողին»։
«Հայաստան այցելելովՙ հայրենասիրությունը խոսքից ապրումի կվերածվի։ Հայ մնալու համար շատ տագնապներու մեջեն կանցնինք,¬ ասում է Լորան։ ¬ Առօրյա մտահոգություն է, արմատներու հետ կապը զորացնելու համար մեծ ճիգեր կգործադրենք։ Կորուստները մեզի համար մեծ նշանակություն ունին, մարդիկ կան, որ ժամանակի ընթացքին կհաշտվին այդ կորուստներուն հետ եւ հոն է, որ արդեն նահանջը կսկսի։ Մենք այդ նահանջին առաջքը կառնենք»։ «Հայ մնալը հայրենիքին մեջ եւ հայրենիքից դուրս շատ մեծ զոհողություն կպահանջի»ՙ Գարեգին Բ կաթողիկոսի խոսքերը վկայաբերելովՙ Լորան գտնում է, որ կարեւորն ազգային արժանապատվությունը պահելն է։ Լոս Անջելեսի հայ համայնքն այսօր բաղկացած է Պարսկաստանից, Բեյրութից, Հայաստանից արտագաղթած հայերով եւ յուրատեսակ խոսվածք է առաջացել, լեզվական խառնուրդՙ լոսանջելեսյան բարբառ։ «Արշակ Տիգրանյան» վարժարանի ուսուցչուհին իրապաշտ է եւ տարօրինակ է համարում գրական երկու լեզուների կամ ուղղագրությունների հարցի այսչափ չարչրկումը։ Տերյանն արեւելահայերեն կանցնինք, Վարուժանըՙ արեւմտահայերեն, երկուքն ալ մեր բարբառն են, մեր լեզվին հարստությունը։ Սա պետք է ընդունիլ որպես իրողություն։ Ուղղագրության հարց է։ Բայց ուղղագրությունը մեր մեջ պետք չէ պառակտում բերե։ Եթե կգիտակցինք ասիկա, ուրեմն լայնախոհ ըլլանք, հասկնանք իրար եւ ոչ թե քննադատենք։ Մեր կյանքի իրողությունն է։ Երկուքս ալ նույն Հայաստանին, նույն եկեղեցիին կպատկանինք, նույն լեզուն կխոսինք, ի՞նչ տարբերություն կստեղծեն մեր մեջ, սուր բախումներ կըլլան օտարացնելու զիրար»։
Իսկ Լորայի սաները բնավ չէին մտածում օտարանալ-օտարացվելու մասին, որքան էլ երկու ուղղագրության խնդիրը կա։ Նրանք գրեթե բոլորն էլ առաջին անգամ էին Հայաստանում, հիացած էին, ոգեւորված եւ անկեղծ էին, որովհետեւ հակառակը լինելու պատճառ չունեին։ Գոհար Քեշիշյան, Մարիամ Դանիելյան, Դայանա Արծրունյան, Արմեն Պողոսյան, Միսաք Թեքեյան, Էլիզ Մեշչյան։ Դայանան Հայաստանն ավելի վատ էր պատկերացնում, որովհետեւ Լոս Անջելես գնացողներն այդպես էին ներկայացրել, իսկ Հայաստանը մի քանի օրում հարազատացավ, «քանի որ ամեն տեղ հայերեն կխոսին»։ 5 տարի առաջ այստեղից գնացած Մարիամը լավ չի հիշում քաղաքը, բայց Երեւանի արդիական տեսքը, աշխուժությունը, սրճարաններ-դիսկոտեկները շատ է հավանել։ Մինչ Երեւան գալը եղել են Փարիզում եւ «Անի» հյուրանոցն անհամեմատելի լավն է համարում Փարիզիՙ իրենց իջեւանած հյուրանոցիցՙ մաքրությամբ, հարմարություններով, սպասարկմամբ։
Շատ տպավորված էին Հայաստանի բնությամբ, պատմամշակութային վայրերով։ «Կքալեմ եւ կզգամ, որ Հայաստանի մեջն եմ, մշակույթը կզգամ, ժողովուրդը։ Ամենը լավ է, բնությունը, մարդիկ բարի են։ Միայն տխուր է, որ մուրացկանություն շատ կա, խեղճ են գյուղերը, իսկ Երեւանը շատ սիրուն է, կանաչ-կանաչ երկիր է Հայաստանը», կանաչ, խոշոր աչքերով, սեւ խոպոպներով աղջիկը զարմացած հիացմունքով էր իր տպավորությունները պատմում։
«Կհիշենք Հայաստանը եւ ամեն տարի կուգանք» ... Մինչ «Անի» հյուրանոցի սրահում դաշնամուրով Կոմիտաս էր հնչում...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ